Երկրի առաջին դեմքը վախենալու բաներ չունի

Երկրի առաջին դեմքը վախենալու բաներ չունի

«Հրազդան» հեռուստաընկերության տնօրեն Մնացական Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Նոր մշակույթ է մտել մեր երկիր: Հենց նոր Աբովյան փողոցի աջ մայթով իջնում էի ներքև, բացօդյա սրճարանի սեղաններից մեկում տեսա մի տղամարդու և կնոջ, ուրիշ մարդ չկար շրջապատում: Նայեցի տղամարդուն, դեմքը ծանոթ էր, կնոջ դեմքն էլ էր ծանոթ:Ուշադիր նայեցի երկուսին էլ: Նիկոլ Փաշինյանն էր և Աննա Հակոբյանը: Սրճում էին: Նրանց կողքին կամ թեկուզ հեռու թիկնապահներ չկային: Փաշինյանի դեմքին և աչքերում վախի կամ տագնապի ոչ մի նշույլ չտեսա: Աննայի դեմքին կարծես թե տագնապ կար. կին է վերջապես:

Նիկոլը հազարավոր չարակամ , գուցե և թշնամի ունի, բայց չի վախենում: Սովորաբար մարդիկ վախենում են, երբ գիտեն, որ վախենալու բաներ ունեն: Երկրի առաջին դեմքը վախենալու բաներ չունի: Սա իսկապես լեգենդ է: Ես ապրել եմ հին, կոմունիստական ժամանակները, երբ շրջկոմի քարտուղարի մենակ, ոտքով քայլելն անգամ իրադարձություն էր, չեմ խոսում նախորդ իշխանության այսպես կոչված լիդերների մասին, որոնք մարդամեջ մտնելու համարձակություն չունեին անգամ թիկնազորի ուղեկցությամբ:

Վախենում էին, որովհետև գիտեին, որ վախենալու բաներ են արել: Մեկ ուզեցա մոտենալ, հարցնել, թե ճանաչում է ինձ: Բայց ինչու պիտի ճանաչի, կարևորը՝ ես նրան ճանաչեցի, ամեն մի անցորդ ճանաչում է նրանց, բոլորն էլ հեռվից ձեռքով էին անում, երջանկացած ժպտում , հեռանում: Այո, նոր մշակույթ է մտնում մեր երկիր: