«Երկիր մեդիան» ե՞րբ եթերում կլինի

«Երկիր մեդիան» ե՞րբ եթերում կլինի

Մոտ օրերս վերջապես «Երկիր մեդիա» հեռուստաընկերությունը կվերադառնա համապետական հեռարձակման տիրույթ։ Բանն այն է, որ արգելանքը, որը կիրառել էր դատարանը՝ բավարարելով Հ2 հեռուստաընկերության դատական հայցի շրջանակներում ներկայացված հայցի ապահովման միջոց կիրառելու միջնորդությունը, այլեւս չի գործում։ Հ2-ը, հիշեցնենք, պահանջել է մրցույթի ներկայացված 5 սլոթներից մեկի վրա արգելանք կիրառել՝ հանելով շրջանառությունից, մինչեւ դատարանը վերջնական վճիռ կկայացնի։

Ի դեպ, Հ2-ը կրկին հաղթել է Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովին՝ առաջին ատյանի դատարանը որոշել է, որ անցած տարի հայտարարված մրցույթում նույնպես Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովն արդար որոշում չի կայացրել եւ չեղարկել է մրցույթը։ ՀՌՀ-ն դիմել է վերաքննիչ դատարան։ Որպեսզի դատական այս խառը, մի քանի ֆրոնտով ընթացող վեճի մեջ շատ չխորանանք, պարզապես նշենք, որ «Երկիր մեդիան» կվերադառնա եթեր՝ մինչեւ Հ2-ՀՌՀ դատական վեճը վերջնականապես ավարտվի, եւ ուժի մեջ մտած վճիռ լինի։ Իսկ դա կարող է մոտ մեկ տարի տեւել, որից հետո հեռուստատեսության ազատ սլոթի համար նոր մրցույթ կհայտարարվի, եւ եթերից զրկված հեռուստաընկերությունները կմասնակցեն դրան։ 

ՀՌՀ խոսնակ Հասմիկ Պետրոսյանը «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ այդ մասին շատ բան ասել չի կարող, միայն գիտի որ հեռուստաընկերությունը եթեր է վերադառնում` հանրապետական սփռմամբ: Թե երբ «Երկիր մեդիան» եթերում կլինի, մեր զրուցակիցը չգիտեր: 

«Երկիր մեդիա» հեռուստաընկերության տնօրեն Բագրատ Եսայանն էլ մեզ ասաց, որ կան որոշակի ֆինանսական ու տեխնիկական խնդիրներ, որոնք լուծելուն պես անմիջապես եթերում կլինեն. «Հավանաբար հունիս ամսվա ընթացքում», - նշեց նա: