Ինչո՞ւ էր երեխաների հետ դուրս եկել․․․

Ինչո՞ւ էր երեխաների հետ դուրս եկել․․․

Ամանորի առթիվ Նիկոլ Փաշինյանի ուղերձը նման էր իր իշխանության գալու ու իշխանությունը պահելու պարզ գործելակերպով։ Եթե հիշում եք, նա երեխաների թիկունքում թաքնված՝ իրականացրեց հեղափոխությունը։ Դպրոցական երեխաների, հղի, մանկասայլակներով կանանց միջոցով փողոցներ էր փակում, ու ծնգծնգացնում։

Ամանորին, երբ շատերը մտածում էին, թե նա ինչպես, «ինչ երեսով դուրս կգա», կրկին դիմեց նույն մեթոդին։ Նրան կարող էին միայն երեխաները փրկել։ Հայ ազգը ինչ էլ լինի, «փափկում է» երեխաներ տեսնելուց և ինչքան էլ ափերից դուրս եկած լինի, երեխաների տեսնելով լռում է։ Ու վերջապես Փաշինյանը երեխաներին, հերոսների կեղծ պապիկներին, հանրության խոցելի խմբերին օգտագործելու քաղցրությունը զգացել է ու օգտագործում է այն գործիքները, ինչը նրան բերել է իշխանության։ Երբ երեխաները դուրս եկան, իսկ հետևից Փաշինյանը, հիշեցի, թե նախկինում ադրբեջանական զինյալներն ինչպես էին  խաղաղ բնակիչների տների հետևում կրակակետեր դնում ու այնտեղից կրակ բացում հայկական կողմի դիրքերի վրա։ Երբ հայկական կրակը պատասխան կրակ էր բացում այդ բնակավայրերի վրա, ադրբեջանցիներն աշխարհով մեկ աղմկում էին՝ հայկական կողմը կրակ է բացել մեր խաղաղ բնակչության վրա։ Հայաստանին ագրեսոր էին հանում, որ խաղաղ բնակչության տների վրա կրակ էր բացում։

Հիմա այս երեխաներն են։ Թաքնվել է նրանց թիկունքում ու ուղերձ է հղում։ Փորձիր խոսել։ Պատրաստ սպասող իր քարոզչամեքենաները մաղձ կթափեն գլխիդ։ Ուրիշ բան չլինի, ատելության խոսքի համար «քեզ քաշքշել կտան»։