Մենք չպետք է դիմենք, որ արցախցիներին կացարանով ապահովեն

Մենք չպետք է դիմենք, որ արցախցիներին կացարանով ապահովեն

ՆԳՆ միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությունը զբաղվում է Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետեւանքով Արցախից տեղահանված անձանց տվյալների հավաքագրմամբ եւ մշակմամբ, համապատասխան այլ գերատեսչություններին, ըստ աշխատանքային անհրաժեշտության, դրանց տրամադրմամբ՝ «Հրապարակի» հետ զրույցում ասաց Միգրացիայի եւ քաղաքացիական ծառայության խոսնակ Նելլի Դավթյանը: Միգրացիայի ծառայությունից թեպետ նշում են, որ արցախցիներին կացարաններով ապահովելու հարցն իրենց տիրույթում չէ, սակայն վստահ են, որ պետությունը հոգում է տեղահանվածների կեցության հարցը: Իսկ կառավարությունը հայտարարել է, որ դրանով զբաղվում են մարզպետարանները: Չնայած պետական կառույցների հավաստիացումներին, թե բոլոր հարցերը լուծվում են, սոցցանցերում անընդհատ գրառումներ ենք հանդիպում` օգնության խնդրանքներով: Մարդիկ չունեն քնելու տեղ, հագուստ, սնունդ, անկողին, այն ամենը, ինչ հարկավոր է ապրելու համար։ «Մենք շարունակաբար հաշվառման գործընթաց ենք իրականացնում»,- նշում է Միգրացիայի ծառայության խոսնակը, սակայն թե կոնկրետ քանի արցախցու են հաշվառել, ասում է, որ չգիտի: 

Հաշվառելուց հետո ի՞նչ ընթացք է ստանում պրոցեսը, ո՞ր կառույցներն են դրանով զբաղվում։ «Մենք տվյալների պատասխանատուն ենք: Հաջորդիվ անհրաժեշտ տվյալները փոխանցվում են տարբեր գերատեսչությունների` հղիների թիվը հասանելի է դառնում առողջապահության նախարարությանը, կացարանի կարիք ունեցողներինը` աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը, դպրոցահասակներինը` ԿԳՄՍ նախարարությանը, այդպես շարունակ: Մենք չպետք է դիմենք, որ արցախցիներին կացարանով ապահովեն, այդ խնդիրը Կոռնիձորում լուծվում է»,- վստահեցնում է մեր զրուցակիցը եւ շեշտում․ «Կամավորական ուժերի կարիք եւս չկա, քանի որ պետությունը կացարանով ապահովում է արցախցիներին: Պաշտոնական լրահոսն այդ մասին է»: 

Նշենք, որ երեկվա դրությամբ արդեն 60 հազարից ավելի մարդ հատել է սահմանը: Բայց Արցախից տեղահանված եւ Հայաստան ժամանած անձինք չունեն «փախստականի» իրավական կարգավիճակ։ «Փախստականների կարգավիճակի վերաբերյալ» Ժնեւի կոնվենցիայի 1-ին հոդվածի (Ե) կետով սահմանվում է, որ «Սույն Կոնվենցիայի դրույթները չեն կիրառվում այն անձի նկատմամբ, որն այն երկրի իրավասու մարմինների կողմից, որտեղ նա ունեցել է բնակության վայր, ճանաչվել է այդ երկրի քաղաքացիությունն ունենալու հետ կապված իրավունքներ ու պարտականություններ ունեցող»։ Նշված դրույթը պարզաբանող՝ ՄԱԿ-ի Փախստականների գծով գերագույն հանձնակատարի «Փախստականի կարգավիճակը սահմանող ընթացակարգերի եւ չափանիշների ձեռնարկ»-ի 144-145-րդ պարբերությունների համաձայն՝ «144. Այս դրույթը վերաբերում է այն անձանց, ովքեր կարող էին ընկնել փախստականի կարգավիճակ ստանալու սահմանման տակ եւ ովքեր ընդունվել են տվյալ երկրի կողմից, որտեղ իրենց տրվել է այդ երկրի քաղաքացիներին վերապահված իրավունքների մեծ մասը, սակայն չի շնորհվել քաղաքացիություն: Երկիրը, որն ընդունել է նրանց, հաճախ այնպիսին է, որտեղ բնակչությունն ունի նույն ազգային (էթնիկ) ծագումը, ինչ փախստականները՝ իրենք»: Նշված կարգավորումները չեն վերաբերում տեղահանված անձանց սոցիալական խոցելի կարգավիճակին, քանի որ նրանք դիտարկվում են որպես «փախստական կարգավիճակի նման իրավիճակում հայտնվածներ» (people in refugee like situations)։