Փաշինյանի ուղենիշային հանձնարարականները՝ կառավարության նիստում

Փաշինյանի ուղենիշային հանձնարարականները՝ կառավարության նիստում

Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստին անդրադարձավ մի քանի կարևոր անելիքների և տվեց հանձնարարականներ, որոնց առաջիկայում պետք է իրականացվեն: Բայց նախ խոսեց ընտրության արդյունքներից՝ նշելով, որ ընտրություններցի հետո սա կառավարության առաջին նիստն է և ուրախ է արձանագրել, որ ընտրությունների արդյունքում իրենց կառավարությունը ՀՀ քաղաքացիներից ստացել է համոզիչ վստահության քվե։

Անդրադռանալով առաջիկա անելիքներին՝ նա թվարկեց մի քանի ուղենիշային հանձնարարականներ, որոնցից առաջինը ներդրումների խրախուսումն է։ Նրա խոսքով՝ ՀՀ նկատմամբ ներդրումային մեծ հետաքրքրություն կա, և այդ հետաքրքրությունն առաջիկայում շարունակելու է աճել:

«Ես ուզում եմ ՀՀ բոլոր պետական պաշտոնյաների ուշադրությունը հրավիրել այս հարցի վրա, և իմ ուղիղ հանձնարարականն է, որ պետք է ստեղծել բոլոր պայմանները և չստեղծել որևէ խոչընդոտ պոտենցիալ ներդրողների համար: Եվ հույս ունեմ, որ որևէ ազդակ չեմ ստանա որևէ պաշտոնյայի մասին, որ որևէ ներդրումային նախագծի առաջ խոչընդոտներ են հարուցում և այդպես շարունակ»,- ասաց Փաշինյանը՝ նկատելով, որ բյուրոկրատական քաշքշուկների ինստիտուտի վերացումը նախատեսված է իրենց ծրագրով:

Երկրորդ խնդիրը, ըստ Փաշինյանի, ռազմարդյունաբերական համալիրի զարգացումն է. «Այս խնդրի լուծումը ես կապում եմ Հայաստանը տեխնոլոգիական երկիր դարձնելու մեր տեսլականի հետ, ինչպես նաև ինժեներական ու գիտական միտքը զարգացնելու հրամայականի հետ, ինչը, իհարկե, առաջիկա ամենակարևոր անելիքների մեջ է»,-ասաց նա։

Հաջորդը զինված ուժերի մարտունակության բարձրացման հարցն է, որի մասին վարչապետը խոսել է նաև նախընտրական շրջանում. «Ասել եմ, որ առաջիկա հինգ տարվա ընթացքում մենք պետք է ի վիճակի լինենք զինված ուժերի զարգացման նպատակի համար ներդնել շուրջ 2.5 մլրդ դոլար: Այդ միջոցները գտնելու ուղղությամբ մենք պետք է լուրջ աշխատանք տանենք: Խոսքը հավելյալ միջոցների մասին է, որոնց մի մասը պետք է ուղղված լինի նաև զինծառայողների սոցիալական վիճակի բարելավմանը»:

Հաջորդը, ըստ վարչապետի, կրթության ոլորտի զարգացումն է, որտեղ լրջագույն անելիքներ կան. «Բարձրագույն կրթական համակարգը պետք է որակական նոր մակարդակի վրա դրվի, այն կոնկրետացնել և դրա կապը իրականության, տնտեսության կարիքների հետ ուժեղացնել: Մենք խոսել ենք նաև բարձրագույն կրթության ոլորտի համախմբման անհրաժեշտության մասին: Ես կարծում եմ, որ մեծ դիսբալանս է առաջացել պաշտոնական և գերատեսչական բուհական համակարգերի միջև, և մենք պետք է միասնականացնենք, որ լինի միասնական բուհական համակարգ»:

Պետք է բարելավվի նաև առողջապահության համակարագը։ «Որպես այս ամենի հանգուցալուծում՝ կամ գագաթնակետ, մենք պետք է ընկալենք որպես ՀՀ քաղաքացիների բարեկեցության էական ու շոշափելի փոփոխությունների արձանագրումը, և մեր նախընտրական ծրագրի կարևորագույն դրույթներից մեկն է ՀՀ-ում ծայրահեղ աղքատության վերացման խնդիրը»: