Գենետիկ քծնանք

Գենետիկ քծնանք

Մեր ժողովուրդը, պետք է խոստովանենք, բյուր դրական ու հարգանքի արժանի որակների կողքին մի այդքան էլ թերություն ու թերացում ունի։ Մենք շատ կարեկցող ենք ու հասնող, օտարների հանդեպ ջերմ ու հարգալից։ Մեր զավակներին աստվածացնել գիտենք ու անմնացորդ նվիրվել, իսկ մեծահասակներին՝ խնամել ու հոգ տանել։ Բայց չենք սիրում ինքնակրթվել, մեծամիտ ենք ու պոռոտախոս, չափից դուրս դյուրահավատ ենք ու զգացմունքային։ Մանավանդ վերջին երկու որակները միշտ խանգարել են ու խանգարելու են մեզ։ Խանգարելու են թացը չորից, առողջին՝ հիվանդից, կեղծը՝ իրականից, լավը վատից զատելու հարցում։ Մեզ միշտ կարողանալու են մանիպուլացնել ու խաբել, տանել խոտոր ճանապարհով եւ հեշտությամբ համոզել։

Մենք անհասկանալի վախեր ունենք եւ հոգեբանական բարդույթներ, որոնցից չենք կարողանում ազատվել։ Դա է պատճառը, որ թշնամիներ ենք փնտրում այնտեղ, որտեղ չկան, եւ բարեկամներ ենք տեսնում այնտեղ, որտեղ հակառակորդներ են։ Ինձ, օրինակ, հանգիստ չի տալիս այն ֆենոմենը, որ 20 եւ ավելի տարի մեր ժողովուրդն անմռունչ ենթարկվում էր իշխանությունների կամքին՝ գոնե մեծ ընդվզումների չէր գնում։

Ընտրում էր փողով, ծափ տալիս՝ հրահանգով, ծառայում ու քծնում։ Իսկ 2017 թվականին 700 հազարից ավելի մարդ քվեարկում էր Հանրապետականի օգտին՝ ատելով ու զզվելով իշխող քաղաքական ուժից։ Ինչպե՞ս կարող էր 5-10 հազար դրամն ավելի արժեքավոր լինել, քան սեփական արժանապատվությունը։ Եվ ինչպե՞ս կարող էր 1 տարի անց այդ զանգվածը ձերբազատվել այդ ստրկական հարգանքից՝ ուղղված իշխանություններին։ Իսկ գուցե իշխանությունների հանդեպ այդ կախվածությունը մեր գենետիկ որակն է, եւ դրանից ազատվել առհասարակ հնարավոր չէ, ու դրա մասին է վկայում նաեւ այսօրվա իշխանությունների հանդեպ վերաբերմունքը։