ԲՀՀ աշխատաոճն ինձ համար անընդունելի է

ԲՀՀ աշխատաոճն ինձ համար անընդունելի է

Դուք, այսպես ասած` «կոտ, կատորիյ գուլյայետ սամ պո սեբե»։ Այնուհանդերձ, Ձեր անունը մե՛կ շոշափվում է «Սորոսի» հիմնադրամի հետ կապված, մե՛կ չի շոշափվում. ի՞նչ խնդիր կա՝ հարցրինք «Իմ քայլի» պատգամավոր Սոֆյա Հովսեփյանին։ «Անունս երբեւէ չի շոշափվել եւ չի էլ կարող շոշափվել, որովհետեւ ես երբեւէ որեւէ գործունեություն չեմ ունեցել իրենց հետ։ ՎԵՏՕ-ի պատին սկզբում եղել է նկարս, որովհետեւ ես աշխատել եմ «Հույսի կամուրջ»-ում, ենթադրվել է, որ ծրագրերի մեջ ներգրավված եմ եղել, սակայն ես պարզապես որպես հոգեբան եմ աշխատել, առհասարակ չեմ առնչվել այդ ծրագրերին, բայցեւ լուրջ խնդիրներ եմ տեսել «բաց հիմնադրամների» իրականացրած ծրագրերի մեջ»։

Ի՞նչ խնդիրներ։ «Իրենք ֆինանսավորում են հետազոտություններ՝ այս կամ այն ոլորտի խնդիրներն արձանագրելու համար․ ամեն տարի նույն կազմակերպությունները, նույն դեմքերը ստանում են այդ գումարները, հետազոտություն անում միշտ նույն ոլորտի նույն խնդիրների վերաբերյալ, սակայն երբեք չեն գնում այդ խնդիրների վերացման ճանապարհով»: Դա հատուկ նպատակո՞վ է արվում, այդ մասին տեղեկացրե՞լ եք իրենց։ «Ե՛վ իրենց եմ տեղեկացրել, ե՛ւ հնարավոր բոլոր քննարկումների ժամանակ բարձրաձայնել եմ այդ մասին»: Ներեցեք, Դուք հիմա իրենց մեղադրում եք փող լվանալո՞ւ, թե՞ անհրաժեշտ ինֆորմացիա հավաքագրելու մեջ։ «Ո՛չ այն եւ ո՛չ էլ մյուսը. դա իրենց աշխատանքի ոճն է, որն ինձ համար անընդունելի է, եւ դա արդյունավետ գործունեություն չէ»: