Ու՞մ շահերն են սպասարկում

Ու՞մ շահերն են սպասարկում

Մամուլում չեն դադարում Արցախը Հայաստանի նախկին իշխանության հետ նույնականացնելու միտումով արվող հրապարակումները:

Լրատվամիջոցներից մեկը տպավորություն է փոխանցել, թե «Արցախն ու նրա իշխանությունները դարձել են այն քաղաքական, նույնիսկ գաղափարական միջավայրը, պլացդարմը, որոնց վրա հենվելով՝ հին համակարգը ամբողջացնող քաղաքական ուժերը կառուցում են իրենց հարաբերությունները Հայաստանի նոր իշխանությունների հետ»:

Երեւում է, որոշ շրջանակների ձեռնտու չէ, որ Արցախում հաստատվել է ներքաղաքական կոնսենսուս առ այն, որ իշխանափոխությունը տեղի է ունենալու բացառապես սահամանդրական ճանապարհով՝ եկող տարի կայանալիք նախագահի եւ խորհրդարանի ընտրությամբ, եւ այդ մոտեցումը պաշտպանվում է Հայաստանի նոր իշխանության կողմից: Ըստ երեւույթին, ոմանք կցանկանային, որ Արցախում ,,հեղափոխական զարգացումներ,, սկսվեին՝ ինչպես որ նման նպատակ օրերս Ստեփանակերտում հնչեցրել է «Սասնա ծռեր» կուսակցության անդամ Ժիրայր Սեֆիլյանը:

Խնդիրն այն է, թե իրականում ու՞մ շահերն են սպասարկում քաղաքական այդ նպատակադրվածության կրող մի քանի տասնյակ անձինք Արցախում եւ նրանց գաղափարական ու քարոզչական հովանավորները Հայաստանում:

Ներարցախյան կայունությունը, հավանաբար, ձեռնտու չէ որոշ ուժերի, եւ նրանք ամեն ճիգ գործադրում են՝ տպավորություն հարուցելու, որ Արցախը «Հայաստանի նախկին իշխանությունների պլացդարմն է, որտեղից կարող է սկսվել հակահեղափոխություն»: Արցախի քաղաքական ամենաազդեցիկ ուժը՝ Ազատ հայրենիք կուսակցությունը, հայտարարել է, որ անվերապահորեն աջակցում է Հայաստանի նոր իշխանությանը եւ Նիկոլ Փաշինյանին: Որեւէ քաղաքական ուժ Արցախից այլ բնույթի տեսակետ չի հնչեցրել:

Այս իրավիճակում ինչի՞ վրա է հենվում ենթադրությունը, թե Արցախը «կարող է հակահեղափոխության պլացդարմ դառնալ»: Նման պնդում անելու հիմքեր չկան, փոխարենը մեծ է որոշ շրջանակների ցանկությունը՝ տարաձայնություններ սադրելու Հայաստանի եւ Արցախի իշխանությունների միջեւ:

Եւ կարելի է վստահաբար ենթադրել, որ դա ներհայկական ցանկություն չէ, մուծված է որեւէ երրորդ խաղացողի կողմից, որի նպատակը համահայկական համերաշխության տրոհումն է, Ստեփանակերտի կոշտ հակադրումը Երեւանին՝ դրանից բխող հետեւանքներով հանդերձ: Արցախյան առաջատար քաղաքական ուժերի համար խնդիր է դառնում իշխանափոխության հարցում կոնսենսուսին նոր բովանդակության հաղորդումը: Այս իմաստով անհասկանալի է որոշ կուսակցությունների լռությունը:

Եթե Արցախում քաղաքական աշխուժություն չսկսեն դաշտի հիմնական խաղացողները, ապա մեծանում է վակուումը զանազան խմբավորումներով լցնվելու հավանականությունը: Այդ դեպքում կարող է ծագել նաեւ «նավակ ճոճելու» գայթակղություն:

Համենայն դեպս, «Սասնա ծռերը» չեն թաքցնում, որ Արցախում մտադիր են նման տրամադրություններ գեներացնել: Ի՞նչ են առաջարկում մյուս քաղաքական ուժերը՝ երեւի պարզ կդառնա առաջիկայում: Նրանցից ամենաազդեցիկ Ազատ Հայրենիքն արդեն հայտարարել է, որ եկող տարվա քաղաքական գործընթացների ամենագործուն մասնակիցն է լինելու: