Քննադատում էինք եւ Լևոն Տեր-Պետրոսյանին, եւ Վանո Սիրադեղյանին, բայց մեզ ոչ ոք չէր ահաբեկում, չէր սպառնում
«Հրապարակի» զրուցակիցը գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանն է, ով ժամանակին Հանրային ռադիո-հեռուստատեսության խորհրդի անդամ էր՝ անցած տարի դուրս եկավ հանձնաժողովի կազմից:
- Ինչպես գիտենք, ՀՌՀ-ն «5-րդ ալիքին» տուգանել է 400 հազար դրամով, զուտ այն բանի համար, որ «Հայլուր կիրակի» թողարկման ժամանակ պամֆլետ ոճի ռեպորտաժ է հեռարձակել, որն ըստ ՀՌՀ-ի էրոտիկ բնույթի է: ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանի ֆեյսբուքյան գրառման մեջ նշել է, որ ժամանակին Հանձնաժողովում աշխատելիս Հարություն Հարությունյանը չի ունեցել ինքնուրույն որոշումներ ընդունելու փորձ, համարձակություն: Դուք տարիներ շարունակ եղել եք Հանրային հեռարձակող խորհրդի անդամ: Կպատմեք մեզ` նախկինում ի՞նչ ուղղորդումներ են եղել, ազատ չե՞ք եղել:
- Երբեք ինչ-որ հարց համաձայնեցել-չհամաձայնեցնելու խնդիր չի եղել առաջներում: Մենք անկախ էինք, համենայն դեպս, այն տարիներին, որ ես աշխատել եմ մեզ ոչինչ չեն ստիպել և չեն ուղղորդել: Նույնիսկ ծիծաղելի է: Ինչ վերաբերում է Հարություն Հարությունյանին, ապա նա մշտապես եղել է ինքնուրույն որոշող և ինքնուրույն աշխատող, այնպես որ իմաստ չունի նրան մեղադրելը:
- ՀՌՀ նախագահը լրագրողներին անվանել է փսլնքոտներ (ընդ որում՝ տառասխալով՝ փսլնկոտ): Նմանօրինակ բառամթերքի կիրառումը ՀՌՀ նախագահի կողմից, որը գրում է հայհոյանքը բացառելու մասին, բայց նման որակումներ է տալիս իրեն քննադատող լրագրողներին, ընդունելի՞ է։
- Տիգրան Հակոբյանն իմ ընկերն է, ես իրեն հարգում եմ, սակայն գտնում եմ, որ լրագրողների հասցեին սխալ ձևակերպումներով է հանդես եկել: Չի կարելի լրագրողի հասցեին այդպես արտահայտվել: Այն, որ մեր հեռուստալրագրողներից շատերն այսօր մանկախոս են, ավելի շատ քննարկում են երևույթի մոտիվն, այլ ոչ թե բուն խնդիրը` փաստ է, բայց լրագրողին փսլնքոտ անվանելու ի՞նչ կարիք կա: Դա Տիգրանի ոճը չէ, զարմանում եմ: Լրագրողի հետ կարելի է համաձայն չլինել մասնագիտական տեսանկյունից, սակայն ի՞նչ կարիք կա խոսել այդպես:
- Ձեր կարծիքով` ՀՌՀ-ն ինչո՞ւ է սևեռվել ընդդիմադիր հեռուստաընկերության վրա։
- Ո՞ր պետության մեջ ենք ապրում, ո՞ր շրջանում: ՔՊ-ական տղերքի դարաշրջանն այդպես է: Նրանք այդպես են անում, որովհետև այդպես են ուզում: Ժամանակին Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին, նաև Լևոն Տեր-Պետրոսյանին ես քննադատել եմ, սակայն ինձ ոչ ոք երբեք չի ահաբեկել դրա համար: Շատ տարիներ առաջ հրատարակում էի «ԱՐ» շաբաթաթերթը, Տիգրան Պասկևիչյանին էլ հրավիրել էի որպես գլխավոր խմբագիր: Քննադատում էինք և Լևոն Տեր Պետրոսյանին, և Վանո Սիրադեղյանին, սակայն ոչ մի ահաբեկում ուղղված մեզ, չի եղել: Տեր-Պետրոսյանի հետ ընկերներ էինք, անձնապես նեղանում էր երբեմն, բայց երբեք չէր ահաբեկում, չէր ուղղորդում, չէր սպառնում, նույնը և Վանո Սիրադեղյանի մասին կարող եմ ասել:
- Ազգային ժողովի ՔՊ խմբակցության պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանն ու Լիլիթ Մինասյանը հանդես են եկել լրագրողների դեմ հերթական նախաձեռնությամբ՝ պետական մարմիններին հնարավորություն են ընձեռում լրագրողներին հարկ եղած դեպքում զրկել հավատարմագրերից։ Երբևէ նման նախագիծ կպատկերացնեի՞ք:
- Լրագրողներին անգամ հիմա չեն թողնում դահլիճ, կամ աշխատասենյակ մտնել: Սա ի՞նչ է նշանակում: Երբ երկիրը պատերազմական իրավիճակում է, ինչ-որ տեղ գրաքննությունը կարող է հասկանալի լինել, բայց ինչքան գիտեմ իշխանությունները խաղաղության կոչերով ման են գալիս: Ինչի՞ մասին է խոսքը: Ի՞նչ կարիք կա լրագրողների հետ այդպես վերաբերվել: Շատ սխալ է, երեսի ջրով մի տեղ թողեք, որ մարդն իր մտածածը կարողանա արտահայտել: Սա մեզ վտանգավոր տեղ է տանում:
Կարծիքներ