Մոսկվայում ադրբեջանական գործակալնե՞ր կան

Մոսկվայում ադրբեջանական գործակալնե՞ր կան

Բաքվի լրատվամիջոցներից մեկը տեղեկություններ է հրապարակել հուլիս ամսում Ռուսաստանից Հայաստանին նոր զինատեսակների մատակարարման մասին: Նշվում է, որ ընդհանուր առմամբ իրականացվել է յոթ թռիչք՝ ռազմատրանսպորտային ԻԼ 76 ինքնաթիռներով, Հայաստան է հասցվել ավելի քան 200 տոննա բեռ: Խոսքը հիմնականում արդիական ռադիոլոկացիոն պայքարի միջոցների մասին է, որոնք կարող են խափանել հակառակորդի կապը, գաղտնալսել եւ չեզոքացնել անօդաչու թռչող սարքերը: Խնդիրն Ադրբեջանի համար չափազանց զգայուն է: Տարիներ ի վեր պաշտոնական Բաքուն հպարտացել է սեփական զինված ուժերի տեխնոլոգիական հագեցվածությամբ:

Տավուշյան եռօրյա մարտերն ապացուցեցին, որ դա, մեզմ ասած, այնքան էլ այդպես չէ, հայկական ՀՕՊ ուժերը խոցեցին իսրայելական գերժամանակակից ԱԹՍ, իսկ ռադիոլոկացիոն պայքարի համակարգերին հաջողվեց դարձյալ իսրայելական ԱԹՍ անվնաս ցած իջեցնել: Ժամանակակից աշխարհում նման հաջողությամբ քիչ բանակներ կարող են հպարտանալ: Երեւում է, ադրբեջանական հանրությունը ցավոտ հարցադրումներ է անում իշխանությանը: Ահա այդ առերեսումից խուսափելու համար ալիեւյան քարոզչությունը կրկին կյանքի է կոչել Հայաստանին «ռուսական ռազմական աջակցության» գործոնը: Հուլիսին Հայաստանին Ռուսաստանից արդիական զինատեսակներ մատակարարելու թեմայի գեներացումն, անշուշտ, ներքին սպառման ապրանք է: Ալիեւը փորձում է «խրոխտ» կեցվածք ընդունել եւ ենթակա մամուլի միջոցով սպառնում, էր կարող է բացատրությունների համար ԱԳՆ հրավիրել Բաքվում Ռուսաստանի դեսպանին, բողոքի նոտա հղել եւ այլն:

Նախ, դիվանագիտությունը հիմնականում ոչ հրապարակային գործընթաց է: Երկրորդ, Մոսկվան Հայաստանին սպառազինություններ վաճառելու հարցում նույնքան ազատ է, որքան՝ Ադրբեջանի պարագայում: Երրորդ, Հայաստանը ՀԱՊԿ անդամ պետություն է: Թեման սրանով կարելի է սպառված համարել: Բաց է մնում մի հարց՝ ի՞նչ աղբյուրներից է ադրբեջանական մամուլը տեղեկացել Հայաստան իրականացված չվերթերի, բեռների, դրանց տեղափոխման երթուղիների մասին: Սպառազինությունների վաճառք Ռուսաստանն իրականացնում է բացառապես պետական խողովակներով: Եւ եթե Հայաստանի դեպքում տեղեկությունը տարածվել է ադրբեջանական մամուլ, ուրեմն ի՞նչ: Սպառազինությունների վաճառքով զբաղվող ռուսական պետական ընկերություններում ադրբեջանցի գործակալնե՞ր կան: Կամ այդպես է, կամ տեղեկությունն Ադրբեջանին է փոխանցել երրորդ երկիրը: Եթե հավատանք Բաքվի լրատվամիջոցին, ապա Ռոստովից օդա բարձրացած ԻԼ 76-ը մինչեւ Երեւանում վայրէջք կատարելն անցել է Ղազախստանի, Թուրքմենստանի եւ Իրանի օդային տարածքով:

Հնարավո՞ր է, որ այդ երկրներից մեկում օդանավերը կարճատեւ վայրէջք են կատարել՝ լիցքավորման նպատակով: Հնարավո՞ր է, որ ռուսական կողմը նախապես այդ երկրներին ծանուցել է իրենց օդային տարածքով Հայաստան սպառազինություններ առաքելու մասին, եւ տեղեկատվական արտահոսք կազմակերպել է այդ երեք երկրներից մեկը: Կարող են այլ վարկածներ եւս լինել: Բայց որ ՀԱՊԿ անդամ, դաշնակից երկրին սպառազինություններ վաճառելու գաղտնիքը դառնում է ադրբեջանական կողմի սեփականություն, որը Բաքուն օգտագործում է Մոսկվայի դեմ առնվազն տեղեկատվական դեմարշի նպատակով, պետք է առաջին հերթին անհանգստացնի Ռուսաստանին: Որովհետեւ դա նաեւ իր անվտանգության խնդիրն է:

Ահա այսպիսի տեղեկություն է հրապարակել ադրբեջանական լրատվամիջոցը