Ասաց՝ 200.000 դոլար ունի, ասացի՝ 1000 դրամ տուր՝ սուրճ բերեն.Վալենսիայի հայ համայնքի նախագահը՝ «Մի կտուրի տակ» ծրագրի մասին

Ասաց՝ 200.000 դոլար ունի, ասացի՝ 1000 դրամ տուր՝ սուրճ բերեն.Վալենսիայի հայ համայնքի նախագահը՝ «Մի կտուրի տակ» ծրագրի մասին

Այսօր ՀՀ ոստիկանությունը տեսանյութ հրապարակեց , որտեղ ներկայացվում է «Մի կտուրի տակ» անվանումով ծրագրի ղեկավար՝ Մհեր Դերձյանի  անօրինական գործողությունների մասին: Հիշեցնենք,որ  «Մի կտուրի տակ» ծրագիրը դեռ ամիսներ առաջ իր շուրջն էր համախմբել  Հայաստանի եւ սփյուռքի շատ հայերի՝ 30 տարուց ավել տնակներում ապրող անօթևաններին  բնակարաններով ապահովելու նպատակով: Իսպանիայի Վալենսիայի հայ համայնքի նախագահ Արարատ Ղուկասյանը նույնպես միացել էր այդ նախաձեռնությանը՝փորձելով իր լուման ներդնել ։Նա եկել էր Հայաստան եւ հայրենի  մի շարք քաղաքներում կազմակերպում էր իր իսկ հեղինակած գրքի շնորհանդես-վաճառքը,որից ստացված հասույթը տրամադրելու էր «Մի կտուրի տակ» կորպորատիվին:

Ծրագրի շուրջ ստեղծված աղմուկի եւ սկանդալի  հետ կապված՝  կապ հաստատեցինք եւ զրուցեցինք Արարատ Ղուկասյանի հետ: «Ես կանխազգում էի, որ խաբեություն է, դրա համար էլ ինքս չէի ուզում իրենց մասնակցությունը իմ կազմակերպած միջոցառումներին։ Իսկ այն քաղաքներում՝Հրազդան,Գյումրի,Էջմիածին, Վանաձոր, Սպիտակ, որտեղ նրանք ինձ հետ եղան, ճանապարհածախսը, կեցությունը և մյուս բոլոր ծախսերը հոգացել եմ ինքս»,-ասաց մեր զրուցակիցը՝ ընդգծելով,որ կարճ ժամանակ անց,երբ համոզվեց իր կասկածներում, բոլոր մասնակիցներին առաջարկեց   դուրս գալ այդ խմբավորումից: Վալենսիայի հայկական միության նախագահի խոսքերով ՝ հենց Մհեր Դերձյանի պահվածքից է գլխի ընկել, որ ամեն ինչ անլուրջ է: «Նախ նա  ներկայացավ որպես բարեգործ, հետո պարզվեց, որ ոչինչ չունի։ Հետո ասաց, որ տարբեր շինարարական կազմակերպություններ Ռուսաստանից միացել են ծրագրին  և շուտով ողջ մատերիալը կուղարկեն։ Իսկ երբ  սկսեց ժողովրդից փող հավաքել, հասկացա որ խաբկանք է»,-ասաց նա՝ հիշելով մի դեպք. «Մի օր ասաց,որ հենց հիմա իր մոտ 200.000 դոլար ունի, ես էլ պարզապես էլ չդիմացա, ասացի՝ 1000 դրամ տուր թող գնան սուրճ բերեն, էլ չիմացավ,թե ինչ ասի»:Մեր հարցին,թե գրքերի հասույթից որքա՞ն գումար նվիրեց կորպորատիվին, Արարատ Ղուկասյանը պատասխանեց. «Գիրք համարյա չվաճառվեց, որքան էլ որ վաճառվեց, տրամադրեցի կազմակերպիչներին։ Բոլոր տեղերում մեծամասամբ նվիրել ենք  գրքերը։Հիմա նույնիսկ մտածում եմ, որ լավ էր, որ չվաճառվեցին»:

Նշենք, որ Մհեր Դերձյանն  իր ֆեյսբուքի  պաշտոնական էջում գրառում է արել՝ տեղեկացնելով,որ ինքը որևէ մեկից որևէ դրամ չի շորթել,ապացույցների պակաս չունի, եւ հարկ եղած դեպքում կներկայացնի ոստիկանությանը: