Տեխնիկական սխալների բարոյական եւ քաղաքական հետեւանքները

Տեխնիկական սխալների բարոյական եւ քաղաքական հետեւանքները

ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավարի եւ նրա տեղակալի արկածների մասին շատ խոսվեց: Վրդովմունքը Հայաստանում մեծ էր, փոքր չէր նաեւ վրդովված քաղաքացիներին ուղղված քննադատության ալիքը, թե այս ի՞նչ եք անում, ինչպե՞ս կարելի է սեփական երկրի վարկը գցել ԵԽԽՎ-ում եւ Հայաստանի վրա «տղա բերել»` ի դեմս Ռուսաստանի: Եթե ինձ մնար, կասեի` բան է` պատահել է, կանցնի-կգնա: Բայց ամբողջ հարցն այն է, որ Ռուբեն Ռուբինյանն ու Հովհաննես Իգիթյանն այնպիսի բան են արել, որի արդյունքում թե՛ Հայաստանի միջազգային վարկն է ընկել, թե՛ մեզ վրա բազմաթիվ «տղերք են եկել» եւ թե՛ մենք` ՀՀ քաղաքացիներս ենք համոզվել, որ Հայաստանն իրականում պետություն չէ, այլ կրկես` այդ բառի ամենատարողունակ իմաստով:

Մինչեւ Ռուսաստանի` ԵԽԽՎ վերադարձի հարցով հայկական պատվիրակության քվեարկությանն անցնելը, փորձենք թարմացնել մեր նախկին ընդդիմադիրների հիշողությունը, թե նրանք ինչեր են արել ժամանակին Հայաստանի վրա «տղա բերելու» անսքող ցանկությամբ: Տարբերություն չկա, չէ՞, թե որտեղից է այդ «տղան»` Վաշինգտոնից, Լոնդոնից, Անկարայից, Բեռլինից, թե Ռուսաստանից: Քանի՜ դեսպանատան դուռ է թակել անձամբ Լեւոն Տեր-Պետրոսյանը` Մարտի 1-ի «արյունահեղությունը» միջազգայնացնելու եւ ՀՀ իշխանության գլխին կոտրելու համար, ինչե՜ր է կազմակերպել ՀԱԿ-ը` Հայաստան ժամանած եվրապաշտոնյաներին ցույց տալու համար, որ մեր երկրում «լիքը քաղբանտարկյալ կա» (զոլավոր շապիկներով ցույցը հիշեք), ինչե՜ր չեն արել մեր ընդդիմադիրները` ՀՀ նախագահին օտար լրագրողների ներկայությամբ «ստորացնելու» համար: Եթե այս ամենն այսօր արդարացնում են Հայաստանում «ժողովրդավարության» առկայությամբ, ապա, առնվազն, պետք է բարի լինել եւ ընդունել, որ ԵԽԽՎ-ում Ռուբեն Ռուբինյանի եւ Հովհաննես Իգիթյանի պահվածքի պախարակումը եւս սովորական քննադատություն է` պայմանավորված նույն ժողովրդավարության եւ խոսքի ազատության առկայությամբ:

«Հրապարակի» հարցին` ինչպե՞ս են Ռուսաստանում վերաբերվում Հայաստանի պատվիրակության քվեարկությանը, ռուս վերլուծաբանը պատասխանել էր` ոչ մի կերպ: Սա շատ կոռեկտ պատասխան է, եթե հաշվի առնենք այն, որ միջազգային արենաներում Ռուսաստանը՝ որպես ՀՀ ռազմավարական դաշնակից, հակահայկական որեւէ բանաձեւի «կողմ» չի քվեարկել: Այո, Ռուսաստանին այս իմաստով վիրավորանք է հասցվել: Ժամանակին Հայաստանը «դեմ» է քվեարկել ԵԽԽՎ-ում Ռուսաստանին ձայնի իրավունքից զրկելուն: Այդ քվեարկությունը հասկանալի է եղել թե՛ Արեւմուտքի եւ թե՛ Ռուսաստանի համար: Ի՞նչ է պատահել, ուրեմն, որ ՀՀ պատվիրակության ղեկավարը դեմ է քվեարկում Ռուսաստանի վերադարձին ԵԽԽՎ` երկիրը ծիծաղի առարկա դարձնելով բոլորի աչքում: Մի՞թե պատճառն այն է, որ Հայաստանում հեղափոխություն է տեղի ունեցել: Բայց չէ՞ որ սա էլ մի ուրիշ կոմեդիա է հայ-ռուսական ջերմ եւ ավելի խորացող հարաբերությունների մասին ՀՀ իշխանությունների հավաստիացումների ֆոնին:

Ես վաղուց դուրս եմ եկել այն տարիքից, որ մեկնումեկը կարողանա ինձ համոզել, թե Հովհաննես Իգիթյանի բացակայությունն ու Ռուբեն Ռուբինյանի «դեմ» քվեարկությունը «տեխնիկական բնույթի» վրիպումներ են եղել: Տեղեկություններ կան այն մասին, որ նրանք քվեարկության նախօրյակին «շփումներ» են ունեցել ԵԽԽՎ-ում հակառուսական տրամադրություններ ունեցող այլազգի պատգամավորների հետ եւ ինչ-ինչ խոստումներ տվել: Սա միանգամից փոխում է իրավիճակը, ինչի պատճառով էլ, հավանաբար, Երեւանից կարգադրել են` շտկել սխալը: Հայկական պատվիրակության ղեկավարի հետագա քայլերի մասին գիտեն բոլորը: Վազ է տվել ռուսական պատվիրակության մոտ, ներողություն խնդրել, պատճառաբանել, թե «պատահաբար» է մատը դիպել «դեմ» կոճակին: Մոսկվան էլ, հասկանում ես, հավատացել է նրանց արցունքներին եւ իսկույն «ներել» է Ռուբինյանին: Գոնե Ռուբինյանի սելֆիներից այդպես է երեւում, բայց, ահա, ռուս վերլուծաբանի` «ոչ մի կերպ չենք վերաբերվում Հայաստանի քվեարկությանը» արտահայտությունը ստիպում է մտածել, որ Ռուբինյանն ու Իգիթյանը «կարգին զարմացրել են» մեր ռազմավարական դաշնակցին:

Ռուսաստանը Ռուբինյանի եւ Իգիթյանի քվեարկությանը չէր մնացել եւ «կողմ» ձայների մեծ առավելությամբ վերադարձավ ԵԽԽՎ, բայց սա, ինչպես քաղաքավարի կասեին, «սեւ սրտի մխիթարանք» է միայն, որովհետեւ մենք մեր ձեռքով Ռուսաստանին հնարավորություն տվեցինք այսուհետ մեկ-մեկ «սխալվել» հակահայկական բանաձեւերի ընդունման ժամանակ: Տա Աստված` այդպես չլինի:

Դավաճա՞ն են, արդյոք, Հովհաննես Իգիթյանն ու Ռուբեն Ռուբինյանը: Չեմ կարծում: Նրանք, ավելի շուտ, «դատարկ դհոլներ» են, մեկը` Հայաստանի վրա «տղա բերող» փաղանգի կարկառուն ներկայացուցիչ, մյուսը` այդ նույն փաղանգի մեկ այլ կարկառունի զավակ: Ասել է` նույն թիմն են ներկայացնում (ՀՀՇ), որ վերջերս արհեստականորեն ակտիվացվել է թավշյա հեղափոխության առաջնորդի ձեռամբ եւ հաջողությամբ օգտագործվում է Հայաստանն օտարների կեղտոտ խաղերի մեջ ներքաշելու գործում: Մենք այս փաստի հետ գործ ունենք հիմա, եւ, ճիշտն ասած, չգիտեմ` այս խայտառակության համար Հովհաննես Իգիթյանն ու Ռուբեն Ռուբինյա՞նը պետք է հրաժարական տան, թե՞ նրանց այդ պաշտոններին նշանակած Փաշինյանը: