Հատուկ Փաշինյանի համար՝ նախագահը վատառողջ է և նախագահականում չէ

Հատուկ Փաշինյանի համար՝ նախագահը վատառողջ է և նախագահականում չէ

Այսօր տեղեկություն տարածվեց, որ Նիկոլ Փաշինյանն այցելել է նախագահ Արմեն Սարգսյանին և պահանջել, որ անհապաղ ստորագրի ԳՇ պետին պաշտոնից ազատելու իր միջնորդությունը։ Նախագահականից չհերքեցին տեղեկությունը, բայց և պարզաբանեցին, որ Արմեն Սարգսյանը մի փոքր վատառողջ է, և Նիկոլ Փաշինյանը գնացել էր ընդամենը նրան տեսակցության։ Փաստորեն, Նիկոլ Փաշինյանին բացահայտ մերժած, նրա հրաժարականը պահանջող Արմեն Սարգսյանի առողջությամբ վարչապետն այնքան է անհանգստացած, որ մի հատ էլ քաղաքավարական այց է կատարում նրա տուն՝ որպես հիվանդատես։ Այ այսքան ջերմացել են երկու պաշտոնյաների հարաբերությունները, որոնցից մեկի քայլերից էապես կախված է այսօր մյուսի ճակատագիրը։ Հավանաբար հետը միրգ ու բնական հյութ էլ տարած կլինի Նիկոլ Փաշինյանը։

«Քանի որ նախագահ Արմեն Սարգսյանը վատառողջ է, վարչապետը տեսակցելու նպատակով այցելել էր նրան: Բնականաբար, Հանրապետության նախագահն ու վարչապետն անդրադարձել են նաև երկրի ներքաղաքական իրավիճակին: Տարածվող այլ տեղեկությունները բացարձակապես սուտ են, և փորձ են ավելի սրելու առանց այն էլ լարված իրավիճակը»,- ահա այսպես կտրուկ որոշել էին սաստել նախագահականից «սուտ լուրեր տարածողներին»։

Նշենք, որ այսօր առավոտից լուրեր տարածվեցին, թե Նիկոլ Փաշինյանը մտադիր է երեկոյան մեկնարկելիք իր հանրահավաքի ժողովրդին քայլերթով ուղղորդել դեպի Բաղրամյան 26՝ նախագահական, որպեսզի ժողովուրդը տեղում մերժի  Արմեն Սարգսյանին։

Իշխանությունների կողմից այս տեղեկությունը հերքվեց, որ Նիկոլ Փաշինյանը երթը Բաղրամյան պողոտայով չի անցկացնելու։ Սակայն, հաշվի առնելով Փաշինյանի անկայուն բնավորությունը՝ չի բացառվում, որ նա, տեսնելով իրեն սատարողների բազմությունը, կտրուկ ոգևորվի, ընկնի էյֆորիայի մեջ ու որոշի, ամեն դեպքում, նրանց քայլեցնել դեպի նախագահական, որ մերժեն նախագահին՝ ձեռքի հետ էլ իրենց ուժը ցուցադրել Բաղրամյանում կանգնած ընդդիմադիրներին։ Մեզ մնում է միայն հուշել և հիշեցնել Նիկոլ Փաշինյանին, որ նախագահը, ամեն դեպքում, տանն է և վատառողջ է, այսինքն՝ նախագահականում չէ, ինքն էլ առավոտյան նրան գնացել էր տեսակցելու։ Ուստի, թող ավելորդ արկածախնդրության չդիմի, նախագահին մերժելու այլ՝ ավելի հարմար առիթներ գուցե լինեն։