Երբ «քաղաքացու օրվա» հաշվին ոտնահարում են քաղաքացու իրավունքները

Երբ «քաղաքացու օրվա» հաշվին ոտնահարում են քաղաքացու իրավունքները

Այսօր Սուրբ Զատիկ է՝ Քրիստոսի հարության տոնը: Վաղը՝ մեռելոց: Այդ օրը, որը միշտ երկուշաբթի է լինում, մարդիկ գնում են գերեզմանոց՝ իրենց հանգուցյալ հարազատներին այցելության: Այն իր մեջ շատ զգայուն ու նուրբ խորհուրդ է պարունակում, որը պետք է սրբորեն պահպանել: Իսկ դրա համար շատ բան պետք չէ՝ ընդամենը թույլ տալ, որ մարդիկ այդ օրը նշեն ինչպես հարկն է՝ ընտանեկան միջավայրում, իրենց հարազատների շիրիմիների այցելությամբ, մեկ օր հոգով և մտովի նրանց հետ գտնվելով: Եվ որպեսզի մարդիկ, աշխատավոր ժողովուրդը կարողանան լիարժեք օգտվել իրենց ընձեռված այդ իրավունքից, այդ օրը՝ Սուրբ Զատկին հաջորդող երկուշաբթին, կառավարությունը սահամանում է ոչ աշխատանքային: Բայց մեր երկրում նույնիսկ այս հարցում է իրավիճակ փոխվել: Նիկոլ Փաշինյանի կառավարությունը որոշել է զրկել ՀՀ քաղաքացիներին երկուշաբթի օրը իրենց հանգուցյալ հարազատներին այցելելու հնարավորությունից, որպեսզի շաբաթ օրը ՀՀ «Հպարտ քաղաքացիները» կարողանան «դուխով» նշել Փաշինյանի մոգոնած «քաղաքացու օրը», որը նա որոշել է նշել ամեն տարվա ապրիլ ամսվա վերջին շաբաթ օրը: Սովորաբար, երբ երկուշաբթին հայտարարվում էր ոչ աշխատանքային, դրա փոխարեն աշխատանքային  էին հայտարարում շաբաթ օրը, որ տեղը լրացնեն: Բայց Փաշինյանը որոշեց դարերով եկած Սուրբ Զատիկին հաջորդող մեռելոցը զոհաբերել իր՝ բոլորովին վերջերս երկնած «Քաղաքացու օրվան», որ այդ օրը, որը եկող շաբաթ օրն է,  լինի ոչ աշխատանքային և իրենք կարողանան ազատ նշել այն:

Սրանով շարքային քաղաքացու շնորհիվ իշխանության եկած Նիկոլ Փաշինյանն ուղղակի ոտնահարեց այդ նույն քաղաքացու իրավունքները հանուն «քաղաքացու օրվա»: Եվ ՀՀ շարքային քաղաքացին երևի պետք է շնորհակալություն հայտնի Փաշինյանին դրա համար, որ զրկեց իրեն իր հարազատաներին այցելելու իրավունքից, որպեսզի մի քանի օր անց ՀՀ «հապարտ քաղաքացին» կարողանա նշել իր իսկ օրը: Սա տարրական էգոիզմ է, որ ցուցաբերում են նոր իշխանությունները՝ բացահայտ ցույց տալով, որ իրենք թքած ունեն շարքային քաղաքացիների վրա, իրենց համար կարևորը իրենց եսասիրական ամբիցիաներն են, որոնք պետք է բավարարել ամեն գնով, նույնիսկ քաղաքացիների իրավունքներն ու դարերով եկած արժեքները ոտնատակ տալու հաշվին: