Ինչո՞վ է զբաղվում «Օրբելի» կենտրոնը

Ինչո՞վ է զբաղվում «Օրբելի» կենտրոնը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռ իր պաշտոնավարման մեկնարկին էր հայտարարել, որ կան ՊՈԱԿ-ներ, որոնք պետք է կրճատվեն։ Հասկանալի է, որ արդարացված չեն նրանց համար կատարվող ծախսերը առանց այն էլ մեր սուղ պետբյուջեի պայմաններում։

Վերջերս, սակայն, տեղի ունեցավ «Օրբելի» կենտրոնի բացումը, որին ներկա էին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այլ պաշտոնատար անձինք, ԱԺ պատգամավորներ։ 

«Օրբելի» կենտրոնի կայքում կան քաղաքականությանը, տնտեսությանը, անվտանգությանը, միջազգային, տարածաշրջանային խնդիրներին վերաբերող բաժիններ, որտեղ հրապարակված են վերլուծություններ։ Այդ վերլուծությունների հեղինակների մեծ մասը, դատելով նրանց անուններից, տեքստերից, ծանոթ չեն լայն հանրությանը։ Իսկ հանրությանը հայտնի տարբեր փորձագետներ, քաղաքագետներ ընդգրկված են այլ կենտրոններում, փորձագիտական խմբերում։
«Օրբելի» կենտրոնի մասին ավելի մանրամասն տեղեկություններ ստանալու համար մի քանի հարց էինք հղել ՀՀ վարչապետի աշխատակազմ։ 

Հետաքրքրվել էինք, թե տարեկան որքան գումար է հատկացվում պետբյուջեով «Օրբելի» կենտրոնին։ Մեզ հետաքրքրում էր, թե ինչ սկզբունքով, ովքեր են ներգրավված «Օրբելի» կենտրոնի վերլուծական աշխատանքներում։ Մյուս հարցը վերաբերում էր նրան, թե «Օրբելի» կենտրոնի վերլուծական աշխատանքները կոնկրետ ինչ նպատակների են ծառայելու։

Կառավարության աշխատակազմից մեզ արձագանքել են, որ «Օրբելի» կենտրոնը «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի նախագիծն է, չունի առանձին բյուջետային հատկացում, ֆինանսավորումն իրականացնում է ՊՈԱԿ-ի բյուջետային միջոցներով՝ հատկացված ՀՀ կառավարության կողմից։ Ըստ այդ պատասխանի՝ «Օրբելի» կենտրոնի վերլուծական աշխատանքներում ընդգրկված են ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի հաստիքային այն փորձագետները, որոնք ունեն մասնագիտական առավել մեծ հմտություններ, վերլուծական աշխատանքների փորձ, հրապարակված հոդվածներ։  Միաժամանակ մենք մեծ ուշադրություն ենք դարձնում երիտասարդ կադրերի մասնագիտական աճին, վերապատրաստմանը, հետեւաբար՝ նրանք նույնպես աստիճանաբար ընդգրկվում են հետազոտական աշխատանքներում, հրապարակում հոդվածներ։ 

Կառավարության աշխատակազմի պատասխանից պարզվում է, որ վերլուծական կենտրոնի հետազոտություններն ու հրապարակումները նախատեսված են մասնագիտական եւ հանրային լայն շրջանակների, պետական եւ մասնավոր տարբեր ոլորտների, վերլուծական այլ կենտրոնների համար։ Կենտրոնը պարբերաբար անդրադառնում է հանրային կարեւորություն ունեցող հարցերի, որոնց շուրջ մեր մասնագետները ներկայացնում են առաջարկներ, դիտարկումներ, որոնք նույնպես կարող են ունենալ կիրառական նշանակություն։