Պետությունը որոշել է աճուրդի հանել ավերակ շինությունը՝ առանց կացարան թողնելով 25 ընտանիքի․ տեսանյութ

Պետությունը որոշել է աճուրդի հանել ավերակ շինությունը՝ առանց կացարան թողնելով 25 ընտանիքի․ տեսանյութ

Նորք Մարաշում գտնվող կիսաավերակ շինությունում, որը նախկինում առողջարան է եղել, ապրում է մի ընտանիք՝ տիկին Սուսաննան եւ ամուսինը՝ Էդուարդը։ Թեեւ այս շենքում չկան կենցաղային պայմաններ, ներառյալ՝ ջուր, գազ, էլեկտրաէներգիա, բայց նրանք այստեղ են ապրում շուրջ 17 տարի։ Այժմ էլ լսել են, որ պետությունը շինությունը աճուրդով վաճառելու է, մտահոգվել են՝ ապրելու տեղ չունեն, չգիտեն՝ ուր են գնալու, ինչպես են հետագայում ապրելու։

«Երկու աղջիկ ունեմ, Ուկրաինայի հեռավոր գյուղերում են ապրում, չեն օգնում, մի բան էլ իրենք են ուզում»,-մեզ հետ զրույցում նշեց պարոն Էդուարդը։

Տիկին Սուսաննան, որը չցանկացավ նկարահանվել, ասում է՝ թե մի կացարան է խնդրում պետությունից, միայն թե իրենց այստեղից դուրս չհանեն․ «Մի կացարան տան, անտուն մարդիկ շատ կան։ Մենք ուզում ենք էստեղ ապրել, տան մի կացարան, էդ դեպքում լույս էլ կլինի, ջուր էլ կքաշեն։ Աշխատող մարդիկ կլինեն, չեն թողի էսպես։ Ոստիկանները եկել են, ասում են՝ մեզ եկել ա դիմում, մենք մեղավոր չենք։ Բա որ տեղ ունենայինք, տասնվեց տարի կապրեի՞նք ստեղ, իհարկե կգնայինք։ Ուրեմն ճար չկա, հնար չկա, որ դուրս չենք գալիս»։

Ոչ միայն այս ընտանիքը, այլ նաեւ նմանատիպ եւս քսանհինգ ընտանիք, որոնք կացարանի խնդիր ունեն, մի մասն ապրում է ազգականների տանը, մյուս մասը վարձակալական հիմունքներով, նույնպես ուզում են այս շենքում բնակարան ունենալ։ Նրանք անգամ բարերար են գտել՝ ամերիկաբնակ տիկին Ալիսան խոստացել է շենքի բարեկարգման համար տրամադրել 100 հազար ԱՄՆ դոլար։ 

25 ընտանիքների մի մասը, որոնք երեկ հավաքվել էին շենքի տարածում, գրավոր դիմել են կառավարությանը, որպեսզի շենքը տրամադրվի իրենց, իրենք սեփականաշնորհեն եւ պատրաստ են դրա համար ամեն ամիս գումար տալ պետությանը՝ որպես վարձ։ 

«Մենք խոսք են տալիս, որ թե՛ մաքրության, թե՛ շինարարական աշխատանքներին մասնակցելու ենք, ամեն ինչ անելու ենք, որ դառնա մեր սուրբ օջախը։ Մի տարվա ընթացքում գնացել-եկել եմ, տեսել եմ ազատ տարածք է, իմ նման մարդիկ, որոնք գտնվում են դրսում, մեկս մեկի հետ քննարկելով, եկել ենք էն եզրակացությանը, որ մեզ համար դառնա բնակելի տարածք»,-նշեց հավաքված քաղաքացիներից մեկը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ էլ մեծ հույսեր են կապել, այդ իսկ պատճառով են այս իշխանության օրոք դիմում կառավարությանը շենքի համար․ «Լավ աշխատանքներ է տանում մեր վարչապետը, հույսով ենք այս հարցում էլ մեզ կաջակցի»։