Ի՞նչ չարաշահումներ են արվել ԵՊՀ-ում

Ի՞նչ չարաշահումներ են արվել ԵՊՀ-ում
Դավիթ Սանասարյան

ՀՀ վերահսկողական ծառայության պետի պաշտոնակատար Դավիթ Սանասարյանն այսօր մամուլի ասուլիսին էր ներկայացել Երեւանի պետական համալսարանում կատարված ստուգումների փաստերով։ Նա տեղեկացրեց, որ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հայտարարությունները մանիպուլյացիաներ են։ «Մենք ստուգել ենք ծախսային մասերը, իրականացրել ենք ուսումնասիրություն, եկամտային մասից միայն վարձակալության մասն ենք ստուգել։ Ես վստահեցնում եմ, որ եթե մեր ուսումնասիրությունները տեւեն երկար, այդ թվերը բազմապատկվելու են։ Մենք չենք ուսումնասիրել ԵՊՀ-ի Իջեւանի մասնաճյուղը, որովհետեւ ժամանակ չունենք, չենք կարող երկար տարիներ դնել-ուսումնասիրել, թե ԵՊՀ-ն պետությանն ինչքան վնաս է պատճառել։ Մենք վստահեցնում ենք, որ մեր ուսումնասիրության արդյունքում կազմված տեղեկանքի համար պատասխանատու ենք»,- հայտարարեց Դավիթ Սանասարյանը։

Նա վստահեցրեց, որ կան խայտառակ փաստեր, որոնց կանդրադառնան իրավապահ մարմինները։ Վերահսկողական ծառայության սոցիալական ոլորտի վերահսկողության վարչության պետի պաշտոնակատար Դավիթ Ադյանն էլ մեկ առ մեկ անդրադարձավ Արամ Սիմոնյանի հայտարարություններին։ Նա նշեց, որ Արամ Սիմոնյանը հայտարարել է, թե 2015թ․ աղբահանություն իրականացնող ընկերությունը չի ներկայացրել փաստաթղթեր, եւ ինքն է վճարել դրա համար։ «Ամբողջությամբ սուտ է եւ ապատեղեկատվություն։ Ոչ թե չի գրվել, չի տեղեկացվել, այլ նույնիսկ բանավոր քննարկում չի եղել պատասխանատու անձանց հետ այդ երեւույթի մասին։ 2015թ․ հայտարարվել է գնումների բաց ընթացակարգ շինարարությանը մասնակցելու նպատակով։ Հայտ են ներկայացրել ինն անձինք։

Մասնակիցներից ութը ներկայացրել են հայտեր 210-270 միլիոն դրամի շրջանակներում, մեկ անձ ներկայացրել է հայտ 397 մլն դրամի շրջանակներում։ Բոլոր մասնակիցների հայտերը մերժվել են, բացի 397 մլն դրամի հայտ ներկայացրած մասնակցից»,- ասաց Դավիթ Ադյանը։ Ըստ նրա՝ ուսումնասիրվել են, թե արդյոք հիմնավո՞ր են եղել մյուս հայտերի մերժումները։ Արդյունքում պարզվել է, որ գերակշիռ մասը եղել է ոչ հիմնավոր։ Եղել են բողոքներ ընթացակարգի հետ կապված։ Պարզվել է, որ ԵՊՀ-ն առանց ընթացակարգի է իրականացրել այդ գնումները, պայմանագիրը կնքել են իրենց ցանկալի անձի հետ, որն էլ իրականացրել է շինարարությունը։ Իսկ այդ ընթացքում բացահայտվել է 17 մլն դրամից ավելի թանկ գնով իրականացված շինարարություն, գերշահույթներ։