Հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել ԱԱԾ, մեղադրում են Արսեն Թորոսյանին 

Հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել ԱԱԾ, մեղադրում են Արսեն Թորոսյանին 

Հայկական առողջապահական ազգային խորհրդի փաստաբան Պավել Փոլադյանն ու բժիշկ, նյարդավիրաբույժ Մարինա Խաչատրյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում տեղեկացրին ԱԱԾ-ին հանցագործության մասին հաղորդում  ներկայացնելու մասին՝ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի և նախարարության որոշակի գործողությունների հետ կապված։ Փոլադյանը կետերով ներկայացրեց, թե կոնկրետ ինչ գործողությունների մասին է խոսքը։

«22.03.2019 թվականին տիկին Մարինա Խաչատրյանը և պարոն Հայկ Այվազյանը հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել ԱԱԾ՝ հստակ, կետ առ կետ նշելով այն բոլոր իրավական խնդիրները և այն բացթողումները, որոնք առկա են «Գարդասիլ 4» պատվաստանյութի հետ կապված։ Ես՝ որպես փաստաբան, հուսով եմ, որ բոլոր ապօրինությունները, որոնք տեղի են ունեցել, վարույթ իրականացնող մարմինը քրգործի շրջանակներում իր գնահատականը կտա։ Անդրադարձ կատարեմ այն հիմնական խնդիրներին, որոնք որ տվյալ գործի շրջանակներում պետք է որ առաջացնեն պատասխանատվություն և որոշ անձանց հանդեպ նաև քրեական պատասխանատվություն։ Ներկայացված կետերը հերթականությամբ թվարկեմ և փորձեմ մեկնաբանել․

1․ Առողջապահության նախարարը 2019 թվականի հունվարի 29-ին ստորագրել է 194 Ա հրամանը, որը չի հրապարակվել առողջապահության նախարարության պաշտոնական կայքում, հետևաբար՝ պահվել է հանրությունից գաղտնի։ Մենք տեղեկատվություն ստանալու մասին հարցում ենք ներկայացրել առողջապահության նախարարություն, որպեսզի պարզենք, թե որտեղ կարելի է որոնման միջոցով գտնել համապատասխան հրամանը, որովհետև որևէ կայքում այն տեղադրված չէ, տեղադրված չէ նաև առողջապահության նախարարության պաշտոնական կայքում։ Այս մասով նույնպես վարույթ իրականացնող մարմինը որոշակի գործողություններ պետք է անի։ 

2. ՀՀ առողջապահության նախարարի վերոնշյալ հրամանով ավելացվել են «Գարդասիլ 4» պատվաստանյութի կիառման տարիքային սահմանները՝ 14-45 տարեկան, ինչը նախատեսված չէ այդ պատվաստանյութի ընդհանուր նկարագրով՝ 5-26 տարեկան։ Նշված կետերի խախտումը, ըստ երևույթին, առաջացնում է պատասխանատվություն՝ Քրեական օրենսգրքով նախատեսված, մասնավորապես, 308-րդ հոդվածով, որը սահմանում է պաշտոնեական լիազորությունների չարաշահումը։

3. Տարբեր քաղաքացիների և կազմակերպությունների կողմից հրապարակվում են ապատեղեկատվություն, տագնապ առաջացնող  տեղեկատվություն և «Գարդասիլ» պատվաստանյութի գովազդ։ Սա ևս օրենքի խախտում է, խախտում կա «Գովազդի մասին» ՀՀ օրենքի մասով և «Դեղերի մասին» ՀՀ օրենքի մասով ևս։ Մասնավորապես՝ «Դեղերի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 8-րդ կետը, որը սահմանում է, որ արգելվում է ԶԼՄ-ներով դեղերը գովազդելիս հիշատակել հետևյալ հիվանդությունների մասին՝ շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդություններ, ուռուցքային հիվանդություններ և այլն, ինչը տվյալ պարագայում չի պահպանվել»։

Մանրամասները՝ տեսանյութում