Սադրա՞նք է

Սադրա՞նք է

Հայրենական լրատվամիջոցներից մեկը, որոշակիորեն խմբագրելով առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերությունների պատրաստակամության մասին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խոսքը, ենթադրում է, որ նա «գաղտնի բանակցություններ է վարում Թուրքիայի հետ»: Դա լրատվամիջոցի՞ մոտեցումն է, թե՞ գործ ունենք քաղաքական որոշակի ուղղորդման հետ՝ չափազանց կարեւոր է: Չպետք է անուշադրության մատնել, որ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի երկու մասնակիցներ՝ ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն բաց կամ ենթատեքստային շեշտադրումներով հասարակությանը փորձում էին ներշնչել, որ Նիկոլ Փաշինյանը «պատրաստվում է ԼՂ հարցում գնալ անհամաչափ փոխզիջումների»:

Այս առումով ընտրություններում հաղթած ուժին, խոստովանենք, սպասում են բավական լուրջ փորձություններ: Մանավանդ որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները դեկտեմբերի 5-ին Միլանում Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հետ հանդիպումից հետո բանակցային գործընթացի բարձր մակարդակով վերսկսման հույս են հայտնել, ինչին հաջորդել է Սանկտ-Պետերբուրգում Փաշինյան-Ալիեւ նոր երկխոսությունը, որի ընթացքում քննարկվել են բանակցային գործընթացին, հրադադարի ռեժիմի ամրապնդմանը եւ երկու կողմերում պահվող անձանց փոխանակմանն առնչվող հարցեր:

Ընդհանուր տպավորությունն այն է, որ հայ-ադրբեջանական շփումներն ստանում են պարբերական բնույթ, ԱԳ նախարարների հաջորդ հանդիպումը ծրագրվում է առաջիկա հունվարին, խոսք կա, որ նախապատրաստվում է Փաշինյան-Ալիեւ արդեն պաշտոնական, արարողակարգային հանդիպում: Այս ֆոնին ռուսական փորձագիտական շրջանակներն սկսել են բազմանշանակ ակնարկներ անել հայ-թուրքական հարաբերությունների թեմայով:

Regnum-ի մեկնաբանը նույնիսկ ենթադրում է, թե այդ հարցում միջնորդ կարող է հանդես գալ... Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, որի հետ Նիկոլ Փաշինյանի դիվանագիտական շփումները «կարծես թե ստացվում են»:

Ընդ որում, հեղինակը կարծես թե միջարկված, բայց շատ ինտրիգային դատողություն է անում, թե դա հնարավոր կլինի, եթե «Ստեփանակերտի թիկունքում գործարկվի Լեռնային Ղարաբաղի խաղաքարտը»: Ըստ երեւույթին, ռուս փորձագիտական հանրությունը Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքականության նկատմամբ սեփական անվստահությունը փորձում է բարդել արցախյան կողմի վրա՝ ներշնչելով, թե հնարավոր է՝ Երեւանը եւ Բաքուն հասնեն սեպարատ համաձայնության, այդ հիման վրա սկսվի հայ-թուրքական հաշտեցման գործընթաց:

Այս տեղեկատվա-քարոզչական թնջուկից մի բան է հստակ հասկացվում՝ Ռուսաստանին ձեռնտու չէ ոչ ԼՂ կարգավորման բանակցություններում առաջընթացը, ոչ, հատկապես, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը: Եւ քանի որ Մոսկվայում կարծում են, որ արցախյան կողմը նույնպես ստատուս-քվոյի անվերապահ պահպանման կողմնակից է, փորձ է արվում լարվածություն սադրել Հայաստան-Արցախ հարաբերություններում՝ Նիկոլ Փաշինյանին վերագրելով ԼՂ հարցում սուբստանտիվ բանակցությունների պատրաստակամություն: Հայրենական լրատվամիջոցներից մեկի համար արված մեկնաբանությամբ Regnum-ի վերոնշյալ հեղինակը ծանրացել է Մնացականյան-Մամեդյարով վերջին հանդիպման ժամանակի վրա եւ կասկած հայտնել, թե բացառված չէ, որ կողմերն ինչ-որ գաղափարներ են քննարկում, որոնք առայժմ պահվում են գաղտնի: Այս համատեքստում նա իրեն թույլ էր տվել հարցադրում անել, թե որքանո՞վ են Արցախի նախագահը եւ ԱԳ նախարարը տեղյակ այդ բանակցություններից: Թե ինչու՞ է այդ հարցը հուզել ռուս մեկնաբանին՝ դժվար չէ հասկանալ: Նրան պետք է, որպեսզի Ստեփանակերտի եւ Երեւանի միջեւ տարակարծություն հասունանա:

Պետք է ենթադրել, որ Regnum-ը տվյալ դեպքում արտահայտում է ռուսաստանյան որոշակի քաղաքական շրջանակների պատկերացումները: Սադրանքն առայժմ տեղեկատվա-քարոզչական դաշտում է: Եւ որպեսզի այն չվերածվի քաղաքականի, Հայաստանի եւ Արցախի քաղաքական ղեկավարությանը հարկ է բաց եւ անկեղծ երկխոսություն եւ քայլերի հստակ կոորդինացիա: