ԱԻՆ տեխանվտանգության ՊՈԱԿ-ի տնօրենի փեսան ապօրինի գազալցակայան է կառուցել

ԱԻՆ տեխանվտանգության ՊՈԱԿ-ի տնօրենի փեսան ապօրինի գազալցակայան է կառուցել

Արտակարգ իրավիճակների նախարարության «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վարդան Գեւորգյանը, լինելով գազալցակայանների փորձաքննություն եւ պետական հսկողություն իրականացնող մարմնի ղեկավար, ապօրինի շինարարություն է իրականացնում։ Այս մասին մեզ հայտնեցին Եղվարդի բնակիչները։

Ըստ մեզ հասած տվյալների, Եղվարդի Զովունի 1 փողոց, 211/4 հասցեում Վարդան Գեւորգյանը կամ նրա բարեկամները կառուցում են գազալցակայան, որը գտնվում է ուղիղ մայթի վրա։ Օբյեկտը կառուցվում է Գեւորգյանի մորը պատկանող հողակտորի վրա։

Շինարարությունն իրականացվում է առանց համապատասխան փաստաթղթերի։ Այն իրականացնողները չունեն թույլտվություններ մարզպետարանից, քաղաքաշինության կոմիտեից, հրդեհային անվտանգության մարմիններից։ Չնայած դրան, նշված վայրում բուռն աշխատանքային եռուզեռ է։ 

Եղվարդցիների ահազանգը հասցրինք Վարդան Գեւորգյանին։ «Հրապարակի» հետ զրույցում նա ասաց, որ ոչ թե ինքն է գազալցակայան կառուցողը, այլ՝ իր փեսան։ 

«Ես այդ շինարարության հետ կապ չունեմ, դա իմ փեսայինն է։ Այնտեղ տարբեր օբյեկտներ է նա կառուցել, կցակառույցներ կան նաեւ»,- ասաց նա։ Հարցին, թե ով է իր փեսան, արտակարգ իրավիճակների նախարարության «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենը չպատասխանեց, սակայն վստահեցնում էր, որ իրականում փեսան ունի օբյեկտ կառուցելու համար բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը։ «Զանգեք գյուղապետարան՝ կհամոզվեք»,- ասաց Գեւորգյանը։ 

Թե ով է նրա փեսան, ասաց Եղվարդի համայնքապետարանի հողհատկացումների բաժնի պետ Արշակ Պետրոսյանը։ «Նրա անունը Հայկ է։ Գեւորգյանն ի՞նչ գործ ունի դրա հետ»,- ասաց Պետրոսյանը։ Նա հաստատեց, որ հողակտորը, որի վրա կառուցապատումն արվել է, պատկանում է Վարդան Գեւորգյանի մորը՝ Էմմա Մխիթարյանին։

Ըստ Արշակ Պետրոսյանի, սակայն, փաստաթղթերի հետ խնդիր չկա։ «Արդեն կառուցապատվել-ավարտվել է, հիմա դրա օրինականացման խնդիրներն են լուծվում, պետական կառավարական որոշումներով՝ ոնց նախատեսված է։ Տույժ-տուգանքները վճարել է։ Մենք ժամանակին արձանագրել ենք, որ նա ապօրինի կառույց է անում, հիմա տուգանքները վճարված են»,- ասաց Պետրոսյանը։ 
Թե երբ է ինքն արձանագրել, որ շինարարությունն ապօրինի է, չէր հիշում։ «Էս վերջերս։ Մի քանի օր առաջ է ավարտվել շինարարությունը»,- ասաց նա։ 

Փաստորեն, արտակարգ իրավիճակների նախարարության «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի փեսան, նախ, օրենքի խախտումով գազալցակայան է կառուցել, որի տեխնիկական անվտանգության համար պատասխանատվություն է կրում հենց իր աներոջ նախարարությունը, իսկ հետո քառակուսի մետրով վճարել է սահմանված տուգանքները եւ օրինականացրել օբյեկտը։ 

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմինն այս մասին ոչինչ չգիտի։ Մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանը «Հրապարակի» հետ հեռախոսազրույցում ասաց, որ ինքն էլ է ստացել Եղվարդում կառուցված նոր գազալցակայանի վերաբերյալ ահազանգ եւ արդեն ուղարկել է համապատասխան ստորաբաժանման աշխատողներին՝ ուսումնասիրություն կատարելու։

«Տարածքային բաժնից կգնան, կստուգեն փաստաթղթերի առկայությունը։ Եթե նույնիսկ դրանք առկա են, բայց չեն համապատասխանում նորմատիվ փաստաթղթերին, վարչական վարույթ ենք իրականացնելու, անկախ նրանից, թե ով է իրականացրել փորձաքննությունը, ումն է այդ օբյեկտը»։ 
Հիշեցնենք․ ԲՀԿ-ական Վարդան Գեւորգյանը 2017 թվականին հեռացվել էր «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի վարչական տնօրենի տեղակալի պաշտոնից, եւ քրեական գործ էր հարուցվել մեծ քանակությամբ բենզինի հափշտակության գործով: