Սրանից նրանից փող են վերցնում՝ պատվերով հոդված գրում

Սրանից նրանից փող են վերցնում՝ պատվերով հոդված գրում

Ինչ անցել եմ աշխատանքի «Հրապարակում» ինձ ամենահաճախ տրվող հարցն է․
«Ձեր թերթի փողերը որտեղից են, սրանից-նրանից փող եք վերցնում՝ պատվերով նյութ գրո՞ւմ»։ Քանի որ սա թերևս ամենավատ հարցն է, որ կարելի է տալ խմբագրին կամ առհասարակ լրագրողին, որոշեցի պատասխանել: 
Այո, դուք իրավացի եք թերթ տպելը հիմա բացարձակապես անեկամտաբեր է, քանի որ թերթի գինը տարիներ շարունակ 100 դրամ է եւ անգամ ամբողջ տպաքանակը վաճառվելու դեպքում չի ծածկում մեր տպագրական ծախսերը: Հարց է ծագում՝ այդ դեպքում ինչո՞ւ ենք թերթ տպում։ Պատասխանում եմ՝ թերթը իմիջային նշանակություն ունի, մարդկանց մոտ տպագիր մամուլի նկատմամբ վստահությունը շատ ավելի մեծ է քան էլեկտրոնայինի հանդեպ, որտեղ ցանկացած հոդված կարելի է տեղադրել կամ ջնջել հաշված րոպեների ընթացքում։ Էլ չեմ ասում՝ մեր մեծահասակ ընթերցողների մասին, ովքեր չեն տիրապետում համակարգչին և հնարավորություն չունեն կայք մտնել: 


Մի խոսքով՝ թերթը եկամուտ չի բերում, այդ դեպքում ինչպե՞ս ենք խմբագրություն պահում, կոմունալ վճարներ կատարում, աշխատավարձ տալիս։ Շատ պարզ՝ մեր եկամուտը կայքից է ստացվում, ավելի շուտ՝ կայքում տեղադրված գովազդից: Հիմա ցանկացած կայք, որն ամսական 300 հազար դիտում ունի, ստանում է այսպես կոչված «նաթիվ» գովազդի առաջարկ։ Ի՞նչ է սա նշանակում․ գովազդատուն տեսնում է՝ թե քանի անգամ, որ ժամերին, որ տարիքի մարդիկ են տեսնում իր տեղադրած գովազդը և վճարում է դիտումների քանակից ելնելով: 
«Հրապարակի» ամսական դիտումների քանակը 3 միլիոնից անցնում է, այսինքն մենք գովազդատուների պակաս չունենք։ Մի գաղտնիք էլ բացեմ․ ամեն անգամ երբ մեր դեմ հակաքարոզչություն են սկսում, կամ ֆեյքերով վիրավորական քոմենթներ են գրում, մենք դրանից միայն շահում ենք՝ գոնե ֆինանսապես, քանի որ կայքի դիտումներն աճում ենմ հետևաբար գովազդի գները եւ դրանից ստացվող եկամուտն է բարձրանում: Այ, եթե իսկապես ուզում եք մեզ վնասել, միակ միջոցը մեզ չկարդալ-անտեսելն է: 


Իհարկե բազում խայտաբղետ գովազդներով շրջափակված նյութերը ընթերցողի դժգոհությունը կարող են առաջացնել։ Այդ իսկ պատճառով փորձում ենք բալանսը պահել ու չհոգնեցնել ընթերցողին։ Ավելի լավ է մի քիչ պակաս գումար մտնի խմբագրություն, բայց ամբողջ էջը փակող, ամեն անկյունից ընթերցողի «դեմքին թռչող» գովազդները չվանեն նրանց։ 


Ի՞նչ եզրակացություն կարելի է անել․ շատ գովազդ ունեցող կայքն անկողմնապահ լինելու բոլոր նախադրյալներն ունի, իսկ բացարձակ անգովազդ լրատվամիջոցը գրեթե միշտ ունի անհայտ, թաքնված հովանավոր, ում շահերից բխող լրատվություն է տարածում: Ուստի խնդրում ենք փոքր ինչ ներողամիտ լինել, եթե, այնուամենայնիվ, մեր գովազդները ձեզ շատ են թվում եւ խանգարում են նյութերի ընթերցանությանը։