Արցախի «Գոլանը»

Արցախի «Գոլանը»

ԱՄՆ նախագահ Թրամփը, ներկայության Իսրայելի վարչապետ Նաթանյահուի, ստորագրել է Գոլանի բարձունքները հրեական պետության ինքնիշխան տարածք ճանաչելու մասին հռչակագիրը: Եվրամիությունը եւ Ռուսաստանը կտրուկ դեմ են արտահայտվել, իսկ Թուրքիան մտադիր է խնդիրը քննարկման դնել ՄԱԿ-ում: Վերջինս դեռեւս 1981 թվականին է Գոլանի բարձունքները ճանաչել Իսրայելի կողմից օկուպացված եւ վերահաստատել տարածքի նկատմամբ Սիրիայի լիակատար իրավազորությունը: Դամասկոսը, ի դեպ, հայտարարել է Գոլանի բարձունքներն ամեն գնով վերադարձնելու պատրաստակամության մասին: Գոլանի բարձունքներն Իսրայելի վերահսկողությանն են անցել 1967թ. արաբա-իսրայելական վեցօրյա պատերազմի արդյունքում:

Թրամփի որոշման առթիվ հայկական մամուլում մի շարք հրապարակումներ են հանդիպում: Դրանց հիմնական ուղղվածությունն այն է, որ աշխարհում սկիզբ է առնում իրողությունների ճանաչման գործընթաց: Այս համատեքստում խոսվում է Արցախի փաստացի սահմանների միջազգային ճանաչման հնարավորությունից, որն այսօր մեծ չէ, բայց վաղը կարող է դառնալ միանգամայն առարկայական: Ոչինչ, իհարկե, բացառելի չէ: Այդուհանդերձ, գործ ունենք իրավիճակի հետ, երբ Արցախի «Գոլանի» խնդիրը, կարծես, ավելի հաջողությամբ է լուծված, քան Իսրայելի դեպքում Միացյալ Նահանգների միակողմանի որոշումն է: Խոսքն այն մասին է, որ 1992թ.-ին տեղի է ունեցել Հայաստանի եւ Արցախի փաստացի վերամիավորում, ինչը միջազգայնորեն չի դատապարտվել:

Միջազգային հանրությունը ներկայումս առաջարկում է ԼՂ կարգավորման մի հայեցակարգ, որը նախատեսում է Հայաստանի եւ Արցախի միջեւ ցամաքային ուղղակի սահման: Միջնորդները, իհարկե, դա անվանում են միջանցք: 1997թ. առաջարկություններում խոսքը վերաբերում էր ամբողջությամբ Լաչինի շրջանին: Անկախ Հայաստան-Արցախ ցամաքային սահմանի պարամետրերի միջազգային ընկալումից, փաստն այն է, որ այդ իրողությունը ճանաչվում է: Այդ թվում եւ՝ Ադրբեջանի կողմից: Այս իմաստով Արցախի «Գոլանի» շուրջ հնարավոր են բանակցային այնպիսի դրսեւորումներ, որոնք միջազգային հանրության համար ընկալելի կդարձնեն Հայաստան-Արցախ ցամաքային շփման ավելի ընդգրկուն սահմաններ՝ ներառելով նաեւ Քելբաջարի շրջանը: Չպետք է մոռանալ, որ Գոլանի նկատմամբ իրավազորություն հռչակելուն զուգահեռ Իսրայելը Եգիպտոսին է վերադարձրել ամբողջ Սինայի թերակղզին: