Արդարացված էր հանրության դժգոհությունը

Արդարացված էր հանրության դժգոհությունը
Արսեն Ջուլֆալակյան

«Իմ քայլը» խմբակցությունը ԱԺ-ում փակ նիստ էր հրավիրել, «բերման էին ենթարկել» ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին, որ բացատրություն տա վերջին օրերին քննարկվող բազմամիլիոնանոց պարգեւավճարների շուրջ։ Նիստից հետո զրուցեցինք պատգամավոր, հայտնի ըմբշամարտիկ Արսեն Ջուլֆալակյանի հետ։ Նա ասաց, որ Անանյանը բացատրել է, թե ինչ է տեղի ունեցել, հիմա մնում է, որ իրենք անեն իրենց քայլերը։

- Ի՞նչ քայլեր եք անելու, քանզի հիմա շատ է քննադատվում, որ նախկիններն էլ էին նույնն անում։

- Դե, էդ արդեն պետք է մենք շարունակական, մյուս հանդիպումների ժամանակ… հիմա միայն իրեն ենք լսել, դեռ որոշում չունենք կայացրած՝ ինչպես պետք է վարվենք։

- ՊԵԿ նախագահի բացատրությունները բավարարեցի՞ն ձեզ, նորմա՞լ է, որ 8-9 միլիոն դրամի պարգեւավճար են տվել։

- Մենք չենք ասել՝ նորմալ է։ Մենք լսեցինք իրեն, մենք նույն մտահոգությունները հայտնեցինք, ինչ որ դուք եք հիմա հայտնում՝ լրագրողները, հասարակությունը։ Մենք չէինք բերել, որ ասեինք՝ դուք ճիշտ եք արել, մենք ամբողջ հասարակության դժգոհությունը բարձրացրեցինք տարբեր պատգամավորներով։

- Հնարավո՞ր է՝ ձեր խմբակցությունը քաղաքական գնահատականով հանդես գա։

- Քաղաքական գնահատականը՝ չգիտեմ, բայց հաստատ առաջարկություններով հանդես ենք գալու, ինչ-որ փոփոխություններ…

- Դուք է՞լ եք համարում, որ այս դեպքում նոր իշխանությունը նման էր հին իշխանությանը։

- Ոչ թե ուզում եմ նախորդ իշխանությանը նմանեցնել, այլ համոզված եմ, որ որոշակիորեն արդարացված էր հանրության մեջ էդ դժգոհությունը, եւ պետք է էնպես անել, որ բալանսավորվի, որ ե՛ւ աշխատավարձ ստացողը, ե՛ւ պարգեւավճար ստացողը չտուժի դրանից, արժանի չափով ստանա, ե՛ւ հասարակությունը դժգոհ չմնա էդ չափից։

- Նիկոլ Փաշինյանը նեղանում է, թե ինչու ենք իրենց համեմատում հների հետ։ Տրամաբանակա՞ն չեն այդ համեմատությունները, երբ նման երեւույթներ կան։

- Տեսեք, որոշակիորեն արդարացված է էդ հարցադրումը, թե ինչու եք նմանեցնում։ Սկսած նույն էդ խաշի թեմայից, հա՞։ Ես միշտ էդ թեմային հետեւում էի, թե մամուլում ինչպես են դրան արձագանքում։ Տեսեք, սովորական մի բան։ Եկեք մի պահ հեռանանք էն պահից, որ սա ԱԺ-ն է, կառավարությունը։ Ցանկացած կոլեկտիվում չէ՞ որ պետք է լինի էդ միջոցառումը, որտեղ կոլեկտիվի մեջ իրական ջերմություն եւ վստահություն է ձեւավորվելու, չէ՞։

- Շատ լավ, իսկ ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանի օրոք լրագրողներին չէր քննադատում, երբ գրում էինք ՀՀԿ-ականների քեֆերի մասին։

- Գիտե՞ք ինչով էր տարբերվում մեր քեֆը նախորդներից, չնայած որ նախորդների հետ նեղ շրջանակով քեֆերին չեմ մասնակցել։ Մերը ամեն ինչ շատ զուսպ էր, ամեն ինչ մեր միջոցներով էր, այսինքն՝ մենք ենք վճարել Ձեր նշած այդ «միջոցառման» համար, որովհետեւ դա միջոցառում չէր, դա ավելի լավ իրար ճանաչելու, մարդկանց բնավորությունները հասկանալու, ամուր, պինդ ընկերություն ձեւավորելուն էր ուղղված։

- Նույնն էլ ՀՀԿ-ականների դեպքում էր։ Նրանք էլ հավաքվում էին  ու քեֆ անում։

- Հանրապետականները՝ ես չգիտեմ, թե որտեղից են վճարել, ինչ են արել, ով է վճարել։

- Իրենց գրպանից են վճարել։

- Չէ, կասկածում եմ, որ իրենց գրպանից, չնայած որ չունեմ հավաստի փաստեր։

- Բազմաթիվ օլիգարխներ ունեին, չէ՞ր կարող մեկնումեկը վճարել։

- Ամեն դեպքում, իմ հարցը հենց նաեւ Ձեզ է ուղղված՝ մի՞թե վատ է, երբ կոլեկտիվը միջոցառում է անում՝ իրար լավ հասկանալու համար, եւ այդ ամեն ինչն անում է սեփական գրպանից, շատ մեղմ, շատ զուսպ միջոցներով, առանց որեւիցե ճոխությունների։

- Անձամբ ես կարծում եմ, որ շատ լավ է, հրաշալի է, թող բոլորը կարողանան կազմակերպել քեֆ-ուրախություններ։

- Քեֆ-ուրախությունը, ի դեպ, եղել է ոչ աշխատանքային օր, կիրակի օրն է եղել եւ տեւել է ընդամենը չորս ժամ։

- Լավ, վա՞տ է, որ մամուլը գրում է այդ մասին, ինչպես նախկինում էր գրում։

- Չէ, ես չեմ գտնում, որ դա վատ է։ Ուղղակի դարձնել դա մի ամբողջ շաբաթվա կամ թեկուզ երեք-չորս օրվա գլխավոր թեմա եւ փորձել վերլուծություններ անել դրանից, դա է վատ։

- Բայց մենք չենք դարձրել, Նիկոլ Փաշինյանն է դա դարձրել գլխավոր թեմա՝ արձագանքելով։ Երկրում բազմաթիվ խնդիրներ կան, բայց նա անդրադարձավ խաշի թեմային։ 

- Որովհետեւ շատ մեծ աղմուկ էր բարձրացել։ Շատ լուրջ քննարկում էր՝ առնվազն գոնե սոցցանցերում։

- Նորմալ է, ՀՀԿ-ի օրոք էլ էր աղմուկ բարձրանում։

- Չէ, իմ հարցն ուրիշ է՝ մի՞թե դա էր էն ամենակարեւոր հարցը, որ էդքան պետք է անդրադառնար մամուլը։

- Ոչ, բնականաբար։ Մամուլը բազմաթիվ կարեւոր հարցերի է անդրադառնում, քննադատում, որոնց Փաշինյանն ու նրա իշխանությունը չեն արձագանքում։

- Օրինակ՝ ո՞ր թեմային մենք չենք անդրադառնում։

- Բազմաթիվ հարցերի՝ տնտեսական քաղաքականությունից սկսած մինչեւ արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր, որոնք Նիկոլ Փաշինյանը կարող է անտեսել, բայց խաշի թեմային հատուկ անդրադարձավ։

- Ես, ճիշտն ասած, չեմ մտաբերում մի մտահոգիչ, շատ կարեւոր հարց, որին չենք անդրադարձել։ Բնականաբար, ես չեմ կարող պարոն Փաշինյանի փոխարեն պատասխանել, բայց ենթադրում եմ՝ նրա անդրադարձը եղավ՝ զուտ ելնելով այն բանից, որ շատ մեծ արձագանք էր ձեռք բերել, եւ նաեւ պետք է գնահատել դա, որ չի թողնում մարդը, որ այդ դժգոհությունները կուտակվեն։ Լավ չի՞, երբ բացատրություն ես ստանում քեզ մտահոգող հարցերի վերաբերյալ։