Հանձնաժողովի անդամները՝ տնօրենի թեկնածուների մասին

Հանձնաժողովի անդամները՝ տնօրենի թեկնածուների մասին

Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի պաշտոնի համար հայտարարաված մրցույթը շարունակվում է: Պաշտոնի համար դիմել է երեսուն հոգի, որոնցից մեծ մասը արդեն հարցազրույց է անցել ձևավորված հանձնաժողովի մոտ: Իսկ հանձնաժողովի անդամները թեկնածուներին հարցնում են ամեն ինչից: Կոմպոզիտոր Երվանդ Երզնկյանը գրեթե բոլոր թեկնածուներին հարցնում էր, թե չընտրվելու դեպքում «զամդիրեկտոր» կաշխատեի՞ն, ուստի մենք էլ նրան հարցրինք, թե ինչ է ուզում պարզել այդ հարցով.

«Դա, իհարկե, պռովոկացիոն հարց է, բոլորը հասկանում են: Ես ուզում եմ հասկանալ՝ ինքը իսկապե ՞ս ուզում է ինչ-որ մի բան փոխել, իր համար ո՞րն է կարևոր, ղեկավարե՞լը, թե՞ ստեղծագործական փոփոխությունը: Այ դրա համար եմ տալիս այդ հարցը: Ես այդ հարցը իրենց նոր չեմ սկսել տալ, ես այդ հարցը տալիս եմ ինձ, որ եթե ինչ որ մեկը ուզում է դառնալ մինիստր, մանավանդ վերջինները, իրենց հարկավոր է հարց տալ, իսկ զամմինիստր կաշխատեի՞ր, և հետաքրիր կլիներ իրենց պատասխանը: Հիմա իրագործում եմ իմ ասածը այստեղ: Ինձ համար կարևոր է իմանալ, թե իր համար ինչն է դոմինանտ՝ ղեկավարման պրոցե՞սը՝ մարդկանց վրա իշխելու, թե՞ կոնկրետ ստեղծագործական մասը»:

Հաղորդավար Սարգիս Նաջարյանն էլ նշեց, որ ընդհանուր լավ տպավորություն ունի, և իրենք յուրաքանչյուրին անհատական մոտեցում են ցուցաբերում.

«Ես շատ ուրախ եմ, որ այդ երիտասարդության մեջ նաև կան շատ խելացի երիտասարդներ՝ իրենց կազմակերպված մտածելակերպով, որոշումներով, գաղափարներով, այսինքն՝ սերնդափոխությունը հրաշալի բան է: Ընդհանուր տպավորությունը լավ է, նորմալ է: Յուրաքանչյուրի հետ աշխատում ենք ինդիվիդուալ վարվել՝ իր ներաշխարհին, իր զգացողություններին համապատասխան, այսինքն՝ չկա շաբլոն, որով պետք է առաջնորդվել»:
Հարցին, թե հարցվածների մեջ կայի՞ն մարդիկ, ովքեր իրապես կարող էին զբաղեցնել տնօրենի պաշտոնը, Սարգիս Նաջարյանը կարճ պատասխանեց՝  իհարկե: 

Հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ Լեւոն Գալստյանը մեզ հետ զրույցում ասաց, որ հիացած է թեկնածուների պատրաստվածությամբ, և ով էլ որ ընտրվի տնօրեն, պետք է նկատի առնի հնչած քննադատությունները, որոնք հանձնաժողովը պարտավորվում է ներկայացնել նրանց.

«Քիչ առաջ պարոն Երզնկյանն էլ ասաց, մենք էլ ենք հաստատում այդ ամենը, որ կան շատ շնորհալի մարդիկ, որոնք կարող են շատ օգտակար լինել ռադիոյի աշխատանքներին: Ոմանք երբեմն մեզ հիացնում են իրենց պատրաստվածությամբ, փորձագիտական կարծիք հայտնելու կարողությամբ, դիտարկումներով, քննադատություններով: Այդ ամենը շատ արժեքավոր է և հայտնություն է մեզ համար, ինչը ուրախալի է: Քննադատությունները անպայման ի գիտություն են ընդունվում, և անձը, որը կընտրվի Հանրային ռադիոյի տնօրեն, նա անպայման այդ ամենը պետք է հաշվի առնի: Մենք կփոխանցենք, կասենք, կհորդորենք այդ անձնավորությանը, որ նկատի առնի դրանք: Շատ քննադատություններ էական էին և շատ հետաքրքիր էին: Ցավոք միշտ չէ, որ մենք առիթ ունենում ենք այդ որակի, այդ մակարդակի քննարկումներ անել  և լսել հանրության փորձագիտական հատվածի մասնագիտական կարծիքը: Մարդիկ են, որոնք առնչություն ունեն գործին, որոնք հասկանում են գործից»:

Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ, «Անդին» ամսագրի գլխավոր խմբագիր Մերուժան Տեր-Գուլանյանն էլ ասաց, որ սկզբից չի ցանկացել ներգրավվել հանձնաժողովի կազմում, սակայն հիմա ուրախ է, որ նման հնարավորություն է ունեցել.
«Ես սկզբից չէի ուզում այս հանձնաժողովի մեջ լինել, ուղղակի ինձ խնդրեցին, որ լինեմ, բայց հիմա շատ ուրախ եմ: Արդեն մոտավորապես տասնհինգ հոգու ընդունել ենք, լսել ենք, և ես պարզապես հիացած եմ, որ դիմողների մեջ կան մարդիկ՝ մոտ հինգ հոգի, որոնք որ վաղը ով էլ ընտրվի տնօրեն, մենք հանձնաժողովով պետք է պարտադրենք, որ այդ մարդկանց աշխատանքի ընդունի, որպեսզի ռադիոն փոխեն: Իրենք իդեա ունեն, խելոք են՝ և՛ խելքի իմաստով, լեզվի իմաստով, արտահայտության իմաստով, հեռատեսության իմաստով,  ջահելներն են հիմնականում, և հիանալի ջահելություն ունենք, այ իրենց պետք է բերել ռադիո, դրանով փոխել ռադիոն նաև, ոչ միայն ղեկավարով փոխել:

Ղեկավարը, որ գալիս է, մեն-մենակ ի՞նչ պիտի անի, պիտի մարդիկ բերի, այդ նույն մարդկանց, որոնք որ մենք ընտրում ենք: Ես թղթի վրա նշում եմ, ում որ հավանում եմ: Ով էլ որ ընտրվի, այդ ցուցակը տալու եմ իրեն և պահանջելու եմ, որ այս մարդկանց աշխատանքի ընդունի, հրավիրի, նոր հաղորդաշարեր բացել, հնացած հաղորդաշարերը փակե: Հանդուգն պետք չէ լինել, տեղի-անտեղի մարդկանց աշխատանքից ազատելու կարիք չկա, բայց հրաշալիորեն կարելի է փոփոխել: Փայլուն սերունդ է գալիս, և ես հիացած եմ իրենցով, ես ուրախ եմ, որ ես այս հանձնաժողովում եմ, և առիթ եղավ ծանոթանալու և բացահայտելու»: