Ի՞նչ առնչություն է ունեցել Բագրատ Եսայանը կնոջ՝ դպրոցի տնօրեն ընտրվելու հարցում

Ի՞նչ առնչություն է ունեցել Բագրատ Եսայանը կնոջ՝ դպրոցի տնօրեն ընտրվելու հարցում

Երեւանի թիվ 17 հենաշարժական խնդիրներ ունեցող երեխաների հատուկ դպրոցը մամուլի ուշադրության կենտրոնում էր հայտնվել 2017թ․ սեպտեմբերին, երբ դպրոցում  տնօրեն- կոլեկտիվ հակամարտությունն էր ծագել։ Իսկ խնդիրն այն էր, որ դպրոցի կոլեկտիվը չէր ընդունում այն ժամանակ կրթության եւ գիտության նախարարի դաշնակցական խորհրդական Բագրատ Եսայանի կնոջը՝ նոր տնօրեն Վերգինե Եսայանին։ Հիշեցնենք, որ այն ժամանակ կրթության եւ գիտության նախարարն էր դաշնակցական Լեւոն Մկրտչյանը, եւ ըմբոստացած կոլեկտիվը պնդում էր, որ այդ գործոնն էր դեր խաղացել Վերգինե Եսայանին տնօրեն ընտրելու հարցում։ 

Հետո, արդեն 2018թ․ թավշյա հեղափոխությունից հետո, երբ դաշնակցական նախարարին փոխարինեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Արայիկ Հարությունյանը, դատարանը չեղարկել էր Վերգինե Եսայանի նշանակման հրամանը եւ պարտադրել՝ նոր մրցույթ անցկացնել, որից հետո տնօրենը դիմում էր տվել եւ հեռացել պաշտոնից։ 
Երեւանի թիվ 17 դպրոցի տնօրենի նոր մրցույթը կայացել է օրեր առաջ՝ մարտի 11-ին, դպրոցի տնօրեն է ընտրվել Վերգինե Եսայանը։ Մեզ հետ զրույցում Վերգինե Եսայանը ասաց, որ սկզբում դպրոցի տնօրենի 4 հավակնորդ է եղել, սակայն մրցույթի օրը մնացել են ինքն ու Հայարփի Մինասյանը՝ դպրոցի նախկին տնօրենի դուստրը։ Թե ինչ պատճառներով մյուս երկու հավակնորդները չեն մասնակցել մրցույթին՝ Վերգինե Եսայանը տեղյակ չէր։ 

Հարցին, թե նախկին լարվածությունը տնօրենի եւ կոլեկտիվի միջեւ հաղթահարվե՞լ է, չէ՞ որ ՀՅԴ-ն այսօր իշխանություն չէ, Վերգինե Եսայանն արձագանքեց, որ խնդիրներ ինքը չի տեսնում։ «Ի՞նչ խնդիր կարող եմ ունենալ։ Իրականում իմ տնօրեն նշանակվելու հարցում Բագրատ Եսայանը որեւէ առնչություն չի ունեցել, դաշնակցական լինելն էլ առնչություն չի ունեցել։ Այդ հարցը շրջանառության մեջ դրվեց եւ շահարկվեց որոշ մարդկանց կողմից։ Եվ այսօրվա իմ ընտրությունն ապացուցեց, որ անցյալ անգամ էլ ես ընտրվել եմ ոչ թե Բագրատ Եսայանի կինը լինելու պատճառով, այլ որ ես այդ ոլորտի ներկայացուցիչ էի, ունեի իմ լուման, պատկերացումները։ Եվ այս անգամ ո՛չ Բագրատ Եսայանը դերակատարում ուներ, ո՛չ Լեւոն Մկրտչյանը, եւ ստացվեց այն, ինչ ստացվեց։ Դա եւս մեկ ապացույց էր, որ իմ ընտրվելը Բագրատ Եսայանի հետ կապելն ուներ շահադիտական նպատակ»,- ասաց Վերգինե Եսայանը։ 

Մեր հարցին, թե ԿԳՆ ներկա նախարարն ինչպես է իրեն վերաբերվում, մեր զրուցակիցը պատասխանեց․ «Իմ ընտրվելն արդեն դրա ապացույցն է»։