Լեւոն Երանոսյանի եւ ոստիկանների միջեւ առերեսումներ են եղել․ գործի նախաքննությունն ավարտվել է

Լեւոն Երանոսյանի եւ ոստիկանների միջեւ առերեսումներ են եղել․ գործի նախաքննությունն ավարտվել է

Իր լիազորությունների շրջանակից դուրս գործողություններ կատարելու մեջ մեղադրվող ՀՀ ոստիկանության պետի նախկին տեղակալ Լևոն Երանոսյանի գործով հայտարարվել է նախաքննության ավարտ, գործը ուղարկվել կողմերին՝ ծանոթանալու։ Այս մասին «Հրապարակ»-ի հետ զրույցում հայտնեց Երանոսյանի շահերի պաշտպան Տիգրան Սաֆարյանը՝ նշելով, որ նախաքննությունը մանրամասն գնահատելու համար իրեն ժամանակ է հարկավոր։ Նա նշեց, որ գործին նյութերին ծանոթանալու համար իրենց ժամանակ է տրվել մինչեւ եկող երկուշաբթի օրը։ Ընդհանուր առմամբ, նյութերը կազմում է 15 հատոր։

Ըստ պաշտպանի՝ նախաքննության ընթացքում առերեսումներ տեղի են ունեցել Երանոսյանի եւ ոստիկանության զորքերի ծառայողների միջեւ։ Նրա խոսքով՝ պատրաստվում են միջնորդություններ ներկայացնել, սակայն դրանց բովանդակության մասին այս պահին չխոսեց․ «Մինչեւ քննիչին ներկայացնելը գտնո՞ւմ եք, որ մամուլին պետք է ներկայացնեմ՝ ի՞նչ միջնորդություններ պետք է ներկայացնեմ։ Գործի նյութերին ծանոթանալը, որ վերջացնենք, մի քանի միջնորդություններ այս պահին երեւում է, որ կա, բայց դրանց բովանդակությունն այս պահին չեմ կարող ասել»։ Նա նաեւ նշեց, որ իր պաշտպանյալը նախաքննության ընթացքում ցուցմունք տվել է, իրեն մեղավոր չի ճանաչել։

Հիշեցնենք, որ 2018 թվականի սեպտեմբերի 26-ին Լևոն Երանոսյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով։ Մեղադրանք էր առաջադրվել հանրորեն վտանգավոր այն արարքների համար, որ նա հատուկ միջոցների գործադրմամբ դիտավորությամբ կատարել է այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս էին եկել իր լիազորությունների շրջանակից և էական վնաս էին պատճառել քաղաքացիների իրավունքներին ու օրինական շահերին, ինչպես նաև անզգուշությամբ առաջացրել էին ծանր հետևանքներ: