Արցախի իշխանությունները՝ Արցախի նախագահը, Արցախի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը  ոչ ազնիվ խաղ են խաղում 

Արցախի իշխանությունները՝ Արցախի նախագահը, Արցախի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը  ոչ ազնիվ խաղ են խաղում 

Այսօր Արցախի մի քանի քաղաքական ուժեր եւ ՀԿ-ներ տարածել են հետեւյալ հայտարարությունը․ «Մենք՝ ազգային-պետական պատասխանատվությամբ առաջնորդվող արցախահայության ներկայացուցիչներս վերահաստատում ենք միացյալ Հայոց ինքնիշխան պետության անքակտելի, անօտարելի և լիիրավ մաս լինելու և Արցախում օրինավոր պետական իշխանություն հաստատելու քաղաքական վճռականությունը: Միացումը համազգային գերակա նպատակն է՝ Արցախի և ողջ Հայաստանի անվտանգությունն ու ազգային պետականակերտումը երաշխավորող օրակարգը»:

Հայտարարությունը ստորագրել են «Անկախության Սերունդ», «Արցախի Հանրապետական», «Միացյալ Հայաստան», «Ռամկավար Ազատական», «Ինքնություն եւ միասնություն», «Սասնա Ծռեր» արցախյան   կուսակցությունները, «Արցախյան Զարթոնք» նախաձեռնող խումբը, «Արցախի Հանրապետության Աֆղանստանի պատերազմի վետերանների միությունը», «Բեկում» կուսակցության նախաձեռնող խումբը, «Միացյալ Հայաստան» հայրենասիրական ՀԿ-ն,  Գագիկ Ավանեսյանը՝   Հադրութից,  Հրաչյա Արզումանյանը՝  «Աշխարհ» Ռազմավարական կենտրոնից,  Ռուսլան Իսրայելյանը՝  ԱրՀ ԱԺ պատգամավոր,  Արկադի Կարապետյանը՝ Արցախի ինքնապաշտպանության ուժերի առաջին հրամանատար,  Ալեքսանդր Քանանյանը՝ Քարվաճառից:
«Սասնա ծռեր» կուսակցության քարտուղարության անդամ Ալեք Ենիգոմշյանից հետաքրքրվեցինք, թե որքանով կապ ունեն հայաստանյան եւ արցախյան «Սասնա ծռեր» կուսակցությունները, որքանով են համաձայնեցված նրանց գործողությունները։

«Այո՛, մենք միեւնույն գաղափարախոսությունն ենք կրում եւ միեւնույն նպատակներն ենք հետապնդում։ Իհարկե, կապը կա, բայց հանգամանքներից ելնելով՝ ունենք Արցախում առանձին գրանցված կուսակցություն»,- ասաց Ալեք Ենիգոմշյանը։

Ինչ վերաբերում է տարածված հայտարարությանը, ապա մեր զրուցակիցը կարծում է, որ այնտեղ դրված է Արցախ-Հայաստան արհեստական երկվությանը վերջ տալու առաջնահերթությունն է դրված։ Նրա կարծիքով՝ հայտարարությունը ստորագրած կազմակերպություններն ու անհատները համարում են, որ առաջնային խնդիրը 88-ից սկսած միացման գործը ավարտին հասցնելն է։ 

«Արցախյան ազատամարտից հետո, վերջին ժամանակներս, փորձեր են կատարվում Հայաստանի եւ Արցախի դե ֆակտո միացումը ձգել։ Բազմաթիվ օրինակներ կան։ Եվ միացման գաղափարն առաջնային կարեւորություն է ստանում։ Այսօր գլխավոր խնդիրն է՝ վերացնել արհեստական տարանջատումները, որպեսզի ներկա Հայաստանը դառնա մեկ երկիր։ Հիշեցնեմ, որ դա Շարժման սկզբում դրված խնդիրն էր»,- նշեց Ենիգոմշյանը։
Մեր հարցին, թե կա՞ն հակասություններ ՀՀ-ի եւ Արցախի իշխանությունների միջեւ, Ալեք Ենիգոմշյանն արձագանքեց․ «Նախ՝ մենք պետք է ընդունենք, որ Արցախը Հայաստանի մի մասն է, թեեւ Արցախն ունի առանձին իշխանություն։

Մեկ տարի առաջ Հայաստանում տեղի ունեցան փոփոխություններ, բայց այդ փոփոխությունները զուգահեռ տեղի չունեցան Արցախում։ Երբ մենք ականատես ենք լինում, որ ռեւանշիստները եւ օտար պետությանը ծառայող ուժերը փորձում են վերստին կենդանանալ Երեւանում, նրանց կարեւոր հենարաններից մեկը Արցախն է։ Եվ Արցախի իշխանությունները՝ Արցախի նախագահը, Արցախի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը  ոչ ազնիվ խաղ են խաղում։ Խնդիրը ոչ այնքան իշխանություններին է վերաբերում, որքան՝ ազգային օրակարգին եւ շահերին վնասող գործարքներին, որոնց պետք է վերջ տալ»։