Կքննարկե՞ն ռեկտորի հեռացման հարցը

Կքննարկե՞ն ռեկտորի հեռացման հարցը

Հունվարի 22-ին կկայնա Երևանի պետական համալսարանի հոգաբարձուների նոր խոհրդի անդրանիկ նիստը։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 28-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել էր ԵՊՀ կառավարման խորհրդի նոր կազմը։ Կառավարության կողմից խորհրդում ներկայացված են ԿԳՆ փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հ․ Արշամյանը, ԲՈՀ նախագահ Սմբատ Գոգյանը, լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը, ԿԳՆ տեսչական մարմնի ղեկավար Ալեքսանդր Շագաֆյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Տ․ Վիրաբյանը, և այլք։ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանից տեղեկացանք, որ առաջին նիստում ընտվելու է հոգաբարձուների խորհրդի նախագահ և քարտուղար, ապա հաստատվելու է ԵՊՀ բյուջեն․

«Պետք է հոգաբարձուների խորհրդի նախագահ, քարտուղար ընտրեն, 2-րդ նիստով պիտի լսեն հաշվետվությունը և բյուջեի հաստատումը»,- «Հրապարակի» հետ զրույցում ասաց Սիմոնյանը։

Ռեկտորին հարցրինք, թե, ըստ իրեն, ինչպիսի՞ կազմ է հավաքվել, ի՞նչ կարծիք ունի փոփոխությունների մասով․

«Նորմալ կազմ է, աշխատանքային կազմ է, ոչ մի արտառոց բան չեմ տեսնում, հավասարաչափ կազմ է։ Նախ այդ կազմի կեսը նախկինից է՝ ԵՊՀ աշխատողներն ու ուսանողները՝ բացառությամբ 2 ուսանողների, ովքեր նոր են։ Կառավարության և նախարարության կազմի մեջ էլ, գիտեք, 2 հոգի կան, որ նախկին կազմից են։ Միանգամայն նորմալ կազմ եմ համարում»։

Հաշվի առնելով ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանի հետ «փոխհրաձգությունները», հոգաբարձուների խորհրդի կազմի փոփոխությունը և ռեկտորի՝ ՀՀԿ կարկառուն ներկայացուցիչ լինելը՝ նրան հարցրինք, թե ի՞նչ է կարծում, մոտակա ժամանակները իր պաշտոնավարման հարցը կքննարկվի՞ նոր խորհրդի նիստում․

«Ես դրա մասին որևէ բան չեմ կարող ասել, հոգաբարձուների խորհուրդը կդնի՞ նման հարց, թե՞ չէ, չեմ կարող ասել։ Իսկ ինչ վերաբերում է հակասություններին, ապա այդ հակասությունները միայն իմը չեն, այդ հակասությունները համալսարանի ոչ իրավաչափ ստուգման հակասություններն են, և խնդիրը լուծման փուլում է, կերևա դեռ, մենք մեր առարկությունները կներկայացնենք»։

Իր վերջին ասուլիսի ընթացքում ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը կրկին բավականին սուր արտահայտվեց ռեկտորի հասցեին՝ ասելով, որ Սիմոնյանը մանիպուլյացիաներ է անում, որ բավականին մեծ չարաշահումներ են հայտնաբերել, և որ եթե ստուգումները շարունակվեին ԵՊՀ մասնաճյուղերում, ապա այդ թիվը կարող էր կրկնապատկվել։ ԵՊՀ ռեկտորին խնդրեցինք արձագանքել Սանասարյանի այս հայտարարություններին․

«Ամեն մարդ իր կարծիքը արտահայտելու իրավունք ունի, դիմացինն էլ իրավունք ունի իր կարծիքը արտահայտելու, համաձայնելու արտահայտած կարծիքի հետ կամ չհամաձայնելու»։