Ամենանիկոլական մարզից՝ Երեւանի կենտրոն․ ի՞նչ է արել Համբարձումյանը Արմավիրի համար

Ամենանիկոլական մարզից՝ Երեւանի կենտրոն․ ի՞նչ է արել Համբարձումյանը Արմավիրի համար

Մի շաբաթ առաջ 29 տարեկանը բոլորած Արմավիրի նախկին մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը երեկ նշանակվեց փոխվարչապետ՝ Սուրեն Պապիկյանի փոխարեն։ Վերջինս, հիշեցնենք, օրեր առաջ նշանակվել էր պաշտպանության նախարար։ Մինչ փոխվարչապետ նշանակվելը Մաթեւոսյանը Արմավիրի մարզպետ էր։ Ըստ տեղեկությունների՝ կառավարությունում նա համարվում է Սուրեն Պապիկյանի կադրը։

Նշենք, որ Արմավիրը համարվում է «ամենանիկոլական» մարզը, հենց այստեղից է ընտրությունների ժամանակ Փաշինյանը մեծ թվով ձայներ ստացել։ 

Ինչ կենսագրություն ունի նորանշանակ փոխվարչապետը

Նրա կեսնագրությունն, ինչպես եւ սպասելի է, շատ աղքատիկ է։ Համբարձում Մաթեւոսյանը ծնունդով Գյումրիից է, ծնվել է 1992 թվականին։ «Վիքիպեդիայում» նրա կրթության վերաբերյալ գրված է, որ 2009 թվականին ավարտել է Գյումրու թիվ 5 հիմնական դպրոցը։ 2009-2012 թվականներին սովորել է ԱՄՆ-ի քոլեջներից մեկում, հետո ԱՄՆ-ի մեկ այլ համալսարանում։ Աշխատանքային գործունեությունն սկսել է 2011 թվականից, աշխատել է քոլեջում, եղել է շուկայի պատասխանատու, 2013-2015 թվականներին աշխատել է Ուկրաինայի Դոնեցկ քաղաքում՝ որպես Հայաստանի պատվավոր հյուպատոսի խորհրդական։ Հայաստանի ամերիկյան համալսարանում էլ աշխատել է որպես ընդհանուր կրթության գծով խորհրդական։ Հայաստանում տեղի ունեցած 2018 թվականի իրադարձություններից հետո նշանակվել է Արմավիրի մարզպետ։

Արմավիրցիները՝ Մաթեւոսյանի գործունեության մասին

Էջմիածնի քաղաքապետի թեկնածուներից Ջիվան Աբրահամյանի գնահատականը Մաթեւոսյանի վերաբերյալ կարճ է, նա նշեց. «Եթե իրենք այդքան լավ աշխատեին, կարծում եմ՝ ես իմ թեկնածությունը չէի առաջադրի։Մարզպետը, եթե չի կարողանում կառավարել երեք քաղաքներից ու մի քանի գյուղերից բաղկացած համայնք, ինքը, եթե կարողանար կառավարել, խնդիրներ չէր առաջանա»։

«Լուսավոր Հայաստանից» նախկին պատգամավոր Էդվարդ Անդրեասյանը շռայլորեն գովերգում է Մաթեւոսյանին, ասում, թե չի կարելի ասել, որ մարզը ամենանիկոլականն է. «Նույն ձեւով ամեն քաղաքական ուժ ասում է, որ իր ուժի մարզն է համարվում։ Որպես անձ ես մարզպետին, որ ճանաչում եմ, շատ ապաքաղաքական անձնավորություն է եղել եւ ամեն ինչին շատ ռեալ է նայել, եւ ամեն ինչ շատ ավելի լավ է ուսումնասիրել տեղում, քան թե ուրիշ այլ մարզերում է։ Կարծում եմ՝ սա քաղաքական որոշման արդյունք է, անկեղծ ասեմ՝ ուրախ եմ շատ, հազվադեպ է լինում, որ ճիշտ որոշումներ է կայացվում, իր դեպքում համաձայն եմ. Համբարձում Մաթեւոսյանը կոմպետենտ անձնավորություն է»։

Անդրադառնալով տարիքին, կենսափորձ չունենալուն՝ այդ պատասխանատու պաշտոնում նշանակվելու համար, նախկին պատգամավորն ասաց. «Եթե տարիքին նայենք, ապա իրենից ավել ջահել, իր տարիքի, իրենից ավելի մի քիչ ավել տարիքով մարդիկ այսօր իշխանության տարբեր թեւերում կանգնած են»։

Հարցին, թե Արմավիրի համար ի՞նչ կարեւորագույն հարցեր է լուծել, օրինակ՝ մարզը մինչ այսօր խմելու ջրի խնդիր ունի, ասաց. «Ջրի խնդիրը մի քիչ ուրիշ խնդիր է։ Տեղում մարզպետն իրականում չէր կարող ոչինչ անել, որովհետեւ դա ավելի շատ կառավարության հետ կապված գործողություն է, որը պարբերաբար իմ կողմից հնչեցվել է, բարձրացվել է։ Համենայնդեպս, ինչքանով ես տեղյակ եմ, գյուղատնտեսական հարցերով, բոլոր հարցերով դիմել են, ինքը ռեալ է մոտեցել այդ խնդիրներին։ Ինչ-որ մի տեղ շատ ավելի բարեփոխում է եղել, քան Արմավիրի մարզում, չեմ կարծում։ Բոլոր տեղերում հավասարաչափ ինչքան եղել է, եղել է, ինչքան չի եղել, չի եղել։ Համենայնդեպս, ամեն ինչն էլ պուլսի վրա է պահել, որպես անձնավորություն մատերի վրա կարելի է հաշվել իր պես կոմպետենտ մարդիկ»։