Ջանջուղազյանին փորձել են գայթակղել կոռուպցիայով, բայց չի գայթակղվել

Ջանջուղազյանին փորձել են գայթակղել կոռուպցիայով, բայց չի գայթակղվել

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին հարցրինք՝ ֆիննախում կոռուպցիոն ռիսկ կա՞, որ պարգևավճարներով փորձեն այդ ռիսկը նվազեցնել, թե՞ ոչ։ Հիշեցնենք, որ ՊԵԿ նախագահն ասում էր՝ իրենց մոտ կոռուպցիոն ռիսկ կա, դրա համար պիտի ՊԵԿ աշխատակիցները բարձր վարձատրվեն, պարգևատրվեն, որ կոռուպցիոն գործարքների չգնան։

«Ես կարծում եմ, որ կոռուպցիայի դեմ պայքարի ամենաարդյունավետ մեխանիզմը փողը չի, դրա չափը։ Կարծում եմ, որ ավելի արդյունավետ է քննարկել ընթացակարգերը, կանոնները և զսպել գայթակղությունը որևէ մեկի ընթացակարգերով։ Այսինքն, եթե մարդն իմանա, որ ինքը կկարողանա ինչ-որ մի գործարքի մեջ մտնել, որը բացահայտվող չի, չեմ պատկերացնում՝ ինչ գումարի չափ պետք է իրեն վարձատրություն տրվի, որ ինքը չգայթակղվի»,-Hraparak.am-ի հարցին ի պատասխան՝ ասաց պարոն Ջանջուղազյանը։

Իսկ ինքը երբևէ նման գայթակղությունների բախվե՞լ է, Ջանջուղազյանն անակնկալի եկավ՝ ճշտելով․ «Անձամբ ի՞նձ եք հարցնում։ Իմ անձի՞ն նկատի ունեք․․․ այո, բազմիցս եղել է»։ Եւ հրաժարվե՞լ է։ «Այո, բայց ես Ձեզ ասեմ՝ դա էդքան երկար չի տևում։ Եթե առաջիկա մի քանի ամիսը հրաժարվում ես, դրանից հետո էլ չեն էլ առաջարկում, էնպես որ, մի անհանգստացեք»,-ասաց նա։

Դա նախկի՞ն իշխանության օրոք է եղել, թե՞ նաև այս։ Ջանջուղազյանն ասաց՝ նախկին, ներկա։

«Դուք հիմա ինչպե՞ս եք պատկերացնում հիմա մեկուկես տրիլիոն բյուջեի համար պատասխանատվություն ունեցողը, եթե գայթակղվելիս լիներ, դուք էդ մասին չէի՞ք իմանա»։

Հետո պարզվեց՝ Ջանջուղազյանը սխալ էր հասկացել մեր հարցը, որ անձամբ իրեն նկատի ունենք, ոչ թե ընդհանրական ու նեղսրտեց, թե ինչու ենք մեր ընդհանրական բնույթի հարցը դարձնում կոնկրետ իր անձին վերաբերող հարց։ Դրա համար էլ նշեց, որ ինքը նոր իր անձի անունից չէր խոսում։ Իսկ երբ պնդեցինք, որ հիմա էլ իր անձի անունցի պատասխանի՝ եղե՞լ է իրեն կոռուպցիոն գործարքով գայթակղելու որևէ փորձ նախկին կամ ներկա իշխանությունների օրոք, Ջանջուղազյանն ասաց․ «Ակնարկ է եղել, ոչ թե կոնկրետ առաջարկ։ Բայց հիմա չի եղել։ Ես ասացի, չէ՞, որ դժվարը առաջիկա մի քանի ամիսն է, եթե կարողանում ես մերժել էն ժամանակ, երբ որ պակաս կարգավորված է, դրանից հետո որ մեկին էլ հետաքրքիր էլ չես լինում»։