Էդ կադրերը ո՞նց կարող եք նայել ու տանը հանգիստ նստել․ Ալլա Լեւոնյան

Երգչուհի Ալլա Լևոնյանը ևս երեկ Հանրապետության հրապարակում էր: Երգչուհին շոուբիզնեսի այն քիչ համարձակներից է, ով մշտապես կանգնած է եղել արցախցու կողքին, թեպետ չի սիրում «արցախցի, երևանցի, արարատցի, իջևանցի» տարանջատումները, ասում է, որ բոլորս էլ հայ ենք, իսկ այդ տարանջատումները պառակտիչ են ու վտանգավոր:
- Ալլա, տեսա՝ այն օրը Հանրապետության հրապարակում էիր։
- Չգիտեմ ինչ ասեմ ուղղակի: Որ մի հարցազրույց եմ տալիս, ֆեյքերն էնպիսի հայհոյանքներ են գրում, բա ինչեր են գրում արցախցիների մասին՝ տականքները.... էդ մարդիկ 9 ամիս շարունակ սոված-ծարավ պայքարում են, ու գիտես, չէ՞, էդ հայհոյանք գրողներից շատերը ֆեյք չեն` մայրեր են։ Ո՞վ են դրանք....
- Ու ցավալին այն է, որ բոլորիս շրջապատում կան նմանները:
- Վայ, չգիտեմ էս ինչ հասարակություն ենք մենք: Էս ո՞ւմ մեջ ենք մենք ապրում: Իշխանություններն անցողիկ են, բայց էս տեսակ հասարակության մեջ մարդիկ ո՞նց են իրար աչքերի մեջ նայելով ապրելու էսքանից հետո:
- Երևի տասնյակ տարիներ են պետք, որ հայ ժողովուրդը փոխվի` դեպի լավը:
- Երբ մի տեղ ես գնում, տեսնում ես շուրջդ լիքը մարդ կա, նայում ես ու չգիտես էդ մարդիկ ո՞ր տեսակին են պատկանում, ի՞նչ են մտածում, ինչի՞ են ընդունակ։ Ես, որ ժպիտով մարդ եմ, չեմ ուզում անգամ ժպտալ, որովհետև չգիտեմ ով է դիմացինս, ինչեր կարող է մտածել, դա ինձ համար ահավոր է: Չես կարողանում նման հասարակության մեջ հանգիստ ապրել, ո՞նց անենք.... չգիտեմ: Իմ մասին էլ ինչ ասես գրում են, թե իբր փախել եմ Հայաստանից, գնացել եմ Ամերիկա, հիմա տեսա՞ք, որ չեմ փախել: Փախնող լինեի՝ վաղուց էի փախել, փախնողը փախնում է, մնացողն էլ մնում է:
- Ինչո՞ւ դարձանք այսպիսին:
- Որովհետև մարդկանց մեջ կուտակված չարությունը` հայաստանցի, ղարաբաղցի, սևանցի, քյավառցի, մեզ էս օրին հասցրին: Մեր ղեկավարությունն էլ, որ Արցախից էր, դա էլ նպաստեց: Ես հիշում եմ, որ անգամ Վազգենին ասում էին` գեղացի: Լևոնին ասում են` քոռ Լևոն, ամեն մեկին մի վատ բան ասում են, ուզում ես Հիսուս Քրիստոսը եղիր, մեկ է՝ դեմդ դուրս եկողներ հաստատ կլինեն: Էս ինչ ժողովուրդ ենք, Աստված իմ....
- Ոստիկանների պահվածքը բա.....
- Դրանք հրահանգված են: Պատկերացնո՞ւմ ես էդ արցախցի երեխեքի վիճակը` Արցախում ծնողներ, քույրեր, եղբայրներ, հարազատներ ունեն: Թուրքերն ինչ ասես անում են, երեխեքն ուզում են հետ գնալ, չեն կարողանում, մի հատ էլ դրան գումարած ոստիկանն է ծեծում.... էս ո՞վ են դրանք, սիրտս պայթում է ուղղակի, էս ինչ անխիղճ ժողովուրդ դուրս եկանք:
- Արցախցի երիտասարդներին ԵՊՀ-ի դասախոսներն անգամ չեն կարեկցում:
- Կոմիտաս ու Համո Սահյան ենք լսել, մեզ թվացել է, թե մենք շատ լավն ենք, բայց չէ՝ սխալ է թվացել:
- Իսկ բողոքի ակցիաների մասին ի՞նչ կասես, ոմանք դժգոհում են, ասում են, որ ընդդիմադիրները դարձել են ճառասացներ:
- Իմ կարծիքով դժգոհությունները շատ չեն, էդ մարդիկ էլ էնպես չի, որ շատ են խոսում, ինչ պետք է, դա են ասում: Գուցե մի ծրագիր կա, չեմ կարող ասել, բայց ես հո՞ ընդդիմադիրների համար չեմ գնում հրապարակ, հրապարակ եմ գնում իմ ժողովրդի, իմ արցախցու, վերջապես իմ ու իմ երեխաների վաղվա օրվա համար: Տունը չեմ կարող նստել, սիրտս պաթում է, ո՞նց նստեմ տանը.... Էդ կադրերը ո՞նց կարող եք նայել ու տանը հանգիստ նստել: Լավ, էդքա՞ն անհաղորդ: Ես անզորությունից չգիտեմ ինչ անեմ, բայց գոնե էդպես ցույց եմ տալիս իմ ըմբոստությունը:
- Հետաքրքիրն այն է, որ 2018 թվականին բոլորը մեկ մարդու պես` Սերժի դեմ դուրս եկան փողոց, իսկ այսօր....
- Հիմա զբաղված են շատ.... հարցնում եմ` ինչի՞ չեք գալիս, ասում են` գործեր կան, բա էն ժամանակ ո՞նց էիք հասցնում՝ համ գործեր անել, համ փողոցներ փակել: Խարխլված ենք դարձել ու հիվանդ, բայց հայ ժողովուրդը միշտ վեր է հառնել, հույսս դա է: Ուզում եմ մեր մեծերին հավատալ: Թումանյանի նամակները, որ հիմա կարդում եմ, սիրտս պայթում է, նույն բանը կրկնվում է: Բայց տեսնո՞ւմ ես՝ էս ինչ լավ երիտասարդներ ունենք: Իրենք իրենց իրավունքների տերն են, ճիշտ է՝ էդքան էլ շատ չեն, բայց տես ինչքան ակտիվ են:
- Գոնե այդ ակտիվությունը վարակիչ լինի....
- Գոնե: Վստահ եմ: Մեջս էնքան կուտակված բան կա, չեմ կարող էլ լռել։
Կարծիքներ