Թատերականում ռեկտորի պաշտոնին հավակնում է 3 հոգի 

Թատերականում ռեկտորի պաշտոնին հավակնում է 3 հոգի 

Մայիսի 22-ին կայանալիք Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ռեկտորի պաշտոնի համար դիմել է 3 հոգի՝ ներկայիս ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Արզումանյանը, բուհի ստեղծագործական եւ հեռանկարային զարգացման գծով պրոռեկտոր Արմեն Հարությունյանը եւ թատերագետ Վասիլի Գեւորգյանը։ Ինչպես տեղեկացրին ԿԳՆ-ից, Վասիլի Գեւորգյանի դեպքում դեռ պարզ չէ՝ նրա հայտը կընդունվի՞, թե՞ ոչ, քանի որ ներկայացված փաստաթղթերի մեջ անհամապատասխանություն կա, չնայած առկա է դոցենտի կոչումը, բայց արվեստի վաստակավոր գործիչ չէ, ինչը ռեկտորի պաշտոնին հավակնողների դեպքում պարտադիր պայմաններից է։

Հետաքրքիր է, որ նախկին փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանի անունը նույնպես շրջանառվում էր ռեկտորի հավանական թեկնածուների մեջ, ով, շատերի կարծիքով, գլխավոր ֆավորիտն էր, բայց դոցենտի աստիճանի բացակայությամբ պայմանավորված՝ նա չի առաջադրել թեկնածությունը։ 

Թատերականում հիմնական մրցակցությունը գնում է Լիլիթ Արզումանյանի եւ Արմեն Հարությունյանի միջեւ, որին նորաստեղծ ստեղծագործական եւ հեռանկարային զարգացման գծով պրոռեկտորի պաշտոնում նշանակել է հենց Արզումանյանը, 6 ամիս առաջ՝ հավանաբար, ակնկալելով այդկերպ նրան դարձնել իր դաշնակիցը, ոչ մրցակիցը։ 

Ընտրությունների շեմին իրավիճակը սրվել է, երբ ինստիտուտի շրջանավարտներից մեկը ֆեյսբուքյան հարցում է նախաձեռնել, որտեղ առաջարկել է քվեարկել ռեկտորի 2 թեկնածուների օգտին՝ դրանով փորձ անելով պարզել ուսանողների կարծիքը, բայց ժամեր անց այն հանվել է Ֆեյսբուքից (որոշ խոսակցությունների համաձայն՝ ճնշում են գործադրել նախկին շրջանավարտի վրա)։ Մյուս օրը դրան հաջորդել է մեկ ուրիշի նախաձեռնած նույնատիպ հարցումը։ Ու եթե առաջին հարցման դեպքում պատկերը եղել է 7 տոկոսի հարաբերակցությունը 93-ի՝ ի օգուտ Արմեն Հարությունյանի, 2-րդ հարցման դեպքում 52-48 տոկոսային հարաբերակցությամբ առաջատար է եղել Լիլիթ Արզումանյանը, ով այս ընթացքում հասցրել է 20-30 լսարան նորոգել բուհում։ 

Հանդիպեցինք ռեկտորի ԺՊ Լիլիթ Արզումանյանի հետ, ով, սակայն, չցանկացավ մեզ հետ զրուցել, միայն նկատեց, որ սա թաղապետի ընտրություններ չեն, եւ չի ուզում նախընտրական քարոզարշավի մասնակցել։ 

Հանդիպեցինք նաեւ Արմեն Հարությունյանին եւ հետաքրքրվեցինք, թե ինչու որոշեց առաջադրել թեկնածությունը։ «Ես սովորել եմ այս բուհում, նաեւ՝ ասպիրանտուրան, որից հետո՝ 2004-ից, սկսել եմ աշխատել ԵԹԿՊԻ-ի թատրոնի եւ կինոյի ֆակուլտետի դեկանի տեղակալ, 2011-ից՝ ուսումնական մասի վարիչ: Այնուհետեւ մի փոքր դադար եղավ, ու հետո սկսեցի աշխատել որպես Արվեստի պատմության, տեսության եւ կառավարման ֆակուլտետի դեկան։ Քաջ ծանոթ եմ ե՛ւ մեր ձեռքբերումներին, ե՛ւ խնդիրներին, հստակ պատկերացնում եմ մեր խնդիրները, նպատակները, որովհետեւ նաեւ որպես բուհի դասախոս եւ վարչական աշխատող՝ այս ընթացքում միշտ ընդգրկված եմ եղել բուհում ձեւավորված բոլոր հանձնաժողովներում։ Ես ունեմ իմ պատկերացումները եւ գիտակցումը, թե որքան պատասխանատու է այս ամբողջ գործընթացը, եւ սրանից գրեթե մեկ տարի առաջ, ավելի ստույգ՝ անցած տարի հունիսին, երբ դեռ Դավիթ Մուրադյանն էր ռեկտորը, ես հայտարարել եմ, որ հաջորդ ընտրություններին, եթե օրենքը թույլ է տալիս, իսկ այն թույլ է տալիս, ես կմասնակցեմ ռեկտորի ընտրություններին։ Հայտարարել, որ դու ռեկտորի թեկնածու ես կամ հավակնություններ ունես դառնալու, կարծում եմ՝ սրա մեջ ոչ մի արտառոց բան չկա, եւ այդ մտքին հանգել էի դեռ անցած տարվա հունիսից»,- ասում է նա։

Հարությունյանը չի ուզում որեւէ գնահատական տալ ներկայիս ռեկտորի ԺՊ-ի աշխատանքին, որովհետեւ ինքը նույն աշխատակազմի ներկայացուցիչ է․ «Ես ունեմ այս պարագայում սկզբունքային տարաձայնություններ տիկին Արզումանյանի գործելակերպի հետ, եւ, վերջին հաշվով, այս տեսակի ընտրություններ, երբ մեկից ավելի թեկնածուներ են լինում, գոնե բուհական համակարգում նախկինում մենք չենք հանդիպել, որովհետեւ, այնուամենայնիվ, մինչեւ ընտրությունը մենք արդեն գիտեինք, թե ով է լինելու հաջորդ ռեկտորը, թեպետ ֆորմալ առումով ընտրություններ էին տեղի ունենում»։ Սկզբունքային ի՞նչ տարաձայնություններ ունի Արզումանյանի հետ։

«Ե՛վ կառավարման հետ կապված, ե՛ւ կրթական խնդիրներում ունեմ տարաձայնություններ, ինչպես նաեւ ֆինանսական ռեսուրսների վերաբերյալ»,- ասում է ու նկատում, որ 15 տարի աշխատելով բուհում՝ իր համար ավելի քան ակնհայտ են ինստիտուտի խնդիրները, բացթողումները։ Իսկ իր ներկայացրած ծրագրի հիմքում ոչ միայն իր պատկերացումներն են, այլ նաեւ բազմաթիվ շրջանավարտների, որոնց հետ մինչ օրս կապի մեջ է։

«Իմ միակ խնդրանքը, մտահոգությունը, պահանջն այն է, որ անձերը մի կողմ դնելով՝ ընտրությունները տեղի ունենան ազնիվ հարթության մեջ։ Հույս ունեմ, որ մենք զարգացման ճանապարհ պիտի անցնենք»,- եզրափակեց Արմեն Հարությունյանը։