Քաղսիում թեժ ընտրություններ են սպասվում

Փետրվարի 17-ին Կոտայքի մարզի Նոր Գեղի, Քաղսի համայնքներում տեղ կունենան համայնքի ղեկավարի ընտրություններ:
Քաղսի համայնքում համայնքպետի աթոռի համար կպայքարեն նախկին գյուղապետ՝ Սեդրակ Դավթյանը, ավագանու անդամ՝ Գեւորգ Խուրշուդյանը, Ռուդիկ Կարապետյանը, ով տարիներ առաջ աշխատել է գյուղապետարանի աշխատակազմում, եւ Ռաֆայել Գրիգորյանը:
Մեզ հասած տեղեկություններով՝ համայնքի ղեկավար Սահակ Ալեքսանյանը ընտրություններին չի մասնակցի, քանի որ ամիսներ հետո Կոտայքում տեղի կունենա համայնքների խոշորացում. «Առողջական ու անձնական հարցերից ելնելով, չեմ առաջադրվի»,- մեր հարցին՝ ի պատասխան ասաց Ալեքսանյանը:
Նշենք, որ Սահակ Ալեքսանյանը հայտնի հեղինակություն Արամ Վարդանյանի` Վստրեչի Ապերի հորաքրոջ որդին է, ով գյուղապետ է ընտրվել 2014թ.-ի դեկտեմբերի 14-ին:
Համայնքի ղեկավարի թեկնածու, ավագանու անդամ Գեւորգ Խուրշուդյանը առաջադրել է իր թեկնածությունը, որ գյուղի խնդիրներին լուծում տա. «Մեր համայնքը շատ խնդիրներ ունի: Մեր գյուղը 2 մասի է բաժանված՝ Ներքին եւ Վերին Քաղսի: Գյուղում չունենք կոյուղի, չունենք ոռոգման ջուր, չունենք գիշերային լուսավորության: Գյուղի փողոցները 10 կմ է, իսկ գյուղամիջյան ճանապարհի միայն 3 կմ է լուսավորված: Դաշտի ճանապարհները ծայարհեղ վատ վիճակում են, սարը՝ անասունների համար ջուր չունենք, կուլտուրիայի տուն չկա: Որոշեցի առաջադրվել, որ գյուղի պրոբլեմները լուծենք»:
-Պարո´ն Խուրշուդյան, բավականին շատ խնդիրներ թվեցիք, ներկա եւ նախկին գյուղապետերը գյուղում որեւէ աշխատանք չե՞ն կատարել:
-Կատարել են:
-Ասեցիք գյուղում չկա կոյուղի: Գյուղում կա բուժամբուլատորիա, գյուղապետարան, դպրոց, որտե՞ղ են հոսում կոյուղաջրերը:
-Կարող եք գալ ավելի մոտիկից ամեն ինչ տեսնել: Ամեն մեկը իր առանձին փոսն ունի, կոյուղաջրերը լցվում են էդտեղ: Դա մեծ պրոբլեմ ա, նամանավանդ ամառը, ահավոր գարշահոտություն ա տիրում գյուղում:
-Եղել են դեպքեր, որ դե՞մ եք քվեարկել համայնքի ղեկավարի որոշումներին:
-Շատ ա եղել, միայն ես չեմ դեմ քվեարկել:
-Ո՞վ է ձեզ սատարում:
-Ես, ժողովուրդը: Ավագանի եմ ընտրվել 3 անգամ անընդմեջ, ով ա սատարել՝ ժողովուրդը:
Զրուցեցինք նաեւ մյուս թեկնածու՝ Ռուդիկ Կարապետյանի հետ: Ըստ նրա՝ ընտրությունները գյուղում շատ թեժ կլինեն, սակայն դժվարացավ ասել, թե 4 մրցակիցներից ում մեջ կլինի հիմնական պայքարը: Խոսելով գյուղի խնդիրներից Կարապետյանը առաջնահերթ համարեց ոռոգման ջրի ճանապարհների եւ գիշերային լուսավորության խնդիրը. «Առաջադրել եմ թեկնածությունս, եւ ցանկանում եմ գյուղի համար գործեր կատարել, որ գյուղը բարգավաճի: Գյուղում անպայման պայքար կլինի»:
-Պարո´ն Կարապետյան, ներկայիս գյուղապետի աշխատանքից գո՞հ եք:
-Ես չեմ թերագնահատում նրան, ահագին աշխատանքներ է կատարել:
-Ձեր գյուղում կրկին էշերով ջո՞ւր են կրում:
-Հիմա չէ: Չենք ասի ունենք 24 ժամ ջուր, բայց ջրի վիճակը փոքր ինչ լավացել է:
-Ո՞ւմ «դաբռոն» ունեք:
-Ժողովուրդը իմ հետա, ընթացքը ցույց կտա:
-Ձեզ չեն սատարում գյուղապետարանից կամ մարզպետարանից։
-Կլինեն, ես հիմա ոչ մի բան չեմ կարող ասել:
Գյուղապետի աթոռի համար պայքարող մյուս թեկնածուն նախկին գյուղապետ՝ Սեդրակ Դավթյան է, որի պաշտոնավարման ժամանակ Քաղսին ճանաչեցին որպես էշերով ջուր կրող գյուղ: Մեզ հետ զրույցում Դավթյանն ասաց, որ կիսատ գործեր ունի եւ առաջադրվել է այն ավարտին հասցնելու համար. «Կիսատ գործեր ունեմ թողած, ժողովուրդը պահանջեց, որ ես իմ գործը շարունակեմ»:
Ասացինք, որ նշի կիսատ գործերից մի քանիսը. Դա հեռախոսի խոսալու թեմա չի, էս պահին էլ տեղս հարմար չի ինձ մի զանգահարեք,- ասաց ու անջատեց հեռախոսը:
Կարծիքներ