Կանխատեսումներ՝ Ռուսաստանի, Իրանի եւ Թուրքիայի մասին․ Stratfor․ Մաս 1-ին

Կանխատեսումներ՝ Ռուսաստանի, Իրանի եւ Թուրքիայի մասին․ Stratfor․ Մաս 1-ին

Ամերիկյան հետախուզական-վերլուծական Stratfor գործակալությունը հրապարակել է զեկույց այն մասին, թե ինչպիսին կլինեն աշխարհաքաղաքական զարգացումները 2019 թվականի երրորդ եռամսյակի համար։ Զեկույցում հատկապես շատ տեղ հատկացված է Ռուսաստանին, Թուրքիային ու Իրանին։ Կա հիշատակություն նաեւ Ադրբեջանի մասին։ Ըստ այս զեկույցի, Սիրիայում կշարունակվի մեծ տերությունների աշխարհաքաղաքական մրցակցությունը։ Այնուամենայնիվ ապաէսկալացիոն գոտիների առկայությունը եւ եղած կոնտակները թույլ չեն տա, որ բախումները վերաճեն լուրջ առճակատման։ Պարբերականը այստեղ բացառություն է համարում Իդլիբը, որտեղ Թուրքիան հնարավոր է բախվի սիրիական կառավարական զորքերի, ռուսական զինվորականների կամ խորհրդականների ու իրանական ուժերի հետ։ Պարզ է, որ բացի Թուրքիայից բոլորն էլ ուզում են, որ Դամասկոսը վերահաստատի իր իշխանությունը Իդլիբում։

Հնարավոր է, որ բախումներ լինել Իրանի եւ Իսրայելի, Իրանի եւ ԱՄՆ եւ ԱՄՆ եւ Սիրիայի միջեւ։ Stratfor-ը գրում է նաեւ, որ այս տարվա հուլիսին Թուրքիան կստանա ռուսական Ս-400 համակարգերը, ինչին կտրուկ դեմ է ԱՄՆ-ն։ Հուլիսին կհանդիպեն, ամենայն հավանականությամբ, Թուրքիայի եւ ԱՄՆ նախագահները։ Երկուստեք կփորձեն փոխզիջումներ գտնել։ Անկարան կմնա Սպիտակ տան նշանառության տակ՝ Իրանի հետ ունեցած էներգետիկ կապերի ու Ռուսաստանի հետ ունեցած ռազմական համագործակցության պատճառով։ Այս տարվա երրորդ եռամսյակում Ամերիկան կփորձի կարգուկանոն հաստատել իր տձեւ արտաքին քաղաքականության մեջ։ Բացի առեւտրային պատերազմների մանիպուլյացիաների խնդրով զբաղվելուց, ամերիկյան վարչակազմը ստիպված կլինի բալանսավորել նաեւ արտաքին քաղաքականության մրցակցային առաջնահերթությունները։ Իրանական ուղղությունը շարունակում է մնալ առաջնահերթ։

Թրամփի վարչակազմում կարծում են, որ կկարողանան Թեհրանին ստիպել նստել բանակցային սեղանի շուրջ, կամ նույնիսկ բերել կղերապետության վախճանին։ Այս տարվա երրորդ եռամսյակում նման բան տեղի չի ունենա։ Թրամփը կփորձի զսպվածություն ցուցաբերել ու խուսափել Իրանի հետ չափազանց ծախսատար ռազմական հակամարտությունից։ Հնարավոր է, որ ամերիկյան զինուժը նույնիսկ համաձայնի պատժիչ գործողություններ իրականացնել ընդդեմ Իրանի։