Բացեք խաղաքարտերը, պարոնայք

Բացեք խաղաքարտերը, պարոնայք

Չնայած իշխող տպավորությանը, որ Արցախի սահմանադրությունը «սուպերնախագահական» կառավարում է նախատեսում, փաստացի գործ ունենք իրավիճակի հետ, երբ խորհրդարանը կարող է ձայների պարզ մեծամասնությամբ անվստահություն հայտնել երկրի ղեկավարին: Ընդ որում, հիմնական օրենքը չի սահմանում դրա իրավա-քաղաքական հիմքերը:

Պետք է ենթադրել, որ սահմանադիրը նկատի է ունեցել քաղաքական  ճգնաժամի հավանականությունը, երբ նախագահը կորցնում է Ազգային ժողովի մեծամասնությունը, որը հանգուցալուծվում է նրա պաշտոնանկությամբ, խորհրդարանի լուծարմամբ եւ նոր ընտրություններով: Սահմանադրական այսպիսի կարգավորման դեպքում. այսպիսով, համարժեք են նախագահի ընտրությունը եւ ԱԺ քաղաքական մեծամասնության ձեւավորումը: Հետեւաբար, առաջիկա ընտրությունները ոչ թե անձերի, այլ քաղաքական թիմերի մրցակցություն են: Խորհրդարանի դեպքում պարզություն, կարծես, կա. հայտ ներկայացրած կուսակցությունները ներկայացրել են պատգամավորի թեկնածուների իրենց ցուցակները: Թեեւ սահմանադրությունը եւ ընտրական օրենսգիրքը նման պահանջ չունեն, բայց իրավիճակի մեջ պարզություն մտցնելու համար, թերեւս, արժե, որ նախագահի թեկնածուներն էլ հրապարակեն իրենց «ստվերային կառավարության» կազմը: Արցախը միապետություն չէ, ժողովրդավարական երկիր է, եւ ընտրողն իր քվեն նախագահի այս կամ այն թեկնածուին տալուց առաջ ոչ միայն պետք է ծանոթանա նրա Ծրագրին, այլեւ՝ այն մարդկանց, ում միջոցով ընտրված նախագահն իրականացնելու է այն:

Ինչպես ասում են՝ թուղթը չի կարմրում, թղթի վրա կարելի է ամենախոստումնալի Ծրագիր շարադրել: Հարցն այն է, թե ի՞նչ թիմով է աշխատելու ապագա նախագահը, ու՞մ է նշանակելու պետական նախարար, ովքե՞ր են լինելու կառավարության անդամ,  ոստիկանապետ , ԱԱԾ տնօրեն, շրջանային վարչակազմի ղեկավար, գլխավոր դատախազի պաշտոնում ու՞մ թեկնածությունն է ներկայացնելու Ազգային ժողովին: Մի խոսքով՝ ո՞րն է նրա թիմը, քաղաքական ո՞ր ուժի հետ է կոալիցիա կազմելու, եթե նման անհրաժեշտություն ծագի: Տեսախցիկի առջեւ հեշտ է խոսել «նոր» կամ «վաղվա» Արցախի եւ «ժողովրդից թալանածը վերադարձնելու» մասին: Անհամեմատ դժվար է ձեւավորել պրոֆեսիոնալ քաղաքական գործիչների եւ կառավարիչների թիմ, ներկայացնել հանրությանը եւ փորձել այդ ամբողջ խճանկարով վստահության քվեի արժանանալ: Տպավորություն է, որ ոմանք պարզապես զգացմունքների եւ չբավարարված ցանկությունների վրա են խաղադրույք դրել: Ուստի կա խաղաքարտերը բացելու եւ հանրությանն ամբողջական թիմով ներկայանալու անհրաժեշտություն, որպեսզի պարզ լինի՝ բոլո՞րն են առաջնաբեմում, թե՞ հիմնական խաղացողները կուլիսներից անդին են, իսկ ասպարեզում՝ միայն «գլադիատորները»: