Գյումրու քաղաքապետարանում ավտոմեքենա են վաճառում, նորը գնում՝ փոխքաղաքապետի համար

Գյումրու քաղաքապետարանում ավտոմեքենա են վաճառում, նորը գնում՝ փոխքաղաքապետի համար

Երեկ Գյումրու ավագանին որոշում կայացրեց համայնքի բյուջեից 3 մլն 300 հազար դրամ հատկացնել ծառայողական ավտոմեքենա գնելու համար: Բանն այն է, որ փոխքաղաքապետ Հայկ Սուլթանյանի համար  ավտոմեքենա գնելու նպատակով    Գյումրու քաղաքապետը դիմել է ավագանուն:  Քաղաքապետի խոսքերով՝ Սուլթանյանի մեքենան այնքան հին է ու անսարք, որ փոխանցման տուփը միայն հետ ու առաջ է անում:  

Ըստ քաղաքապետարանի ֆինանսական բաժնի պետ Լենա Ջիլավյանի՝ հնարավոր է ավտոմեքենան ձեռք բերեն նախատեսված գումարից էլ պակաս գնով: «Մենք չենք կարող շքեղություն թույլ տալ եւ ձեռք բերել բոլորովին նոր մեքենա, դրանք թանկ են, նախատեսել ենք 3 մլն 300 հազար դրամ ծախսել եւ երկորդական շուկայից օգտագործված մեքենա, նորմալ մեքենա ձեռք բերել»,-ավագանու անդամներին դիմեց նա ։ Նշենք, որ առաջին փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանը՝ քաղաքապետի փեսան, հրաժարվել է ծառայողական մեքենայից, քանի որ իր անձնական ավտոմեքենան է վարում: 

Ի դեպ, 6 ծառայողական մեքենա քաղաքապետարանի բալանսից վաղուց դուրս է գրվել եւ վաճառքի հանվել: Ինչպես ֆինանսական բաժնի պետը նշեց, երեք անգամ աճուրդի են հանվել BMW մակնիշի ավտոմեքենաներ, բայց այդպես էլ գնորդներ չեն հայտնվել: Հայկ Սուլթանյանին հատկացված ներկայիս ծառայողական «ՎԱԶ-21 15» ավտոմեքենան, որը, ըստ քաղաքապետի, միայն հետ ու առաջ է անում, առաջիկայում նույնպես կհամալրի  աճուրդի հանվող ավտոմեքենաների շարքը: