Արդյոք նոր օրհներգը կնպաստի՞ ներգաղթին

Արդյոք նոր օրհներգը կնպաստի՞ ներգաղթին
Արամ Խաչատրյան

Հիմա շրջաններում մարդկանց մեծ մասին հետաքրքիր է ոչ թե օրհներգի փոփոխության կեղծ օրակարգը, այլ, օրինակ, թե որտեղից եւ երբ կարելի է ձեռք բերել դեպի Պերմ, Չելյաբինսկ կամ Մոսկվա թռիչքի էժան տոմս` արտագնա աշխատանքի հերթական սեզոնը սկսելու համար: Եվ դժվար է պատկերացնել, թե ինչպես են Հայաստանի հեռավոր շրջաններում մարդիկ նույնպիսի ոգեւորությամբ եւ էնտուզիազմով քննարկում օրհներգի փոփոխության խնդիրը, ինչպես Երեւանում: Դժվար է ոչ թե այն պատճառով, որ նրանք չեն ընկալում պետական խորհրդանիշի կարեւորությունը, այլ որովհետեւ այնտեղ կեղծ օրակարգերի անկարեւորությունը վաղուց են զգացել:

Եվ նվազագույն աշխատավարձ ստացող դպրոցի պահակը, տարվա բոլոր եղանակներին բնության հետ կռիվ տվող հողագործն ու անասնապահը, տղամարդուն կամ որդուն արտագնա աշխատանքի ուղարկող կինն ու մայրը, հավատացեք, մեղմ ասած՝ թքած ունեն թե՛ այս կեղծ օրակարգի, թե՛ կմկմացող պատգամավորի եւ թե՛ Երեւանում այդպես էլ չկարգավորվող երթուղային համակարգի վրա: Այստեղ մարդկանց քաղաքացիական պասիվ կեցվածքի հարցում մեղադրել չենք կարող, որովհետեւ տարիներով ձեւավորված սոցիալ-տնտեսական ծանր վիճակը նրանց մոտ առաջացրել է հարմարվողականության զգացում` «մեկ ա, ոչինչ չի փոխվելու» հանգուցալուծմամբ:

Եվ կրկին մնում ենք «մոսկվաներում» ասֆալտի գործի ու շինարարության հույսին: Այստեղ լոլիկի ջերմոցներով միլիոնատեր դառնալու ու անասնապահությամբ հարստանալու հեքիաթներին չեն հավատում, որովհետեւ գիտեն` առաջ Մոնումենտի դղյակներում, իսկ հիմա դեռեւս համեստ բնակարաններում ապրող չինովնիկներից դուրս պրծնող այս հեքիաթները Ֆեյսբուքում քաղաքացիական ակտիվի ականջը շոյելու համար են: Եվ դժվար է այստեղ դպրոցական երեխաներին համոզելը, որ լավ սովորելով հնարավոր է բարեկեցիկ ու ապահով ապագա կառուցել: Սովորեցնողները, մեծ մասով, իրենք էլ այլեւս չեն հավատում դրան, իսկ երեխաները տեսնում են, որ «մոսկվաներում» աշխատող լավ չսովորած հայրերն իրենց ավելի լավ են պահում, քան, ասենք, լավ սովորած ուսուցիչներն իրենց երեխաներին կամ ինչ-որ բան փոխել ցանկացող հողագործն ու անասնապահությամբ զբաղվողը:

Նման պայմաններում բարդ է խոսել կրթական որակի բարձրացման ու առողջ սերնդի դաստիարակության մասին, որովհետեւ հեռանկարի բացակայության պայմաններում յուրաքանչյուր երեխա մեծանում է օր առաջ արտագաղթելու ցանկությունը սրտում: Իհարկե, ստեղծված իրավիճակի մեղավորը նոր իշխանությունները չեն, եւ խնդրի արմատները 90-ականներում են, սակայն նրանք մեղավոր են այնքանով, որ նույնպիսի անտարբերությամբ շարունակում են անհետեւողական քաղաքականություն վարել շրջանային համայնքների նկատմամբ: Իսկ տնտեսության ակնկալող զարգացումն ու լուրջ բարեփոխումները` ներկա կադրային համակարգով, պոպուլիստական հայտարարություններով ու կեղծ օրակարգերի հաճախակի քննարկմամբ, դեռեւս տեւական ժամանակ չեն լինի` կրկին առաջացնելով արտագաղթի մեծացման սպառնալիքը: Իսկ այս ֆոնին օրհներգի փոփոխության հարցը, ԱԺ նախագահի վերարկուն, երիտասարդ պատգամավորի տարօրինակ մազերն ու ֆեյսբուքյան բուռն քննարկումները, մեղմ ասած, ծիծաղելի են: