Սաթիկ Սեյրանյանի պատասխանը Աշոտ Մելիքյանին

Սաթիկ Սեյրանյանի պատասխանը Աշոտ Մելիքյանին

Ինչպես գիտենք, օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել էր hraparak.am-ի լուրին՝ պիտակավորելով ինչպես «Հրապարակ» օրաթերթին, այնպես լրատվադաշտի մեծ մասին։ Այս առումով Ժուռնալիստների միությունը հայտարարություն էր տարածել՝ մտահոգություն հայտնելով մամուլի նկատմամբ Փաշինյանի որդեգրած գործելաոճի վերաբերյալ։ Ժուռնալիստների միության հայտարարությանն էր անդրադարձել Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը, որը կոչված է Հայաստանում մամուլի և խոսքի ազատությունը պաշտպանելուն։ Մելիքյանը ասել էր, որ մեծ երևակայություն է պետք ունենալ՝ Փաշինյանի ասածները որպես ճնշում ընկալելու համար։ Նա նաև Ժուռնալիստների միությանն էր անդրադարձել՝ այն համարելով խորհրդային միության մնացորդ կառույց։ Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում Ժուռնալիստների  միության նախագահ, «168 Ժամ» թերթի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանը անդրադարձավ Մելիքյանի հայտարարություններին․

«Ես երջանկություն ունեցա այդ տեսանյութը դիտելու, ինքս հրաժարվել էի այդ հաղորդմանը մասնակցել, որովհետև եթե տվյալ լրատվամիջոցը չի հրապարակում մեր հայտարարությունը, ապա ես կարծում եմ, որ սխալ է նաև մասնակցությունը։ Տվյալ անձը խոսում է Ժուռնալիստների միության մասին հեգնանքով, որ սովետական մնացորդ կառույց է։ Ես կարծում եմ, որ որևէ մնացորդ կառույց, շենք, կազմակերպություն հնարավոր է նոր բովանդակությամբ լցնել, բայց մարդուն փոխել ՝ չէ, սովետական գաղափարների կրող, մնացորդ համարվող մարդուն՝ չէ։ Այդ անձը ասում էր, որ «Հրապարակի» լուրը այնքան անլուրջ էր, որ անհարկի լրջացվեց Նիկոլ Փաշինյանի, ապա նաև Ժուռնալիստների միության կողմից։ Փաստորեն Աշոտ Մելիքյանը տվյալ դեպքում անլուրջ է համարում Նիկոլ Փաշինյանին, մենք անլուրջ չենք համարում, որովհետև Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, կարևորել է այդ լուրի լրջությունը, որովհետև ինքը հարկ է համարել ֆեյսբուքում դիմել ամբողջ հանրությանը․․․»,- ասաց Սեյրանյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։