Ուշագրավ զարգացումներ՝ Պոլսի Հայոց պատրիարքի ընտրական գործընթացի հետ կապված

Ուշագրավ զարգացումներ՝ Պոլսի Հայոց պատրիարքի ընտրական գործընթացի հետ կապված

Պոլսահայ «Ակօսն» իր հոդվածներից մեկում անդրադարձել է Կ․ Պոլսի Հայոց պատրիարքի ընտրությունների հետ կապված զարգացումներին։ Հիշեցնենք, որ մայիսի 15-ին պատրիարքարան էր այցելել Թուրքիայի ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուն, ընկերակցությամբ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների։

Այցի ընթացքում տեղի էր ունեցել քննարկում, որի արդյունքում որոշվել էր, որ պետք է փոխվի ավելի վաղ պատրիարքարանի որդեգրած սկզբունքը եւ պետք է ընտրվի պատրիարքական տեղապահ, ով էլ կազմակերպելու է նոր պատրիարքի ընտրությունները։ Հիեցնենք նաեւ, որ ապրիլի վերջին պատրիարքարանում գումարված կրոնական ժողովը որոշում էր կայացրել, որ պետք է պատրիարքական ընտրությունների գնալ առանց տեղապահ ընտրելու, ընտրական գործընթացը կազմակերպելու պատասխանատվությունը ըստ այդմ, դնելով ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի վրա։

«Ակօսը» ցավով արձանագրում է, որ Սոյլուի այցով, ըստ էության պետությունը միջամտում է ընտրական պրոցեսին, թեեւ մյուս կողմից էլ արձանագրում է, որ համայնքի որդեգրած մոտեցումը սխալ էր եւ պետությունը ըստ ամենայնի ուղղել է այն։

Ուշագրավ է այն, որ այս զարգացումները բացահայտում են մի բավական հետաքրքիր նրբերանգ, կապված պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի ու Ս Փրկիչ ազգային հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի ղեկավար Պետրոս Շիրինօղլուի միջեւ առաջ եկած հնարավոր հակասությունների հետ։ Բանն այն է, որ դեռ ապրիլին Կրոնական ժողովի նիստի ժամանակ, երբ Արամ արք․ Աթեշյանը անցկացնել էր տվել առանց տեղապահի ընտրություններ կազմակերպելու հարցը, Պետրոս Շիրինօղլին, ով հանդիսանում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մտերիմը, հայտարարել էր, որ ինքը դեմ է այդ ընթացքին, ու մեջբերելով 1863 թվականի Ազգային Սահմանադրությունը հայտարարել էր, որ պետք է պետությունը միջամտի ու ընտրվի տեղապահ։ Այս հայտարարությունից ընդամենը երկու շաբաթ անց Սուլեյման Սոյլուի այցը, ինքնին վկայում է այն մասին, որ Շիրինօղլին, կարողացել է օգտագործել թուրքական պետության մեջ ունեցած իր կապերը եւ առաջ մղել իր տեսակետը՝ ի հեճուկս Արամ արք․ Աթեշյանի։

«Ակօսը» մանրամասնում է նաեւ, որ Աթեշյանի ու Շիրինօղլուի հարաբերություններում ի հայտ են եկել ամենայն հավանականությամբ հակասություններ, քանի որ «Աքշամ» պարբերականի հետ զրույցում նա հայտարարել է, որ Մեսրոպ պատրիարքի մահվամբ փակվում է նաեւ պատրիարքական փոխանորդի առկայության անհրաժեշտությունը։ Աթեշյանն էլ իր հերթին հայտարարել էր, որ տեղապահի թեկնածու կարող են լինել ինքը եւ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը, ինչը կրկին կարող է լինել խնդրահարույց։

Փաստացի ներկայումս համայնքն ու եկեղեցին սպասում են, որպեսզի պետությունը տրամադրի պատրիարքական ընտրություն կատարելու կանոնադրություն եւ արտոնություն։ Թեկնածուների կարգի հետ կապված էլ սովորաբար մի քանի սկզբունքներ են հաշվի առել՝ կամ հնարավոր թեկնածուն պետք է ծառայություն իրականացրած լինի Թուրքիայում, կամ ինքը պետք է լինի թուրքահպատակ, կամ էլ վերջինիս նախնիները։ Դեռ պարզ չէ, թե պետությունը ինչ դիրքորոշում կընդունի, սակայն կարծես թե թուրքական պետությունն էլ իր յուրայինների միջոցով փորձում է ակնարկել, որ Աթեշյանի հանդեպ ունի վերապահումներ, գոնե հաշվի առնելով, այն, որ Շիրինօլուի մոտեցումը անցավ, իսկ նրանը՝ փաստացի կերպով՝ մերժվեց։ Եթե այս երեք սկզբունքներն էլ գործեն, ապա թեկնածուների թիվը էականորեն կընդլայնվի եւ համայնքը լուրջ ընտրություն կատարելու եւ լավագույնին ընտրելու հնարավորություն կունենա։