Եթե Մակունցն ասել է, ավելացնելու բան չկա

Եթե Մակունցն ասել է, ավելացնելու բան չկա

Հայաստանում էներգահամակարգի երեկվա խափանումները մի պահ մոռացության մատնեցին Ստամբուլյան կոնվենցիայի «ուրվականը», որը եկել-չոքել է ԱԺ աշնանային նստաշրջանի դռանը, երբ Հայաստանի խորհրդարանը ստիպած կլինի հստակեցնել՝ վավերացնո՞ւմ այն, թե՞ ոչ։

Ոչ անհայտ տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանը «ՍՏԱՄԲՈՒԼՅԱՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՆ ՎԱՎԵՐԱՑՎԵԼՈՒ Է» հեշթեգով գրել է, որ Հայաստանի տրանսգենդերներով պայքարելու են, որ կոնվենցիան վավերացվի։

Մինչդեռ օրեր առաջ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը մեկնաբանել էր, որ կոնվենցիան որևէ առնչություն չունի ո՛չ ԼԳՏԲ համայնքի ու տրանսգենդերների հետ, միմիայն բռնության ենթարկված կանանց ու բռնության ենթարկված անձանց իրավունքներն է պաշտպանում։ Այնինչ բազմաթիվ իրավաբաններ, սահմանադրագետներ հակառակն են պնդում։

Լիլիթ Մակունցը, ինչպես նաև Լենա Նազարյանը պաշտոնյա դառնալուց հետո անծանոթ «շարքային» զանգերին չեն պատասխանում, հետևաբար, Hraparak.am-ին չհաջողվեց անձամբ Մակունցին ուղղել «բա ասում էիք․․․» հարցը։ Փոխարենը զանգահարեցինք «Իմ քայլի» պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Սոս Ավետիսյանին և «Իմ քայլից» Հրաչյա Հակոբյանին։
Մեզ հետ զրույցում Սոսն ասաց․ «Ես տիկին Մակունցի հայտարարությանն ավելացնելու որևէ բան չունեմ։ Ես իրավաբան չեմ, բայց եթե խմբակցության ղեկավարը կարծիք է հայտնել, ավելացնելու բան չկա»։ Հարցին, թե, այսինքն, «այդքան անվերապահ հավատո՞ւմ եք խմբակցության ղեկավարի ասածին», Սոս Ավետիսյանը պատասխանեց․ «Ես վստահում եմ իմ խմբակցության ղեկավարին»։
Իսկ խմբակցության ներսում կա՞ «միատարր» կարծիք Ստամբուլյան կոնվենցիայի վերաբերյալ։ Իմքայլական պատգամավորն ասում է, որ իրենց մոտ որևէ հարցի շուրջ երբևէ միատարր կարծիք չի լինում։ «Լինում են քննարկումներ, որից դուրս են գալիս բանաձևեր»,- ասաց նա։

Խմբակցությունից Հրաչյա Հակոբյանն էլ որևէ կարծիք չուներ Ստամբուլյան կոնվենցիայի մասին, ասաց, որ չի կարդացել, չգիտի։