Ռուսական «Կոմերսանտում» իրավիճակը թեժ է

Ռուսական «Կոմերսանտում» իրավիճակը թեժ է

Ռուսական «Կոմերսանտ» պարբերականի աշխատակազմը կարծում է, որ հատուկ թղթակից Իվան Սաֆրոնովի եւ քաղաքական բաժնի խմբագրի տեղակալ Մաքսիմ Իվանովի աշխատանքից ազատումը Ռուսաստանում ազատ խոսքի վրա ճնշում է։ Միաժամանակ նաեւ տեղեկացնում է ընթերցողներին, որ տեւական ժամանակ պարբերականը ռուսական քաղաքականության մասին լուսաբանություններ չի կատարի։ Պարբերականի տարածած հայտարարության տակ ստորագրել են աշխատակազմի բոլոր 129 աշխատակիցները, իսկ հայտարարության իսկությունը հաստատել են գլխավոր խմբագրի երկու տեղակալները։ Իսկ ամեն ինչ սկսվել է նրանից, որ «Կոմերսանտ» պարբերականի բաժնետեր Ալիշեր Ուսմանովը պահանջել է նշված աշխատակիցներին հեռացնել աշխատանքից ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի մասին գրած հոդվածի պատճառով։ Հետաքրքրական է այն, որ Ուսմանովը նախ դրվատել է աշխատակիցներին հոդվածի համար, նույնիսկ պարգեւատրել, սակայն հետո դժգոհել ու պահանջել լրագրողներից, որ բացահայտեն հոդվածի համար հիմք հանդիսացած տեղեկությունները տրամադրող փակ աղբյուրներին։ Լրագրողները չեն կատարել պահանջը, ինչի պատճառով էլ որոշում է կայացվել, որ հեղինակները հեռացվեն աշխատանքից։ Այս ամենով հանդերձ, Ուսմանովի ներկայացուցիչները հայտարարել են, որ վերջինս որպես բաժնետեր չի խառնվում խմբագրության քաղաքականությանը եւ իմացել է հեռացման մասին՝ մամուլից։ Հայտնի է, որ խմբագրության տասնմեկ աշխատակիցներ դիմում են ներկայացրել աշխատանքից ազատվելու համար։