ՌԴ-ն կարող է երևակայական մանդատ ստանձնել նախկին ԼՂԻՄ, այլ ոչ թե ներկայիս Արցախի տարածքի հանդեպ ՝ Բաքվի համաձայնությամբ

 ՌԴ-ն կարող է երևակայական մանդատ ստանձնել նախկին ԼՂԻՄ, այլ ոչ թե ներկայիս Արցախի տարածքի հանդեպ ՝ Բաքվի համաձայնությամբ

Վերջին երկու օրերին Արցախի գրեթե բոլոր քաղաքական ուժերի, այդ թվում` պաշտոնական ներկայացուցիչները, անընդունելի են համարել Սամվել Բաբայանի՝ հակամարտությունը ռուսական մանդատի տակ դնելու թեզը, որը վաղուց մոռացված զորիբալայանական թեզի շարունակությունն է։ Դրա էությունն այն է, թե սա ոչ թե Ղարաբաղի հարց է, այլ՝ Ռուսաստանի։ Ավելին՝ այս առաջարկն արդեն որոշները կոչում են Արցախի աբխազացում։
Արցախի ՊԲ նախկին հրամանատարի հայտարարությունների հետ կապված՝ Hraparak.am-ը զրուցել է Արցախի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանի հետ։

- Պարոն Մելիքյան, սրանք արդյո՞ք Գյուլիստանի պայմանագրի հիշատակումներն են, թե 200 տարի առաջ այստեղ եք եղել, հիմա էլ եկեք։ Զորի Բալայանի նամակի շարունակությունը Վլադիմիր Վլադիմիրի Պուտինին։

- Հակամարտության սառեցման՝ Սամվել Բաբայանի կողմից բարձրաձայնված ռուսական մանդատի տարբերակը, իմ կարծիքով, բոլորովին իրագործելի չէ: Մանդատ կոչվածը կամ այս կամ այն տարածքի հանդեպ խնամակալության իրավունքը որևէ գերտերության էր տրվում շատ որոշակի քաղաքական, իրավական համաձայնեցումների արդյունքում ու միջազգային իրավունքի զարգացման պատմական շատ որոշակի փուլում: ՄԱԿ-ի հիմնադրումից հետո այդ պրակտիկան, ըստ էության, դադարեցվել է: Բայց դա դեռ հարցի մի կողմն է: Եթե անգամ նշված մոտեցումը կիրառելի լիներ մեր օրերում, ապա Արցախի համար դա անմիջապես տարածքային կորուստների դուռ կբացեր, քանի որ ստեղծված իրավաքաղաքական իրողություններում Ռուսաստանը կարող է այդպիսի երևակայական մանդատ ստանձնել նախկին ԼՂԻՄ տարածքի, այլ ոչ թե ներկայիս Արցախի Հանրապետության տարածքի հանդեպ, այն էլ՝ պաշտոնական Բաքվի համաձայնությամբ: Հայաստանի ու Արցախի հանրապետությունները պարտադրված են՝ համադրելու իրենց ռազմական ներուժն ու քաղաքական-դիվանագիտական հնարավորությունները՝ մեզ համար ընդունելի արժանապատիվ խաղաղության տարբերակն ապահովելու համար, ուստի թող զինվորականներն իրենց գործով զբաղվեն, դիվանագետները՝ իրենց: Բանակցային ճանապարհով մեր բոլոր, այդ թվում նաև տարածքային, շահերն ապահովելու հնարավորությունները պահպանվում են, բայց այդ ուղղությամբ կոնկրետ մասնագիտական աշխատանք տանելու անհրաժեշտություն կա: 

- Կարծո՞ւմ եք, որ սա վտանգավոր մոտեցում է, և եթե այո՝ ինչո՞վ։

- Այս մոտեցման կիրառումն անխուսափելիորեն պահանջելու է ռուսական զինուժի ներկայություն, որը պետք է տեղակայվի շատ որոշակի բաժանարար գծի երկայնքով: Սա նշանակելու է, որ հայկական զինուժը պետք է դուրս բերվի այն տարածքներից, որոնք նախկին ԼՂԻՄ կազմի մեջ չեն մտել: 

- Կա՞ն Արցախում քաղաքական ուժեր, որոնք նման մոտեցում կարող են ունենալ։

- Գոնե ես, առայժմ Արցախում նման քաղաքական ուժի գոյության մասին տեղեկություն չունեմ: