Ռուսաստանն ընդդիմությո՞ւն է փնտրում Հայաստանում

Ռուսաստանն ընդդիմությո՞ւն է փնտրում Հայաստանում
Էդմոն Մարուքյան

Նոր Ազգային ժողովում կլինեն նաեւ նոր հանձնաժողովներ, այդ թվում՝ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը։ Նման հանձնաժողով ունենալու գաղափարը նոր ԱԺ-ի ամենաարեւմտամետ ուժի ղեկավարին՝ Էդմոն Մարուքյանին է պատկանում։ Թեպետ ԲՀԿ-ականներն էլ ասում են, թե իրենք են առաջարկել նման հանձնաժողով ունենալ՝ խորհրդակցելով «Եդինայա Ռոսիա» կուսակցության իրենց գործընկերների հետ։ Բայց Մարուքյանը պնդում է՝ առաջինն իրենք են եղել, եւ պետք է պահպանվեն հեղինակային իրավունքները։
Էդմոն Մարուքյանից հետաքրքրվեցինք՝ ինչո՞ւ հենց ինքը, լինելով արեւմտամետի համարում ունեցող կամ առնվազն արեւմտյան մոդելի պետության ջատագով, առաջարկեց եվրասիական ինտերգրման հանձնաժողով ստեղծել։

«Դա բխում է ՀՀ քաղաքացիների պահանջներից։ Քաղաքացիների ունեցած խնդիրների քանակն այս տարիներին այնքան մեծ է, որ մենք չպետք է նայենք, թե մեզ ինչն է դուր գալիս։ Ասենք թե մեզ դուր չի եկել եւ դուր չի գալիս, ի՞նչ պետք է անել։ Հիմա շարունակել պրոբլեմներ ունենալ ու ասել՝ պրոբլեմ չունենք,  պետք է դուրս գանք, բայց դուրս չգանք ու պրոբլեմները շարունակենք ունենա՞լ։ Հիմա դուրս չենք եկել, պետք է շահ քաղենք»,- այսպես բացատրեց իրենց գաղափարի մոտիվացիան Էդմոն Մարուքյանը։

- Բայց շատ քաղաքացիներ Ձեր եւ Ձեր ուժի առջեւ պահանջ էին դնում եւ ակնկալում էին, որ Դուք ավելի շատ ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց կբարձրացնեիք։

- Մենք էդպիսի ծրագրային դրույթ ո՛չ «Ելք»-ի ժամանակ ենք գրել, ո՛չ էլ հիմա։ Մենք նշել ենք, որ ԵԱՏՄ-ին անդամակցումը եղել է քաղաքական մեծ սխալ, որովհետեւ դրա արդյունքում զրկվել ենք եվրաասոցացումից։ Բայց տարիների ընթացքում աշխարհում բաներ են, չէ՞, փոխվում։ Էնպես ստացվեց, որ Հայաստանը եվրաասոցացման փոխարեն CEPA-ի համաձայնագիր վավերացրեց։ Այսինքն՝ ունեցանք երկու զամբյուղ։ Հիմա էս երկու զամբյուղները մենք կարո՞ղ ենք ի շահ մեր պետության ծառայեցնել։ Ես կարծում եմ՝ նոր Հայաստանում, լեգիտիմ իշխանությունների օրոք կարող ենք։ Եթե չստացվի, դուք մի կարծեք, թե մենք որեւէ կերպ կվարանենք ապագայում էլի դուրս գալուց եւ նախաձեռնություններով հանդես գալուց։

- Հիմա ՀՀԿ-ի թույլ տված սխալը չե՞ք ուզում ուղղել։

- Չէ, էդ սխալի պատճառով Հայաստանը զրկվել է ասոցացման համաձայնագրից։ Դա արդեն եղել է։ Հիմա մենք դա չենք կարող վերադարձնել, եւ Հայաստանին ասոցացման համաձայնագիր առաջարկող էլ չկա հիմա։ Բայց Հայաստանը վավերացրել է CEPA-ի համաձայնագիրը, որը մեր առաջ բացել է մեծ հնարավորություններ։

- Բայց եթե դուրս գանք ԵԱՏՄ-ից, գուցե ասոցացման համաձայնագրի դռները նորի՞ց բացվեն։

- «Գուցե»-ներով չի, որովհետեւ Եվրամիությունը մեզ հիմա ասում է՝ դուք հլը էս չեք իրականացրել, ուր մնաց՝ ավելիի մասին խոսեք։ Տեսեք, «Լուսավոր Հայաստանն» իր ծրագրում գրել է, որ Եվրամիության հետ մենք պիտի ունենանք ռազմավարական հարաբերություններ։ Հիմա ես որ խոսում եմ դրա մասին, մի իրավիճակ կա, որ բարդացնում է մեր վիճակը, որ մենք հիմա էս համաձայնագիրը դեռ չենք սկսել իմպլեմենտացնել, ի՞նչ ռազմավարական հարաբերություն։

- Ի դեպ, Արարատ Միրզոյանը բաց տեքստով ասաց, որ այս տարվա ընթացքում դժվար թե հասցնեն իմպլեմենտացնել։

- Այո, որովհետեւ արտաքին քաղաքականության ուղղությամբ էդ մասով, փաստորեն, գործ չի արվել։ Պետք է էս ամիսներին վավերացումները լինեին տարբեր երկրների։ Եվ մենք պատրաստվում ենք էդ հարցն էստեղ տալ։ Տարին նոր է սկսվել, բայց էս վեց-յոթ ամիսն ի՞նչ էին անում, բա պետք է դեսպաններն ու ԱԳՆ-ն աշխատեին, էդ երկրներում լոբբինգ անեին, որ վավերացվեր։ Բայց չեն արել, դա պետք է  արձանագրել։

- Ի դեպ, տեղեկություն կար, որ դեկտեմբերյան արտահերթ ընտրություններից առաջ Դուք մեկնել էիք Մոսկվա՝ հանդիպումների։ Կասե՞ք՝ ի՞նչ առիթով էիք մեկնել։

- Ես Մոսկվա մի քանի անգամ տարբեր առիթներով… այսինքն՝ ես գնացել եմ Փարիզ, Մոսկվայով եմ միշտ գնում։ Մի անգամ էլ Մոսկվա գնացել եմ իմ ընտանիքի քավորի արարողությանը։ Էդ ժամանակ ընտրություն նշանակված էլ չէր։

- Ամեն դեպքում, դեկտեմբերյան ընտրություններից մի քանի օր առաջ Մոսկվայում եղե՞լ եք եւ հանդիպումներ ունեցե՞լ եք ռուսական ինչ-որ շրջանակների հետ։ Ասում են՝ այդ այցից հետո Ձեր վերաբերմունքը կտրուկ փոխվել է մի շարք հարցերում, մասնավորապես՝ այլ ուժերի հետ համագործակցության։

- Ոչ, եթե մենք հանդիպումներ ունենանք, բնականաբար, հրապարակային կասենք, որովհետեւ մենք ասել ենք, որ ինչ անենք, հրապարակային ենք անելու, մենք մտածում ենք, որ ապագայում պետք է այցեր իրականացնենք ե՛ւ Վաշինգտոն, ե՛ւ Մոսկվա, ե՛ւ Բրյուսել։

- Պարզապես խոսակցություն կա, որ Ռուսաստանը ձեր ուժի վրա է որոշել «ստավկա» անել՝ որպես Նիկոլ Փաշինյանին ընդդիմություն, եւ դուք չեք առարկել, չնայած եվրոպամետ լինելուն։

- Ռուսաստանն ընդդիմությո՞ւն է փնտրում Հայաստանում։ Լավ, էլի։ Ես Ձեզ ասացի՝ մենք ունենք այդպիսի մտադրություն, որ Մոսկվա, Վաշինգտոն եւ Բրյուսել այցեր իրականացնենք, դա ամբողջությամբ կլինի հրապարակային, եւ դուք կտեսնեք։