Մարդ կա՝ կարող է վախենալու բան գտնի վարչապետի հայտարարությունների մեջ

Մարդ կա՝ կարող է վախենալու բան գտնի վարչապետի հայտարարությունների մեջ

Նոր խորհրդարանի տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ ընտրվեց «Իմ քայլից» ընտրված պատգամավոր, մինչ այդ տնտեսական լրագրող Բաբկեն Թունյանը։ Բաբկեն Թունյանը գիտակցում է պատասխանատվությունը, որ բարդ հանձնաժողով է ղեկավարելու, իր վրա դրված բեռն էլ մեծ է լինելու, բայց արդեն համաձայնել է եւ հետքայլ չունի։

Թունյանին հիշեցրինք, որ նախորդ կառավարությունից մնացած հին ու փորձառու պաշտոնյաներ կան, որոնք նաեւ շատ խորամանկ են եւ կարող են այնպիսի նախագծեր բերել, որոնց տողատակերում մանիպուլյացիաներ թաքնված լինեն։ Վստա՞հ է, որ կկարողանա դրանք հայտնաբերել, ճիշտ հակադարձել, թույլ չտալ մոլորեցնել իրեն։
«Առավել քան վստահ եմ, որովհետեւ էդ հանձնաժողովի աշխատանքը միանձնյա աշխատանք չէ, թիմային աշխատանք է, եւ էդ թիմը չի սահմանափակվում միայն էն մարդկանցով, ովքեր, ասենք, հանձնաժողովի կազմում են լինելու։ Կա ավելի լայն թիմ, տարբեր հարթակներ, որոնց ականատես կլինենք։ Էնպես որ, եթե էդպիսի փորձեր լինեն, չեմ կարծում, որ շատ կլինեն, բայց եթե էդպիսի բաներ լինեն՝ թաքնված վտանգներ, ռիսկեր, չենք թողնի, որովհետեւ Ազգային ժողովի գլխավոր ֆունկցիան նաեւ դրանով եմ տեսնում, որ բոլոր էդ թաքնված ռիսկերի, խութերի դեմն առնենք»,- մեզ հետ զրույցում ասաց Բաբկեն Թունյանը։

- Պատկերացնո՞ւմ եք, թե առաջիկայում ինչ նախագծեր եք քննարկելու, ենթադրաբար՝ առաջինը Հարկային օրենսգրքում փոփոխությունների նախագիծն է գալու խորհրդարան։

- Ենթադրում եմ, որ առաջինը հենց Հարկային օրենսգիրքը կգա, իսկ թե մենք առանձին ինչ նախաձեռնություններ կներկայացնենք, չեմ ուզում էդ մասին շատ մանրամասն խոսել, որովհետեւ հնարավոր է՝ դու ինչ-որ մի նախաձեռնության մասին մտածում ես, բայց քանի որ ունես ինֆորմացիայի պակաս, կարող է մի քիչ ավելի հետաքրքրվես ու հասկանաս, որ էդ նախաձեռնության կարիքը չկա կամ դա փոխելու կարիքը կա։

- Այս ութ ամիսների ընթացքում շատ քննադատվեց Նիկոլ Փաշինյանի կառավարության վարած տնտեսական քաղաքականությունը, որ տնտեսությունն անկում է ապրում, համեմատում են ցուցանիշները նախորդ տարվա հետ եւ այլն։

- Տնտեսական ցուցանիշները միշտ կարելի է նայել երկու կողմից, ինչպես որ բաժակը, որ կիսով չափ լիքն է կամ կիսով չափ դատարկ։ Եթե մենք ուզում ենք գնահատել՝ անցումային կառավարությունը հաջողել է, թե ոչ, պիտի հասկանանք, թե տնտեսության մեջ ինչ գերխնդիր են դրել։ Գերխնդիրը տնտեսությունը ցնցումներից զերծ պահելն է, որովհետեւ սովորաբար քաղաքական լուրջ փոփոխություններին հաջորդում են ֆինանսական փլուզումներ, հիպերինֆլյացիա, հաջորդում է տնտեսության անկում, կապիտալի փախուստ։ Ու եթե մենք էսօր ունենք աճի դանդաղում, ո՛չ անկում, ապա դա նշանակում է, որ կառավարությունն իր ֆունկցիան կատարել է։

- Բայց կապիտալի փախուստ էլ ունենք, քանզի բազմաթիվ դեպքեր էլ կան, երբ մարդիկ հայաստանյան բանկերից իրենց գումարները տեղափոխում են։

- Կապիտալի որոշակի փախուստ ունենք, բայց հիմա եթե մենք նայում ենք Կենտրոնական բանկի ցուցանիշները, ասենք՝ արտարժույթի փախուստ որոշ ժամանակ նկատվել էր, հիմա ոչ միայն հետ է եկել էդ մակարդակին, այլեւ գերազանցում է։ Ընդ որում, էդ կապիտալի փախուստը ոչ թե համատարած էր, այլ պայմանավորված էր երեւի մի քանի կոնկրետ փողատերերի վարքագծով՝ հանել են, հետո բերել` դրել են տեղը։

- Արդյոք դա քաղաքական լարված մթնոլորտի հետեւա՞նք չէր, ի վերջո, ներքաղաքական անկայուն վիճակը սովորաբար ազդում է տնտեսության վրա։

- Ներքաղաքական անկայուն վիճակը միշտ ազդում է։ Մենք, ցավոք սրտի կամ բարեբախտաբար, ֆոնդային բորսա չունենք, որ միանգամից զգանք այդ տատանումները, բայց եթե էն, ինչ ունեցել ենք, այսինքն՝ էդ ավանդները, որ մարդիկ որոշ ժամանակով հանել են, հետո նորից դրել են, կարող ենք ասել, որ ազդեցություններից ամենամեծը հենց դա էր, որը հիմա արդեն չեզոքացել է։

- Գործարարների հետ իմ ունեցած զրույցներից կարող եմ ասել, որ նրանք ասում են՝ իրենք իրենց այսօր պաշտպանված չեն զգում նոր Հայաստանում, որովհետեւ ասում են՝ եթե վարչապետը հայտարարում է, թե ճնշել են՝ Սաշիկ Սարգսյանը բանկում 30 մլն դոլար փող ունի, ուրեմն մտածում են՝ վաղը իրենց գումարներն էլ կարող են ճշտել՝ շրջանցելով բանկային գաղտնիքը, հետեւաբար, իրենք իրենց պաշտպանված չեն զգում։

- Էդ մտավախությունը եթե գործարարների մոտ կա, ես հենց Ձեր միջոցով էլ կոչ կանեմ՝ ովքեր էդպիսի մտավախություն ունեն, թող կապ հաստատեն, հասկանանք՝ կոնկրետ ինչից են վախեցած։

- Վարչապետի հայտարարություններից են վախեցած։

- Մարդ կա՝ կարող է վախենալու բան գտնի վարչապետի հայտարարությունների մեջ, մարդ կա՝ կարող է վախերը փարատելու բաներ գտնի։ Ամեն դեպքում, բանկային գաղտնիքը կարեւոր բան է։

- Ի դեպ, որպես իշխող քաղաքական թիմի մասը կազմող պատգամավոր՝ տեղյա՞կ եք, թե ինչ եղավ Սաշիկի 30 միլիոնի այդ պատմությունը։

- Չեմ կարող ասել։ Ես քաղաքական թիմի մաս եմ, բայց ոչ ամեն ինչին եմ տեղյակ։

- Հարկային օրենսգրքի փոփոխությունների մասո՞վ ինչ եք մտածում, քանզի հիմա էլի դժգոհություններ կան հատկապես ռեստորանային բիզնեսի ներկայացուցիչների կողմից։

- Դուք որ նշեցիք էդ խնդիրները, դրանք իրականում խնդիրների մի փոքր մասն են։ Հարկային օրենսգիրքը շատ մեծ խնդիրներ է իր մեջ պարունակում։ Կբերեն Ազգային ժողով, էդ ժամանակ ավելի կոնկրետ կխոսենք։ Ամեն դեպքում համոզված եմ, որ էդտեղ ահագին փոխելու, ահագին աշխատելու բան կա։ Բայց ռեստորանների հարցում իմ դիրքորոշումն այն է, որ պետք է ավելի ճկուն մոտեցում ցուցաբերվի, ավելի լավ է էսօր պետական բյուջեն մի քիչ ավելի քիչ ստանա, բայց ոլորտը շնչելու հնարավորություն ունենա, որը հետո ավելի մեծ հարկային եկամուտներ կապահովի։ Ես որքան գիտեմ՝ հարցը հիմա քննարկման փուլում է, բայց վերջնական որոշում դեռ չի կայացվել։ Քննարկումների արդյունքում համոզված եմ, որ փոխադարձ ընդունելի լուծում կգտնվի։

- Եթե կառավարությունը, ամեն դեպքում, որոշի, որ պետք է մեծացնել ճնշումը ռեստորանային բիզնեսի վրա, հնարավո՞ր է Դուք ընդդիմանաք դրան, ասեք՝ մինչեւ չփոխեք, չեմ ընդունի։

- Հնարավոր է, ինչո՞ւ չէ։ Բայց ես, լինելով հանձնաժողովի նախագահ, ընդամենը մի ձայն ունեմ։ Ես կարող եմ իմ մի ձայնով ընդդիմանալ։ Իմ դիրքորոշումը փոխել կարող է միայն մասնագիտական կարծիքը։