ՌԱԿ Կենտրոնական վարչության հայտարարությունը

ՌԱԿ Կենտրոնական վարչության հայտարարությունը

   ՌԱԿ ԿՎ-ն  իր անհանգստությունն է հայտնում Հայաստանում ստեղծված ներքին լարված իրավիճակի կապակցությամբ, ինչը արտահայտվում է հասարակության բաժանման և միմյանց դեմ ատելություն սերմանելու փորձերով։ Փաստը հատկապես մտահոգիչ է, երբ դրանում ներգրավված են գործող իշխանությունը և նրան սատարող քաղաքական ու հասարակական կազմակերպությունները։ 
  Նմանատիպ պահվածքը պատճառ է հանդիսանում ՀՀ-ում ատելության մթնոլորտի ձևավորմանը։
  Հատկապես մտահոգիչ է, երբ գործող իշխանության ղեկավարը, փաստացի վերահսկելով գործադիր ու օրենսդիր մարմինները, այժմ  փորձում է ճնշում գործադրել դատական համակարգի վրա: Երևույթ, որն իր մեջ սահմանադրական համակարգի խախտման տարրեր է պարունակում:
  Առավել մտահոգիչ է այն փաստը, որ օրենսդիր մարմնի բացարձակ մեծամասնություն ունենցող անձը՝ վարչապետը, օրենսդրական փոփոխություններ իրականացնելու իրավունքի օգտագործման փոխարեն հակաօրինական գործողությունների է դիմում:

  ՌԱԿ Կենտրոնական վարչությունը կոչ է անում հետ կանգնել օրենքը խախտող և սահմանադրությանը հակասող ցանկացած գործողությունից, հետ կանգնել հասարակությունը պառակտող քայլերից:

  Հայաստանում ստեղծվել է մի իրավիճակ, որը վտանգում է Հայկական պետության ապագան։ Մենք չպետք է մոռանանք, որ ապրում ենք չավարտված պատերազմի պայմաններում, և ներքին խորքային պառակտումը և ատելության սերմանումը նպաստում է մեր թշնամիների ռազմատենչության ամրապնդմանը, միջազգային հանրության առաջ մեր մեր երկրի հեղինակազրկմանը:

  ՌԱԿ-ը լիահույս է, որ ստեղծված ոչ ցանկալի իրավիճակը ամենամոտ ապագայում բոլոր առողջ ուժերի և առաջին հերթին`գործող իշխանությունների ջանքերով կներմղվի գործունեության բնականոն հուն: