Ոչ պետականության հաշվին

Ոչ պետականության հաշվին

Միշտ կարծել եմ, որ չպատճառաբանված գովեստը փչացնում է իշխանություններին, եւ ամենադաժան քննադատությունն անգամ օգտակար է նրանց, քանզի բազմիցս ականատես ենք եղել, թե ինչպես է ամենահամեստ պաշտոնյան անգամ մի քանի ամսից կերպարանափոխվում՝ մեծամտանում, դառնում ամբարտավան ու անսխալական մի մոնստր, որին վստահված համակարգն ու աշխատողներն ուղղակի ձեռքը կրակն են ընկնում՝ երանի տալով նախկինին։

Այնպես որ, քննադատեք ինչքան ուզում եք, խտացրեք գույները, պահանջեք ավելին, քան իշխանությունն ունակ է անելու՝ դրանից վնաս չկա։ Բայց կա մի սահման, որից այն կողմ անցնելն անթույլատրելի է։ Դա, խոսակցական լեզվով ասած, դրսից տղա բերելու, դրսում մեր պարտություններից ու խայտառակվելուց հրճվելու, մեր պետության ինքնիշխանության ու արժանապատվության հաշվին քաղաքական հակառակորդներին նսեմացած ու ստորացած տեսնելու ձգտումն է։

Որքան էլ Նիկոլ Փաշինյանն ու նրա իշխանությունը ձեզ համար անընդունելի լինեն, որքան էլ երազեք նրանց հեռացումը, որքան էլ նրանց չարիք համարեք ու ամեն գնով մոտեցնեք իշխանափոխության օրը, երբեք դա մի արեք մեր պետության միջազգային հեղինակության կորստի հաշվին եւ մի ուրախացեք, երբ մեզ ուղղված սանկցիաներ են ձեռնարկվում, կամ մեր երկրի գլխին նոր վտանգներ են կախվում։ Հայ-ադրբեջանական հարաբերություններում էսկալացիայի նոր փուլը, ղարաբաղյան կարգավորման հարցում մեզ պարտադրված փաստաթուղթն ու զիջումները, այո, կարող են կրճատել Նիկոլ Փաշինյանին տրամադրված ժամանակը, բայց ոչ մի հայ չպետք է համաձայնի այդ գինը վճարելուն։ Դա հայրենիքի դավաճանությանը համազոր ցանկություն է, եւ մեր մի բուռ հայրենիքը նման կորուստներից այլեւս երբեք ուշքի չի գա։ Ո՛չ իշխանությունը պահելը, ո՛չ էլ նվաճելը չպետք է նման գնով ձեռք բերվի։