«Անհապա՛ղ ազատել հայ գերիներին». Լոնդոնում միասնական աղոթք է հնչել

«Անհապա՛ղ ազատել հայ գերիներին». Լոնդոնում միասնական աղոթք է հնչել

Նոյեմբերի 9-ին Բաքվում կայանալիք COP29-ին առաջ Լոնդոնի Սուրբ Եղիշե հայկական եկեղեցում տեղի ունեցավ էկումենիկ աղոթք՝ հայ ռազմագերիներին ազատելու պահանջով։ Եկեղեցական արարողությանը մասնակցում էին հգեւոր առաջորդներ, դիվանագետների, ակտիվիստների եւ հայ համայնքի ներկայացուցիչներ։ 

Էկումենիկ աղոթքի նախագահողն էր Միացյալ Թագավորության եւ Իռլանդիայի Հայոց Թեմի Առաջնորդ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը։ Սրբազանն իր խոսքում հիշեցրեց Ադրբեջանի բանտերում դեռևս պահվող հայ բանտարկյալների մասին։ Ինչպես արդեն հայտնի է աշխարհասփյուռ Հայ եկեղեցին Բաքվում պահվող հայ ռազմագերիների համար միասնական աղոթք է հնչեցրել՝ մեր եղբայրներին անհապաղ ազատ արձակելու պահանջով։  

Հովակիմ Սրբազանը արարողության ժամանակ հիշեցրեց, որ մեր հայրենակիցները բանտարկված են միայն այն պատճառով, որ հայ են: «Աղոթքով մենք կանգնում ենք նրանց և նրանց ընտանիքների կողքին՝ պահանջելով գերիների անհապաղ ազատում մինչև COP29-ի մեկնարկը»,-շեշտեց Սրբազանը։

Սրբազան արարողության ժամանակ պատգամներ ուղղեցին Կարդինալ Վինսենտ Նիկոլսի եւ Քնթրբերիի արքեպիսկոպոս Ջասթն Ուելբիի անունից, ինչպես նաեւ պատանդների ընտանիքների եւ հոգեւոր այլ առաջնորդների կողմից։ Զորակցելով մեր ժողովրդին՝ հոգեւոր հայրերը կոչ էին անում Ադրբեջանական իշխանություններին՝ ազատ արձակել հայ պատանդներին։ 

Արարողության ավարտին մասնակիցները նամակներ ուղարկեցին հայ պատանդներին՝ ծրարում դնելով համաշխարհային ջրհեղեղի ավարտը խորհրդանաշող ձիթենու ճյուղեր։ 

Եկեղեցում ռազմագերինեի անվանումներով դատարկ նստատեղերն ու նրանց համար վառվող մոմերը մեծ ազդեցություն թողեցին ներկաների վրա։