Չեմ բացառում, որ այդ փաստերով վաղը, մյուս օրը գործեր քննենք

Չեմ բացառում, որ այդ փաստերով վաղը, մյուս օրը գործեր քննենք

Նիկոլ Փաշինյանը երեկ որոշել էր դուրս գալ ինքն իր դեմ։ Նա պատերազմ հայտարարեց իր իսկ կողմից ղեկավարվող երկրի դատական իշխանությանը՝ կոչ անելով առավոտյան 8։30-ից սկսած՝ արգելափակել հանրապետության բոլոր դատարանների դռներն ու որեւէ դատավորի թույլ չտալ մտնել ներս։ Այնուհետեւ, օրվա երկրորդ կեսին Նիկոլ Փաշինյանը հայտարարությամբ հանդես եկավ՝ նշելով, որ բոլոր դատավորներն անխտիր պետք է ենթարկվեն վեթինգի։ Փաշինյանը, ըստ երեւույթին, շատ ծանր է տարել իր երկրի դատարանի որոշումը՝ փոխել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը, որը կալանք էր, եւ նրան Արցախի նախագահների անձնական երաշխավորությամբ բաց թողնել։ Ու որոշել է Քոչարյանին ազատ արձակած դատավորի հանդեպ «մուռը» հանել ամբողջ դատական համակարգից։

Սա երեկ արդեն իսկ բուռն քննադատությունների արժանացավ՝ այն գնահատելով որպես սահմանադրական կարգի տապալման իրական փորձ։ Եղան բազմաթիվ հայտարարություններ տարբեր կառույցների կողմից, որոնցից ամենահստակը, խիստն ու դատապարտողը թերեւս ՄԻՊ Արման Թաթոյանի եւ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի հայտարարություններն էին։ Փոխարենը Բարձրագույն դատական խորհուրդը տարածեց մի հայտարարություն, որով կարծես ավելի շատ աջակցեր Փաշինյանի այս կոչին, այլ ոչ թե դատապարտեր։ Եվ սա այն դեպքւում, երբ Փաշինյանի կոչը նախեւառաջ հարված էր հենց իրեն՝ ԲԴԽ-ին, որը դատարանների վերադաս մարմինն է։

Բայց ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը նախընտրեց իրեն հատուկ՝ «այնքանով, որքանով» ոճի մեջ մի լղոզված, խուսափողական, վիզը ծուռ եւ մանեւրող հայտարարություն տարածել։ 70-ն անց Հարությունյանը թերեւս հույս ունի եւս մի 70 տարի բարձր պաշտոն զբաղեցնել Հայաստանում, դրա համար չի ուզում փչացնել հարաբերությունները վարչապետի հետ։ Եվ, ով գիտի, նաեւ ԲԴԽ-ի այս հայտարարությունն էր պատճառը, որ երեկ ողջ օրը դատական համակարգի ներկայացուցիչները խուսափեցին որեւէ հստակ գնահատական տալ կատարվածին։

Հետաքրքիր է․ եթե Նիկոլ Փաշինյանը դատարանների շենքերն արգելափակեր նախորդ իշխանության ժամանակ, երբ ինքն ընդդիմադիր էր, դատական համակարգում դարձյա՞լ այսպիսի մեղմ, հանդուրժողական կեցվածք կդրսեւորեին, թե՞ քննադատական գնահատականների տարափ կլիներ ու Փաշինյանին ցցին կհանեին երկրի դատական համակարգը ժամանակավորապես պարալիզացնելու համար։ Բայց քանի որ հիմա նա արդեն վարչապետն է, ուստի այլեւս «Նաջարյանի ասածն» օրենք է՝ չեն կարող հակաճառել։

ԲԴԽ անդամներից Գեւորգ Դանիելյանը, օրինակ, խնդրեց մի քիչ համբերել, հիմա չի կարող խոսել, քանզի ժամանակի սղություն ունի, հետո կխոսի այս թեմայով։ Դիտարկմանը, թե այդ օրը գիշերը իրենց հրավիրած արտահերթ նիստից հետո տարածած ԲԴԽ-ի հայտարարությունը գնահատում են որպես թույլ հայտարարություն, Դանիելյանն ասաց․ «Գիտեմ, տեղյակ եմ, դե, տեսնում ենք, բնականաբար, բայց էս պահին չխոսենք, որովհետեւ ժամանակի սղություն ունենք, հետո ավելի մանրամասն կանդրադառնամ»։

Այդուհանդերձ՝ պե՞տք էր ավելի ուժեղ հայտարարություն տարածել, քանզի սա, ի վերջո, դատարանների դեմ ուղղված քայլ էր, Դանիելյանը դարձյալ չցանկացավ մեկնաբանել՝ առաջարկելով սպասել, իրենք քննարկումների մեջ են, ավելի ուշ կպատասխանի։

Փորձեցինք խոսել ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի հետ, ով ժամանակին վարչական դատարանի նախագահ է եղել, ասաց, որ չի կարող որեւէ բան մեկնաբանել այս հարցով, քանի որ կաշկանդված է պաշտոնով։

«Ես ԿԸՀ նախագահ եմ, եւ էդ թեման ինձ հետ ընդհանրապես չառնչվող թեմա է՝ որեւէ մեկնաբանություն անելու համար։ Չի կարելի կարծիք հայտնել, որովհետեւ ես ի պաշտոնե քաղաքական զսպվածություն պետք է դրսեւորեմ բոլոր առումներով։ Ընտրությունների թեմայով՝ խնդրեմ»,- ասաց Մուկուչյանը։

Մեր հարցերին համեմատաբար անկաշկանդ պատասխանեց ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ Արսեն Մկրտչյանը, ում վրա, պարզվում է, դատարանների շրջափակումը չի ազդել։ Մկրտչյանն առավոտ շատ շուտ է արթնացել ու գնացել գործի, հետեւաբար, ցուցարարները չեն հասցրել արգելել նրա մուտքը դատարան։

«Ես առավոտյան շուտ էի գնացել, 7-ն անց 30-ից դատարանում էի, ես շուտ եմ գնում աշխատանքի»,- ասաց պարոն Մկրտչյանը։

- Իսկ կարողացե՞լ եք աշխատել։

- Դե, աշխատակազմն էլ էր շուտ եկել, ես էլ էի շուտ եկել, ընթացիկ աշխատանքներով զբաղվում էինք։

- Պարոն Մկրտչյան, ինչպե՞ս եք գնահատում վարչապետի կոչն ու ելույթը, այն ուղղված էր դատական համակարգի անկախությա՞նը, թե՞ ճիշտ հակառակը։

- Ես ձեռնպահ կմնամ էս փուլում ուղղակի գնահատական տալուց։

- Խոսքը քաղաքական գնահատականի մասին չէ, այլ՝ իրավական։ Այս ամենն իրավակա՞ն գործընթաց էր։

- Քաղաքականով, բնականաբար, մենք որեւէ գնահատական տալ չենք կարող, մնացածն էլ կտեսնենք, թե դա ինչի հիման վրա է իրականացվում, որպեսզի կարողանանք ասել՝ իրավակա՞ն է, թե՞ ոչ իրավական։

- Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ բոլոր դատավորները պետք է անխտիր ենթարկվեն վեթինգի։ Դուք, օրինակ, որպես դատավոր՝ պատրա՞ստ եք վեթինգի ենթարկվել։

- Ի՞նչ է նշանակում՝ պատրաստ եք վեթինգի ենթարկվել։

- Այսինքն, ինչպես վարչապետն ասաց, բաց եւ թափանցիկ պետք է ներկայացվեն բոլոր դատավորների կապերը, ունեցվածքը, եկամտի աղբյուրները եւ այլն։

- Վեթինգի գործիքակազմը տարբեր է։ Եթե մենք նայում ենք այդ կետերում հայտարարված վեթինգի գործիքակազմը, ըստ էության՝ մենք ամենօրյա բաց, թափանցիկ աշխատանքով աշխատում ենք՝ հայտարարագրերը կան եւ այլն, եւ այլն։ Իսկ մեխանիզմներն արդեն օրենքներով կկարգավորվեն, կտեսնենք։

- Հիմա Դուք՝ որպես դատավոր եւ որպես իրավաբան, ի՞նչ կարող եք ասել այս ամենի մասին, դատավորները կարծես տարակուսած են, դատարանների աշխատանքը պարալիզացվել էր մի քանի ժամ։

- Մենք դատարանի գործունեությունը բնականոն ապահովել ենք։

- Այսինքն՝ մարդիկ կարողացե՞լ են մուտք գործել դատարան։

- Քաղաքացիները՝ ոչ, մեր դատարանի աշխատանքի մասին է խոսքը։ Ես՝ որպես դատարանի նախագահ, բնականոն գործունեության ապահովման պարտականություն եմ կրում, եւ, ըստ էության, կարողացել ենք այդ մի քանի ժամվա ընթացքում մեր բնականոն աշխատանքներն իրականացնել։ Դժվարություններ, բնականաբար, կային, բայց փորձում էինք ամեն ինչ անել։

- Իսկ դատական նիստեր կարողացե՞լ եք գումարել։

- Նիստեր չունեինք այդ ընթացքում նշանակված։

- Պարոն Մկրտչյան, տեսակետներ են հնչում, որ Փաշինյանի այդ կոչը, իրականում, սահմանադրական կարգի տապալմանն ուղղված գործընթաց է։ Հնարավո՞ր է սրա վերաբերյալ իրավական գործընթաց սկսվի, Հայաստանում կարո՞ղ են քաղաքացիները դատարանների աշխատանքը խափանել։

- Ես չգիտեմ, Ձեր հարցը, իրականում, իմ գնահատման տիրույթում չէ։ Ես դատավոր եմ, եւ փաստերի տեսանկյունից կարծիք հայտնելը սխալ կլինի, որովհետեւ չեմ բացառում, որ այդ փաստերով վաղը, մյուս օրը գործեր քննենք։

- Այսինքն՝ չե՞ք բացառում, որ այս շրջափակումների փաստով վաղը կարող են գործեր քննվել։

- Չէ, ընդհանրապես դատավորներին արգելվում է որեւէ փաստական հիմքում իրավական գնահատական տալ, դա մեր վարքականոններից է բխում, որոնցով որ հնարավոր է որեւէ դատական գործընթաց լինի։ Հիմա Դուք վկայակոչում եք փաստեր, ցանկանում եք ստանալ իրավական գնահատական, բայց իմ վարքագծի կանոնները թույլ չեն տալիս դա անել։ Այնպես որ, ես ձեռնպահ կմնամ Ձեր հարցին պատասխանելուց։

- Այդուհանդերձ, եթե քաղաքացիները փակում են դատարանների մուտքը, խափանում դատարանների աշխատանքն ու արգելում դատավորների տեղաշարժը դեպի դատարան, դա իրավական հետեւանք առաջացնող արա՞րք է, թե՞ ոչ։

- Ես կխնդրեմ այս հարցերն ուղղեք իրավապահ մարմիններին։

- Դուք, իհարկե, շուտ էիք հասել դատարան, բայց եթե Ձեր մուտքն էլ խոչընդոտվեր դատարան, դա իրավական հետեւանք ենթադրող արարք կհամարվե՞ր, թե՞ ոչ։

- Չգիտեմ, իրավապահ մարմինները կաշխատեին, կգնահատեին կոնկրետ գործողությունները, փաստերը եւ կորոշեին։