Մի փամփուշտ ու մի վկա. Կախյանն ասել է, որ կկտրի երակները, եթե անարդար դատավճիռ լինի

Մի փամփուշտ ու մի վկա. Կախյանն ասել է, որ կկտրի երակները, եթե անարդար դատավճիռ լինի

Մեկ մարդու համար շատ չէ՞ այսքան դարդը․ առաջին հարցն է, որ առաջանում է դատապարտյալ Արմեն Կախյանի պատմությանը ծանոթանալիս։ 26 տարեկանում ամբողջ ընտանիքի սպանդը վերապրած երիտասարդը կալանավայրում է, ինչպես ինքն է վստահեցնում, չկատարած հանցանքի՝ դիտավորյալ սպանության համար։ Նրա գործով նիստերը նշանակվում են ամիսը մեկ։ «Եղել է, որ 7 ամսով նիստ չի նշանակվել»,- ասում է նրա հարազատներից Սեյրան Սաֆարյանը։ Երեկ Լոռու դատարանի հերթական նիստը չկայացավ եւ կրկին հետաձգվեց մեկ ամսով։ Դատավարությունը սկսվել է մոտ 3 տարի առաջ եւ ոչ մի կերպ չի ավարտվում։ Սաֆարյանը վստահեցնում է, որ Արմեն Կախյանը ծայրահեղ վատ հոգեվիճակում է։ Հարազատները վախենում են, որ նա կարող է ինքնասպան լինել։ 

Կախյանների տունը՝ փորձանքի խորհրդանիշ

Արմեն Կախյանը գործարար էր։ 25 տարեկանում ռեստորան ուներ, խանութներ, շուկա, հացի արտադրամաս։ Ժամանակին նա նույնիսկ մեծահարուստ էր համարվում Լոռվա մասշտաբով։ 2000 թվականին նա ընտանիքի հետ հայտնվեց մութ հանցագործությունների հորձանուտում, որոնք մինչ օրս բացահայտված չեն։ Հունվարի 28-ին՝ գիշերով, մարդասպանը մտել էր Վահագնի գյուղում գտնվող Կախյանների տունը եւ գնդակահարել Արմենի հորը, մորը, կնոջը, աղջկան, հարսին եւ երկու նորածին երեխաներին: Սպանությունից առաջ նա անջատիչը՝ «ռուբիլնիկը», քաշել է ու մթան մեջ տեսել իր սեւ գործը։ Ընտանիքից մնացել էին Արմենի քույրը եւ ինքը, ընդ որում՝ ինքը մեկնած է եղել Վրաստան։ Մինչ օրս ոճրագործը հայտնի չէ։ Վանաձորում այս դեպքը կապում էին նախկին պատգամավոր, քրեական հեղինակություն Էդիկ Մարտիրոսյանի հետ՝ «Ճաճոյի Էդո» մականունով, խոսում էին արյան վրեժի մասին։ 2004-ին Ճաճոյի Էդոյի ավտոմեքենան գնդակոծվեց Վանաձոր-Ալավերդի ճանապարհին։ Նախկին պատգամավորը, նրա որդին եւ ազգականը սպանվեցին, եւ այս հանցագործությունը եւս չբացահայտվեց։ 2016 թվականին այրեցին Կախյանների տունը, որը Լոռու մարզում ընկալվում է որպես դժբախտության խորհրդանիշ։ Ասում են, որ Արմեն Կախյանի որդու դեմ նախօրեին մահափորձ էր եղել՝ կրկին չբացահայտված դրվագ։ 

Մինչև  սատկելդ իմացի, որ ես եմ ասել ռուբիլնիկի տեղը 

Վանաձորում ոմանք համարում են, որ սպանությունը, որի համար մեղադրում են Արմեն Կախյանին, արյան վրեժի շղթայի օղակներից է։ Մյուսները վստահեցնում են, որ սա նոր փորձանք է, կապ չունի անցյալի հետ։ Արմենը մեղադրվում է իր համագյուղացի Նվեր Քոչինյանին դիտավորյալ սպանելու մեջ։ Քոչինյանն ու Արմեն Կախյանը բիզնես գործընկերներ են եղել, միասին աշխատել են Ռուսաստանում։  Հետագայում ֆինանսական վեճ են ունեցել, որն էլ ողբերգական ավարտ ունեցավ։ 

Ըստ մեղադրանքի, Արմեն Կախյանն ապօրինի կերպով ձեռք բերած եւ պահած հրազեն հանդիսացող ակոսափող տեսակի ատրճանակով 2016 թվականի փետրվարի 22-ին Վահագնի գյուղում, ՌԴ-ում փայտանյութ վաճառելու շուրջ առաջացած տարաձայնությունների պատճառով, վիճաբանել է համագյուղացի Նվեր Քոչինյանի հետ եւ վիճաբանության ընթացքում կրակելով նրա գլխին՝ սպանել։ 

«Բացի այդ, Արմեն Կախյանը, գտնվելով հետախուզման մեջ, 2016 թվականի փետրվարի 22-ից մինչեւ հունիսի 25-ն ընկած ժամանակահատվածում չպարզված վայրով, առանց սահմանված փաստաթղթերի հատել է Հայաստանի Հանրապետության սահմանը, ինչից հետո՝ 2016 թվականի հունիսի 25-ին, հայտնաբերվել է Վրաստանի Հանրապետությունում»,- ասվում է Կախյանի մեղադրականում: Նրա հարազատները եւ փաստաբանը վստահեցնում են, որ Կախյանը կրակել է ոչ թե  սպանելու դիտավորությամբ, այլ անհրաժեշտ ինքնապաշտպանությունից դրդված, եւ որ հարձակվողը Քոչինյանն է եղել։ 

Լավ ու վատ օրերին իջնում էր ձորը, գերեզման՝ ծնողների հետ կիսվելու

Արմեն Կախյանի հարազատները պատմում են, որ նա Ռուսաստան էր մեկնել եւ այնտեղ նոր կյանք սկսելու մտադրություն ուներ։ 2016 թվականի փետրվարի 20-ին եկել էր մի երկու օրով՝ որդուն բժշկի տանելու նպատակով։ Ապա հեռանալու էր ընդմիշտ։

«Արմենը, իրա խասյաթի համաձայն, լավ ու վատ օրերին իջնում էր ձորը, գերեզման՝ ծնողների հետ կիսվելու։ Էդ օրն էլ ավտոյով իջնելուց ա եղել, Նվերն ավտոյով կտրել ա առաջը, հարբած վիճակում, վիճել ա հետը, գերեզմանին ուշունց ա տվել, ասել ա՝ մինչեւ սատկելդ իմացի, որ ես եմ ասել ռուբիլնիկի տեղը։ Արմենը դրանից հետո էլ կռվի մեջ չի մտել, մինչեւ որ Նվերը զենքը քաշել ա Արմենի վրա, սա էլ ձեռքը թեքել ա, ու կրակվել ա։ Նա առաջ էլ է ունեցել Նվերի հետ տարաձայնություններ, վեճեր, կռիվներ, բայց երբեք բանը չի հասել թշնամության։ Միամիտ ձեռքը կպել ա»,- պատմում է Կախյանի հարազատներից Սեյրան Սաֆարյանը՝ վստահեցնելով, որ իրենք նաեւ դատախազին են դիմել, փորձել են բացատրել գործի իրական հանգամանքները։ 

Հայտնվեցի հորս հուշաղբյուրում, տեսա, որ ձեռքիս է զենքը

Արմեն Կախյանի դեմ երկու ապացույց կա՝ ականատես վկա, սպանվածի ազգական Բեգո Քոչինյանի ցուցմունքը եւ Արմեն Կախյանի մեքենայի միջից գտած փամփուշտը, որն ապացուցում է, որ նա կրակել է։ Կախյանի շահերը պաշտպանող փաստաբան Ռուբեն Հակոբյանն ասում է, որ Բեգո Քոչարյանը մի անգամ ցուցմունք է տվել, որից հետո անհետացել է։ «Մենք պահանջել էինք, որ նրան առերեսման բերեն, որ մեր հակընդդեմ հայցման իրավունքն ապահովվի, բայց դատարանը չի կարողանում ապահովել նրա ներկայությունը՝ օբյեկտիվ պատճառներով։ Վկան փախած է։ Հասցեն չեն կարողանում ճշտել, Ինտերպոլով հարցումներ են անում, չեն կարողանում ճշտել։ Ստացվում է՝ երեք հոգի են ականատես եղել դեպքին՝ մահացողը, Արմենը եւ Բեգոն։ Նրանցից ցուցմունք է տալիս միայն Արմենը, նրա ասածները հերքող ապացույց չկա»։ Հարցին, թե ինչպես է Կախյանը բացատրում, որ ատրճանակի փամփուշտն իր մեքենայում են հայտնաբերել, փաստաբանը պատասխանեց․ «Ասում է՝ քաշքշուկի մեջ չի նկատել, որ զենքն իր մոտ է մնացել։ Հնարավոր է, որ մեքենայի մեջ լիցքավորել է, ու փամփուշտ է ընկել միջից։ Նա ասում է, որ չի հասկացել, թե ինչ է անում, ուր է գնում, հետո է ուշքի եկել։ Ասում է՝ հայտնվեցի հորս հուշաղբյուրում, տեսա, որ ձեռքիս է զենքը»։  

Կախյանը հարազատներին ասել է, որ կա՛մ արդարության է հասնելու, կա՛մ կտրելու է երակները։ Նրանք անհանգիստ սպասում են հաջորդ դատական նիստին, որը նշանակված է ապրիլի 17-ին։ 

ՀԳ․ Տուժողի իրավահաջորդի շահերը ներկայացնում է հանրային պաշտպան Սասուն Մխիթարյանը։ Մենք չկարողացանք լսել նրան։ Ակնկալում ենք, որ նրա դիրքորոշմանը եւս կանդրադառնանք։