Զեյնալյանը ո՛չ հերքում, ո՛չ հաստատում է, որ այցելել է Քոչարյանին

Զեյնալյանը ո՛չ հերքում, ո՛չ հաստատում է, որ այցելել է Քոչարյանին

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանից այսօր հետաքրքրվեցինք՝ այցելե՞լ է Ռոբերտ Քոչարյանին բանտում, և ճի՞շտ է, որ վերջինս մերժել է նրան ու չի ընդունել, իրեն պատճառները հայտնի՞ են, թե ինչու է մերժել։

«Եթե ես հայտնեմ պատճառները, թե ինչու է նա մերժել, նշանակում է, որ ես համաձայնություն եմ տալիս ձեր այն փաստին, որ ես հանդիպել եմ»,-ասաց Արտակ Զեյնալյանը։

Նրա խոսքով՝ դա հրապարակման ենթակա տեղեկատվություն չէ՝ հիշեցնելով, որ քրեակատորողական հիմնարկները, այդ թվում՝ կալանավայրերը, գտնվում են իր ենթակայության տակ, և ինքը այցելել բոլորին և ծանոթացել պայմաններին։

«Իսկ ում հետ եմ հանդիպել, ինչ պայմաններում եմ հանդիպել, դա հրապարակման ոչ ենթակա տեղեկություն է»,-ասաց նախարարը։ Hraparak.am-ի դիտարկմանը, թե նման տեղեկություն կա, ամեն դեպքում, որ ինքը այցելել է Քոչարյանին, նա էլ չի ընդունել իրեն, Զեյնալյանն ասաց․ «Ես ո՛չ հաստատում եմ, ո՛չ հերքում եմ, որովհետև այս տեղեկությունը փակ է»։